Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնգամյա Քիստինե Սամսոնյանը թերհաս է ծնվել` 27 շաբաթական, 900գ քաշով եւ 47 սանտիմետր հասակով: Համալսարանական թիվ 3 կլինիկական հիվանդանոցից նորմալ վիճակում դուրս գրվելուց հետո` 6 ամսականում, երեխան կուրացել է: 2008թ. երեխային վիրահատել են Սանկտ Պետերբուրգում, սակայն երեխայի տեսողությունն այդպես էլ չի վերականգնվել:
Աղջկա մայրը` Արաքսյա Ավագյանը, ասում է, թե Քրիստինեն միայն աննշան լույս է տեսնում. «Բժիշկներին մեղադրում եմ այնքանով, որ կարող էին ասել` երեխադ խնդիր ունի. եթե ավելի շուտ իմանայինք, վիրահատությունը կարող էր օգնել»:
Ինչպես տեղեկացրեց «Մուրացան» բժշկական կենտրոնի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի մանկաբույժ-նեոնատոլոգ Մարինե Խաչատրյանը, ով ժամանակին եղել է Քրիստինեին բուժող բժիշկը, խորը անհասությամբ` 900 գրամ ծնված երեխաները համարվում են էքստրեմալ քաշով ծնվածներ: Նրանց մոտ հաճախ գրանցվում է անհասության ռեթինոպաթիա` անոթային ցանցաթաղանթի ախտահարում: Դա արձանագրում են ընդհանուր հետազոտության` սքրինինգի միջոցով, որը մոտ երկու տարի է, ինչ անցկացվում է Հայաստանում. «Երբ երեխան արդեն ունեցել է այդ խնդիրը, սքրինինգ դեռեւս չէր կատարվում Հայաստանում»:
2006թ. նոյեմբերի 20-ին համալսարանական թիվ 3 կլինիկայի (ներկայիս «Մուրացան» բժշկական կենտրոն) ղեկավարի եւ բուժող բժշկի ստորագրությամբ ամրագրված փաստաթղթով երեխան դուրս է գրվել առողջ վիճակում, սակայն 6 ամսականում ծնողները Քրիստինեի մոտ նկատել են տեսողության կորուստ, մինչդեռ երեխան անցել է աչքերի համակարգչային հետազոտություն, եւ բժիշկների կողմից տեսողական խնդիրներ չեն արձանագրվել: Երեխայի ձեռքբերովի կուրությունը մայրը չի համարում սխալ բուժման հետեւանք. «Պարզապես նրանք ինձ չասացին, որ երեխան չի տեսնում, ինձ նորմալ վիճակի մասին թղթեր են տվել: Հնարավոր է, որ մինչ այդ էլ երեխայի մոտ խնդիր է եղել, բայց դրա մասին մենք չենք իմացել»:
Այս առիթով Մ. Խաչատրյանը հաստատեց, որ երեխան անցել է ակնաբույժի համապատասխան հետազոտություն, որի արդյունքում չեն արձանագրվել պաթոլոգիական շեղումներ. «Հավանաբար, երեխան մինչ այդ ունեցել է խնդիրներ, պարզապես, քանի որ այդ ժամանակ սքրինինգի սարքը չկար, այդ պահին դրանք չեն գրանցվել»:
Նույնը հավաստիացրեց նաեւ թիվ 1 հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ Լիլիթ Աղայանը, ով մեկ անգամ հետազոտել է երեխայի ակնահատակը եւ խնդիրներ չի արձանագրել:
«Երեխաները ծնվում էին անհաս, մեր կողմից ենթարկվում ստուգման, եւ կարող էր ոչ մի խնդիր չլինել սկզբից: Հիմա ծրագիրը ունենք, եւ հենց սկզբից հսկողություն է իրականացվում»,- ասում է ակնաբույժը` հավելելով, որ այժմյան լազերային վիրահատությունը տալիս է լավ արդյունքներ:
Ինչպես ժամանակին բժիշկներն են արձանագրել, երեխայի կուրության պատճառ է հանդիսացել խորը անհասությունը եւ արհեստական շնչառության սարքը, որը, սակայն, կանխել է թթվածնային անբավարարությունը: Այս առիթով թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, մանկաբույժ-նեոնատոլոգ Կարինե Սիմոնյանը տեղեկացնում է, որ առաջին ճիչի հետ երեխայի թոքը «բացվում» է, եւ երեխան սկսում է ինքնուրույն շնչել: Իսկ եթե երեխան էքստրեմալ ցածր քաշի պատճառով լավ չի շնչում, պետք է ստանա վերականգնողական միջամտություն. «Դրա համար երեխային ինկուբացիայի են ենթարկում` միացնելով արհեստական շնչառության սարք: Իսկ եթե երեխան երկար է մնում թթվածնի տակ, թթվածինը արձակում է իր «թույնը», որն ազդում է տեսողական համակարգի վրա»:
Այս առիթով ակնաբույժ Լ. Աղայանն իր հերթին նշեց, որ թթածինն ունի իր ազդեցությունը ռեթինոպաթիայի զարգացման հարցում. «Եթե կյանքի ցուցումով երեխան ստանում է թթվածին, ապա երկրորդական է դառնում այն հարցը, թե թթվածինն ինչ թունավոր հետք կարող է թողնել ցանցաթաղանթի վրա»,- ասում է բժշկուհին` տեղեկացնելով, որ արդեն իսկ անհաս ծնված երեխաների մոտ հավանական են տեսողական խնդիրները: «Եթե թթվածին չտայինք, երեխան կմահանար. թողնեինք մահանար»,- հարցնում է Կ. Սիմոնյանը:
Բացի թթվածնային անբավարարությունից` Քրիստինեի մոտ եղել նաեւ սեփսիս` արյան վարակում, որը, ինչպես Կ. Սիմոնյանն է տեղեկացնում, ամբողջ աշխարհում անհաս երեխաների մոտ բարձր մահացության հետեւանք է ունենում` 35-60 տոկոս: Սեփսիսի ժամանակ արյունը կորցնում է իր պաշտպանական հատկությունները եւ սկսում է ինֆեկցիաները ոչ թե ոչնչացնել, այլ տարածել բոլոր օրգաններով:
2008թ. Մալայան հիվանդանոցում ծնողներին խորհուրդ էին տվել երեխային տանել Սանկտ Պետերբուրգ: Սամսոնյանների ընտանիքը վաճառում էր բնակարանը` երեխայի վիրահատության ծախսերը հոգալու համար. վիրահատության արդյունքում երեխայի տեսողությունը չի վերականգնվում: Ամերիկացի բժիշկները հավաստիացրել են` երեխայի տեսողության վերականգման հույս կա: Քրիստինեի վիրահատության համար պահանջվում է 25-30 հազար դոլար գումար: Ինչպես մայրն է տեղեկացնում, ընտանիքի հայրն աշխատում է, իսկ երեխան կույր լինելու պատճառով տանից դուրս չի գալիս, մինչդեռ ընդունակ է եւ շատ է սիրում երաժշտություն լսել: Օգնություն առաջարկողներին խնդրում ենք զանգահարել «Երկիր» թերթի խմբագրություն (կտրամադրենք երեխայի ծնողների հեռախոսահամարները):
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ