կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 15:37
Առանց Կատեգորիա

Փաստարկ չունեցողների զորահանդեսը

Փաստարկ չունեցողների զորահանդեսը

Նորվեգացի ահաբեկչին հիշում եք` դատապարտում էր բազմամշակութայնությունը: Եվ ի՞նչ արեց` գնդակահարեց 77 հայրենակցի: Այսինքն` բազմամշակութայնության դեմ առաջարկեց` «մշակույթներից» ամենանախնականը` սպանությունը: Այսինքն` ահաբեկիչը չէր ուզում, որ նորվեգացի պատանին, ասենք, եմենցի պատանու հետ նստի, վեր կենա, որովհետեւ եմենցին մահմեդական է, հակված չէ յուրացնել արեւմտյան արժեքները:

 

Բրեյվիկը համոզված էր, որ չյուրացնելը մահմեդականների արյան մեջ է, որովհետեւ այն, ինչ նրանք գիտեն, չեն սովորել, մոր կաթից են ստացել: Եթե մոլեռանդ են, ապա ի ծնե, եթե, իմամից բացի, այլ արժեք չեն ճանաչում, ապա` ի ծնե, եթե Ղուրանով ամրագրված է, որ անհավատը` քրիստոնյան, հուդայականը, բուդդիստը, պետք է մեռնի, ուրեմն, ըստ եմենցու, պետք է մեռնի: 21-րդ դարի ահաբեկչության պատմությունը նորվեգացի մարդասպանին հենց դա է հուշել:

 

Այսպիսով` բարձր գաղափարները արյուն են ուզում, որովհետեւ ե'ւ մահմեդականը, ե'ւ քրիստոնյան, ե'ւ հուդայականը, ե'ւ բուդդիստը, հայը, թուրքը, նորվեգացին, մոնղոլը այդ արժեքները դավանում են մի մեկնակետից, որտեղից ցանկացած հանցանք մշակութաբանորեն թելադրված հանցանք է: Ցանկացած հանցանք օկուպացիա է:

 

Ես միշտ սարսափել եմ մեր երկրում անցկացվող համապետական ընտրություններից, որովհետեւ ընտրական ողջ քարոզչությունն ընթանում է` թեկնածուներից որեւէ մեկից հրեշի կերպար ձեւելով: Ինչ-որ մեկը, որը երկար տարիներ ապրել է մեր կողքին, հանկարծ պարզվում է, որ, իբրեւ նախագահի կամ պատգամավորի թեկնածու, հրեշ է: Ամենատարօրինակն այն է, որ ընտրություններից հետո այդ հրեշը ոչ միայն չի ձերբակալվում, այլեւ պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Որովհետեւ ընտրական գործընթացները ուղեկցվում են ահաբեկչությամբ:

 

Եթե թեկնածուն հրեշ է, ուրեմն ժողովրդի վստահությանն արժանի է հենց նա, ով առաջինը կհայտարարի, որ թեկնածուն հրեշ է: Եթե թեկնածուն հրեշ է, ուրեմն նրա ետեւից գնացողները հրեշ են, մենթալիտետով մահմեդականներ: Որովհետեւ միայն մենթալիտետով մահմեդականը չգիտի, որ երբ որեւէ մեկին ազգի փորձանք ես համարում, ուզում ես, որ նա մեռնի:

 

Օգոստոսի 9-ի «Տեսակետ»-ով մեկնաբանը Հ1-ի եթերում ՀՀ քաղաքացիներից մեկին անվանեց  Այդ քաղաքացին ոչ մեկին չէր վիրավորել, գողություն չէր արել, ձայն չէր կեղծել, մարդ չէր սպանել, այլ արտահայտել էր տեսակետ, ընդ որում` ոչ Հ1-ով, եւ այդ տեսակետը Արցախյան ազատամարտի ամբողջ էությունն իմացող որեւէ հայ մարդ չէր էլ ողջունելու: Լուրջ էլ չէր ընդունելու: Նա ասել էր` հարկավոր է ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողերը: Բայց «տականքը» ագրեսիա առաջացնող բառ է, դրանով մեկնաբանը ունկնդիրին դարձնում է հանցագործ, առնվազն կոչ է անում գնալ եւ մաքրել մեկի հաշիվները, ով տականք է: Իսկ եթե Հ1-ը որոշում է ինչ-որ մեկին անվանել տականք, մեր կենցաղ է ներմուծում վերջնագրերի լեզուն:

 

Երբ ասում են, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, ես հասկանում եմ, թե ինչը նկատի ունեն` եթե չես կարող ասել այն, ինչ մտածում ես, արտահայտման դաշտը մնում է ածականներին: Որովհետեւ վիրավորելու համար որեւէ արժեքի գիտակցումը պարտադիր չէ, այն էն գլխից փաստարկ չունենալու զորահանդեսն է, Ուրեմն, դու` վիրավորողդ, նույնպես չգիտես ազատամարտի էությունը, եթե իմանայիր, կհասկանայիր, որ ազատամարտը հողն ամբողջացնող երեւույթ է, որով ամբողջանում են ազատ ապրելու եւ ազատ արտահայտվելու ձգտում ունեցողները: Ու երբ որեւէ մեկին ասում ես տականք, սկսվում է օկուպացիան: Նշանակում է` քեզ արժանի ես համարում ապրելու, մյուսին` ոչ:

 

Եթե իմանայիր ազատամարտի էությունը, կհասկանայիր, որ հողը չի բնորոշում, չի սպառնում, սրան կամ նրան անցանկալի անձ հռչակելու իրավունքներ չի տալիս, հողը նույն բաշխվածությամբ է բոլորինը, ինչպես երկինքը: Հողն իր անունից մահվան կոչեր չի սիրում, դրանով ի սկզբանէ քեզ արգելելով որեւէ մեկին անվանել տականք, որովհետեւ երբ Աստված մարդ է արարում, հողով է արարում, ոչ թե քեզանով, եւ հողն է կրում մարդուն, այլ ոչ թե դու: Հողը հենման կետ է, որի վրա արդարացնում ես գոյությունդ: Երբ քեզ հուղարկավորում են, ուզում են ասել, որ հողին ես տալիս այն, ինչ նա տվել է քեզ: Հետեւաբար, բազմամշակութայնությունը հայրն ու մայրն են, հողն ու երկինքը, որդին եւ դուստրը, Քրիստոսը եւ Բուդդան, Հայր Աստվածն ու Մուհամմեդը, եւ ընտրությունները կեղծելուց հետո մի ասա, թե «եվրոպացիները չգիտեն մեր մենթալիտետը»: Քո մենթալիտետ ունենալու միտքն անգամ եվրոպացիներին դարձնում է իրավացի, որովհետեւ միայն կեղծող մարդը դիմացինին կասի տականք:


Սեյրան Հանոյան