կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-20 14:20
Հասարակություն

ԵԱՏՄ-ի «խերը». տարեցտարի այն կհարվածի գյուղացիների գրպանին

ԵԱՏՄ-ի «խերը». տարեցտարի այն կհարվածի գյուղացիների գրպանին

Այսօր արդեն պետք է պատրաստ լինեինք հաջորդ տարվան, բայց գյուղնախարարության ոլորտում դեռևս ոչինչ չեն արել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ամփոփելով տարին՝ նա նշեց, որ գյուղատնտեսության համար այն շատ ծանր էր: «Հունվար ամսին ունեցանք ցրտահարություններ, երաշտ՝ ամռան և աշնան ամիսներին: Խնդիրներ ունեցանք անասնակերի, բանջարեղենի, խաղողի արտադրության հետ: Այն աշխատանքները, որոնք մեկ տարի առաջ պիտի կատարվեին գյուղացուն օգնելու համար, ցավոք,  չիրագործվեցին: Արդյունքում` ունեցանք քիչ պարարտանյութ և սակավաջուր տարի:  Մեր գյուղացին արեց այն, ինչ կարող էր»,- նշեց Բերբերյանը:

Ըստ նրա` ռուս ֆերմերները, իրենց արտադրության կազմակերպման առումով, այսօր ավելի լավ վիճակում են, քան հայ գյուղացին: «ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնելու պայմանագիրը կնքում էինք՝ հաշվի չառնելով մի շարք կարգավիճակներ: Այսօր ռուս ֆերմերը պարարտանյութը 3-4 անգամ ավելի էժան է ստանում, անգամ` տեղեր կան, որ անվճար է ստանում: Նույնը` դիզվառելիքի դեպքում: Իսկ մենք՝ ընդհակառակը: Մենք Եվրոպայից երրորդ երկրի միջոցով առանց տոկոսի էինք ստանում սերմեր, սակայն այս տարվանից այն մեզ տրամադրում են 1 տոկոսով, 2018-ին կդառնա արդեն 2 տոկոս, իսկ արդեն տասը տարի հետո՝ 10 տոկոս: Արդյունքում` այդ ամենը հարվածելու է գյուղացու գրպանին»,- նշեց ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Նա հայտնեց, որ իրենք արդեն պարսկական  ընկերությունների հետ քննարկում են հաջորդ տարվա համար պարարտանյութերի ձեռք բերման գները:

Թե ի՞նչ է սպասվում հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտում, Բերբերյանը նշեց, որ իրենց մտահոգում է հարցը՝  արդյո՞ք գյուղացին կստանա պարարտանյութ և դիզվառելիք, թե՞ ոչ: «Տարբեր կարծիքներ կան նախարարությունում՝ ֆինանսավորել-չֆինանսավորելու հետ կապված, ինչը բխելու է շուկայի ազատականացման խնդիրը լուծելուց: Ըստ այդմ` սուբսիդավորել-չսուբսիդավորելու հարցը կորոշվի»,- ասաց նա: