Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1909 թվականի ապրիլի 14-ին Թուրքիայում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Չարլզ Դոթի-Ուայլին ուղեւորվում է Ադանա քաղաք, այն բանից հետո, երբ իր թարգմանչից նամակ է ստանում, որ «քաղաքում վտանգավոր իրավիճակ է, վախի մթնոլորտ, եւ սպանություններ են տեղի ունենում»:
Փոխդեսպանը Ադանայից նամակ է ուղարկել Լոնդոնի արտաքին հարաբերությունների գրասենյակ, որում նշվում է. «Ադանայից ընդամենը 2 երկաթուղային կայարան առաջ մենք հանդիպեցինք դիակի: Որքան մոտենում էինք, այնքան դիակների թիվն ավելանում էր, եւ մինչ ես կնոջս կտանեի թարգմանչիս տուն, թուրք զինվորները մեր աչքի առաջ 2 հոգու սպանեցին»:
Ըստ Դոթի-Ուայլիի` Ադանայում թուրքերի իրականացրած կոտորածներից զոհվել է 15000-25000 հայ:
Այս ամենի մասին իր հոդվածում գրում է բրիտանական Independent-ի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, որն ընդգծում է, որ Թուրքիան մինչ օրս` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Լրագրողը նշում է, որ 1930-ականներին Չերչիլն Ադանայի կոտորածներ անվանել է հայոց հոլոքոստ, իսկ 1915 թվականին տեղի ունեցածը Ցեղասպանություն է: «Մինչ օրս թուրքերը մնում են անպատիժ, եւ հայերի համար, փաստորեն, արդարություն չեղավ»,- գրում է Ռ. Ֆիսկը: