Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարեն Կարապետյանը հինգերորդ քաղաքապետն է, որի հետ համագործակցում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Բոլոր քաղաքապետերի հետ շատ լավ սկսել ենք, շատ վատ ավարտել, հիմա ինչպե՞ս կընթանա մեր համատեղ աշխատանքն այս նոր քաղաքապետի հետ, չգիտեմ: Ի դեպ, այդ մասին ասացի նրան, ասաց` ես բացառություն եմ»,- նշեց բնապահպանը եւ ավելացրեց` Աստված տա, այդպես լինի, հույսը վերջինն է մեռնում:
Հանրային խորհրդի շրջանակներում Երեւանի քաղաքապետի հետ Կարինե Դանիելյանի հանդիպումը երկրորդն էր: Հենց այդ ժամանակ էլ բախվեցին քաղաքապետի եւ բնապահպանի տեսակետները, երբ վերջինս հայտարարեց, որ Երեւանում իրականացվել է կոմերցիոն ճարտարապետություն` միայն բիզնեսի շահերից ելնելող, այլ ոչ թե քաղաքի նպատակներն ու խնդիրները լուծելող:
«Քաղաքապետի պատկերացումը կոմերցիոն ճարտարապետության մասին ուրիշ է ,- ասաց Կ. Դանիելյանը:- Քաղաքապետն ասում է, որ, իհարկե, ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն, որովհետեւ միայն բիզնեսը կարող է քաղաքը զարգացնել»:
Բնապահպանն առաջարկում է դադարեցնել կետային կառուցապատումը, վերանայել կենտրոնի գոտիավորումը եւ անցկացնել լսումներ. «Մոնումենտի այգին վերակառուցման տակ է դրված` առանց լսումների, Նորքի Վիշապների այգին` դարձյալ առանց լսումների, Գլխավոր պողոտան վերակառուցվելու է` լսումներ չեն եղել, բայց պետք է, չէ ՞, լինեին: Մենք այս հարցը բարձրացրել ենք, բայց ես զարմանում եմ` մի՞թե այդ քաղաքապետարանում մեկը չգտնվեց, որ նոր եկած քաղաքապետին ինֆորմացիա տար, թե ինչ պարտավորություններ ունի քաղաքապետարանն այդտեղ: Օրենքն է պահանջում լսումներ, մեր միջազգային պարտավորություններն են պահանջում լսումներ»:
Կ. Դանիելյանի խոսքով` նույնն է վիճակը նաեւ էկոլոգիական խորհուրդ ստեղծելու հարցում:
«Քաղաքապետարանն արդեն երկու տարի է` ձեռքերով, ոտքերով պաշտպանվում է, որ էկոլոգիական խորհուրդ չլինի, ինչո՞ւ: Մեր լավագույն մասնագետները պատրաստ են անվճար օգնել, որ Երեւանն այս էկոլոգիական աղետի վիճակից դուրս գա, քաղաքապետարանը չի ուզում, եւ հիմա նոր քաղաքապետին էլ տրամադրել են, որ հանկարծ այդ բանը չլինի: Ասում են` ունենք վարչություն, բավական է»,- վրդովված նշեց բնապահպանը` ընդգծելով, որ այն միտումները, որ արմատավորվել են քաղաքապետարանում, իրենց էությամբ հակաէկոլոգիական են:
Պարզվում է` տիկին Դանիելյանի հիմնական խոչընդոտողներից մեկը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է. «Կամո Արեյանը, երբ քաղաքաշինությունն էր ղեկավարում, մեր հիմնական օպոնենտն էր, այժմ նա ղեկավարում է ե'ւ քաղաքաշինությունը, ե'ւ էկոլոգիան. տեսնենք, թե ոնց կլինի»: