կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 18:31
Առանց Կատեգորիա

WikiLeaks. Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ կապված թուրքական հիստերիան

WikiLeaks. Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ կապված թուրքական հիստերիան

Եթե ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները անվերականգնելի կվատանան. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ թուրք պատգամավորների հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային մեծ ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերկանը: Այդ հանդիպման մասին դեսպանական հաղորդագրությունը պետքարտուղարություն է ուղարկվել 2010-ի փետրվարի 17-ին:

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը Կոնգրեսի օրակարգային հարցերից է, եւ այն անկախ մարմին է, ինչպես Թուրքիայի խորհրդարանը: «ԱՄՆ վարչակազմը երբեք չգիտի, թե ինչպիսին կլինեն քվեարկության արդյունքները: Առաջընթացի ամենալավ ճանապարհը` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն է, ինչի մասին բազմիցս ասել է նախագահ Օբաման»,- ընդգծել է նա:

Ըստ Մերկանի` Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում է 2 գործոն` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը եւ Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների գրավումը»: Նա հայտարարել է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ ԼՂ հիմնահարցը չի լուծվել: «Անել դա նշանակում է վնաս հասցնել Թուրքիայի ռազմավարական շահերին»,- ասել է նա:

Նշվել է, որ բանաձեւը Դամոկլեսյան սրի պես կախված է Թուրքիայի գլխին եւ դրա ընդունման դեպքում Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունների ալիք կբարձրանա. «Թուրք ժողովուրդն ավելի մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւերին, քան աշխարհի այլ երկրների խորհրդարանների բանաձեւերին»:

Փաստաթղթի մեկնաբանության մեջ նշվում է, որ թուրք խորհրդարանականների դիրքորոշումն արտացոլում է այն հիմնախնդիրները, որոնց բախվում է Թուրքիայի կառավարությունը արձանագրությունները խորհրդարանում վավերացման դնելու գործընթացում, նաեւ վտանգը, եթե Կոնգրեսն ընդունի Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կամ նախագահ Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում արտասանի «ցեղասպանություն» բառը: Ասվում է, որ եթե Թուրքիան ցանկանում է կասեցնել դա, ապա պետք է առաջ ընթանա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում` առանց ԱՄՆ-ի որեւէ երաշխիքի:

«Բանն այն է, որ հակառակը նույնպես տրամաբանական է. եթե «ցեղասպանություն» բառը կիրառվի բանաձեւում կամ վարչակազմի ուղերձում, ապա հայ-թուրքական մերձեցման շանսերը կթաղվեն սերունդների համար, իսկ թուրք-հայ-ադրբեջանական հակամարտությունը կսրվի: Դա միակ բանն է, ինչում գուցե վստահ ենք: Տրամաբանորեն` Թուրքիայի տեսանկյունից ԱՄՆ կառավարությունը պետք է ինչ-որ կերպ կանգնեցնի կամ կասեցնի Կոնգրեսի փորձերը` բանաձեւի հետ կապված: Քանի որ թուրքերը նման ոչ մի կանխանշան չեն տեսնում, նրանք մտադիր են ակտիվացնել թուրք-ամերիկյան ջանքերը բանաձեւի դեմ, եւ եզրահանգել են, որ մենք լավագույն դեպքում փորձում ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա վավերացման հարցում, վատագույն դեպքում` ցանկանում ենք վավերացնել արձանագրությունները, իսկ հետո ընդունել բանաձեւը: Դա անհավանական է հնչում, սակայն մենք այստեղ ապրում ենք պարանոիդալ աշխարհում: Եթե չփոխենք այն, ինչ ասում ենք թուրքերին, Կոնգրեսին եւ ԶԼՄ-ներին, Թուրքիայի կառավարության վրա ճնշումները, որպեսզի այն մեզ վրա հարձակվի պատասխան սպառնալիքներով ու գործողություններով, գնալով աճելու են»,- կարծիք է հայտնել դեսպանը: