Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բոլոր առաջատար կայքերն այսօր տեղադրել են արարատցի 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքերի պատմությունը, որը ներկայացնում են նրա հայրը եւ հորեղբայրը:
Ըստ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրության` Հովհաննես Վարդանյանին ԼՂՀ Ասկերանի զորամասում խելագարության են հասցրել եւ գաղտնի տեղափոխել Երեւանի Նորքի հոգեբուժարան: Ամեն ինչ արված է հրեշին (բանակային բարքերը) բնից դուրս բերելու մղումով:
Բայց ահա թե որտեղ են սայթաքել բարի մտադրություն ունեցող տղաները: Տեսագրությունը այնպես, ինչպես տեղադրվել է կայքերում, հիվանդ երիտասարդի դատավճիռն է: Ինչո՞ւ բարի մտադրությամբ տղաները համակարգչային հատուկ միջոցներով չեն փակել նրա աչքերը, չէ՞ որ դեռ բժիշկների ախտորոշումը չկա, որ նա անբուժելի հիվանդ է, մի օր կարող է առողջանալ եւ իրեն տեսնել այն վիճակում, որում այսօր է, մի օր կարող է սիրահարվել կամ արդեն սիրահարված է...
Նույնիսկ անբուժելիությունը հաստատվելու դեպքում բարի մտադրություն ունեցող տղաներն իրավունք չունեին տեսանյութն ուղարկել կայքերին առանց երիտասարդին «քողարկելու»: Սա դատավճիռ տեսանյութ է, որն ուղղված է հենց երիտասարդին, այլ ոչ թե պաշտպանության նախարարին կամ Ասկերանի զորամասի անձնակազմին: Դատավճիռ, որով դատապարտված եք հայտարարել երիտասարդին:
Մյուս խնդիրն այն է, թե ինչո՞ւ եք շտապել խելագար հայտարարել երիտասարդին, ձեր ձեռքի՞ն է համապատասխան մասնագետների եզրակացությունը, գուցե տղան խաղում է ` բանակային բարքերից հեռու մնալու համար, գուցե այս խաղը նրա ընտրությունն է` ինքնասպան չլինելու կամ չսպանվելու: Ոչ ոք չի կասկածում, որ նրան ծեծել են, չենք կասկածում նաեւ, որ կարող էին նաեւ սպանել: Այս խաղը, եթե, իհարկե, խաղ է, 20-ամյա երիտասարդի ապրելու ջանքն է: Սա «լրագրող» լինելու նրա կերպն է, ինչպիսին էլ որ նա երեւա տեսանյութում, սա բանակային բարքերը բոլորի իմանալիքը դարձնելու նրա իրավունքն է: Տղե'րք, ձեզ մնացել էր ընդամենը ռետուշելու իրավունքը: Որովհետեւ երկու պետություն` ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն բանակներ են պահում, մայրերը զինվորներ են ուղարկում այդ բանակ, որտեղ քաջարի լինելը սովորում են սպանելու ազատություն ունեցող սպաների բռունցքների տակ, իսկ վախկոտ լինել չեն կարող: Խելագարվելն արդեն նրանց ընտրությունը չէ: Դա ապրելու նրանց կանխավարկածն է:
Ձեզ` չլռո'ղ տղերք, մնում է ռետուշի կանխավարկածը, որովհետեւ, երբ չեք ռետուշում, Հովհաննես Վարդանյանի առջեւ փակում եք հասարակություն վերադառնալու ճանապարհը, որտեղ պակաս գազաններ չկան:
Սեյրան Հանոյան