կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 11:46
Առանց Կատեգորիա

Որսորդները որսից շատ են

Որսորդները որսից շատ են

Հայաստանում այսօր գրանցված է որսորդների 4 միություն, որոնք ունեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակ եւ շուրջ 30 հազար անդամ: Սակայն սրանցից ամենահինը եւ երկարակյացը համարվում է անցյալ դարի 20-ական թվականներին Հայկ Բժշկյանցի` Գայի կողմից հիմնադրված Հայաստանի որսորդների միությունը, որը վերջին տարիներին անվանակոչվել է «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ:

Հայաստանում առկա հարյուրավոր միավորումներից այս մեկն առանձնանում է նրանով, որ միավորման պատվավոր որսորդներից է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հայտնի է իր որսած կենդանիներով ոչ թե մեր երկրում, այլ, օրինակ, Տանզանիայում: Պարզվում է, որ միավորման որսորդներ են Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ այլք, ովքեր դեռ չունեն պատվավոր որսորդի կոչում, բայցեւայնպես պայքարում են այդ տիտղոսին արժանանալու համար:

«Ընդհանրապես որսորդությունն այն սպորտաձեւն է, որ բոլոր բնագավառներից էլ մեզ մոտ կան գրանցված՝ քաղաքական գործիչներ, նկարիչներ, գիտնականներ, գրողներ, գործարարներ եւ այլք»,- ասում է «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ-ի նախագահ Վարդգես Խաչատրյանը:

Թեեւ Հայաստանում որսորդ լինելը սիրողական բնույթ է կրում, սակայն միավորումում ներկայումս հաշվառված են 25 հազար որսորդ եւ ձկնորս, որոնք ունեն անդամության վկայական: «Մեզ մոտ ունենք հաշվառված որսորդներ, որոնք միայն տարեկան կտրվածքով մուծում են իրենց անդամավճարը` 3000 դրամի չափով, եւ վերջ: Նույնիսկ համապատասխան լիցենզիա ձեռք բերած ակտիվ որսորդները որսաշրջանում չեն կարողանում մեկ կամ երկու անգամ որսի դուրս գալ»,- ասում է Վ. Խաչատրյանը:

ՀՀ ԳԱԱ որոշումով` բնապահպանության նախարարն է հաստատում, թե որ տարվա եւ որ ժամանակահատվածում կարելի է որս անել: Նախարար Արամ Հարությունյանի թույլտվության համաձայն` այս տարվա օգոստոսի 28-ից Հայաստանի տարածքի (բացառությամբ՝ հատուկ պահպանվող տարածքներից) որսահանդակներում թույլատրվել է սիրողական որս: Այսպես` նշված օրվանից մինչեւ որսի ավարտը` 2012-իի փետրվարի 29-ը, մեր որսորդները կորսան 20 հազար լոր, 2 հազարական աղավնի, քարակաքավ, կտցարազգիներ (բացառությամբ՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների), արտույտ, սարյակ, կեռնեխ, ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ), մինչեւ 5000 հատ ագռավ, կաչաղակ` 2000-ական հատ, վայրի խոզ` 10 հատ, նապաստակ` 300 հատ եւ աղվես` 1000 հատ:

Հետաքրքիրն այն է, որ բնապահպանության նախարարությունը թույլատրել է այս որսաշրջանում որսալ ընդամենը 10 հատ վայրի խոզ, սակայն բոլորիս է հայտի, թե ինչպես մի քանի բարձրարժեք ռեստորաններում կարելի է եղնիկի, վարազի եւ այլ կենդանատեսակների մսից ուտեստ պատվիրել: Հիմա շատերը կասեն, որ դա ոչ թե որսագողության արդյունք է, այլ կան հատուկ մարդիկ, որոնք պահում են նման կենդանատեսակներ բիզնեսի նպատակով: Այնուամենայնիվ, հարց առաջանում` արդյոք 10 վայրի խոզը բավարար է մեկ տարի այցելուների պահանջարկը բավարարելու համար:

Նշենք, որ վերը նշված թվաքանակի լիցենզիաները բնապահպանության նախարարությունից գնել է հենց Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորումը, որն այս օրերին դրանք վաճառում է իր մոտ գրանցված որսորդների վրա: Պարզվում է, որ եթե որսորդը, օրինակ, ձեռք է բերում մեկ լիցենզիա` նապաստակ որսալու համար, մեկ լիցենզիայով կարող է ընդամենը 2 նապաստակ որսալ: Իսկ յուրաքանչյուր նապաստակ որսալուց հետո որսորդը պետք է լիցենզիայում նշում կատարի, որ հետագայում վերահսկող մարմնին հեշտ լինի հաշվետվություն կատարել:

Մեր որսորդների կողմից օգտագործվող զենքերի մասին միավորումում հայտնեցին, որ դրանք խորհրդային ժամանակաշրջանի հրացաններ են: Կան որսորդներ, որոնք օգտվում են գերմանական, ֆրանսիական, իտալական եւ այլ երկրներում արտադրված զինատեսակներից: Միությունում նաեւ չգիտեին, թե իրենց մոտ անդամագրված որսորդներից քանիսն ունեն ամրագրված զենք, քանի որ նման հարցերով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թ. օգոստոսի 27-ին ՀՀ կառավարությունը եռամյա թույլտվություն տվեց միավորմանը` փամփուշտներ արտադրել ողորկափող որսորդական հրացանների համար: Միավորման գործունեությունը, նույն որոշման համաձայն, հսկում է Հայաստանի ոստիկանությունը: «Մեզ մոտ կարող են միության անդամ դառնալ, բայց զենք չկրել»,- ասում է միավորման նախագահը` ավելացնելով, որ իրենց մոտ անդամագրված որսորդները 18-87 տարեկան են:

Ի դեպ, նշենք, որ տասնամյակներ առաջ «Որսորդմիությունում» գրանցված են եղել 100-ից ավելի որսորդական շներ, սակայն այսօր ոչ մի շուն գրանցված չէ, քանի որ, ինչպես «Երկիր»-ին հայտնեցին, շուն պահելը թանկ հաճույք է:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ