Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 1936թ. հետո թուրքական պետությանն անցած քրիստոնեական համայնքներին պատկանող գույքը վերադարձնելու հայտարարությունը բավական տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց: Շատերը, հատկապես` Պոլսի հայ համայնքը գովելի համարեցին Թուրքիայի այս քայլը, իսկ մեր քաղաքագետները կամ թուրքագետները մեծ մասամբ պնդում են, որ դա ընդամենը PR էր` կեղծ ու դրսի աչքը փակող:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նույնպես կարծում է, որ Թուրքիայի նման քայլն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան նյութական օգուտ կարող է բերել համայնքներին:
«Ես կասկածանքով եմ վերաբերվում Թուրքիայի հայտարարության անկեղծությանը, քանի որ իրականում այդ հայտարարությունը ոչ թե հստակություն, այլ ավելի շատ հարցականներ մտցրեց: Կարծում եմ, որ այն ավելի շատ երկպառակտության հիմքեր ստեղծեց, քանի որ այն կալվածքները, որոնք վերադարձվելու են, բնականաբար, առաջացնելու են որոշակի խմբերի շահախնդրություն»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:
Մելքոնյանը դեմ է կարծիքին, որ այդ հայտարարությունը հստակ «պրոհայկական» է, այսինքն` դրա հետեւանքները միանշանակ դրական չի գնահատում:
Նրա խոսքով` Թուրքիան ներկայումս ակտիվորեն աշխատում է իր արտաքին իմիջի վրա, ինչի մեջ կարեւոր դեր է կատարում հանդուրժող պետության կարգավիճակը, եւ այս քայլերը, նաեւ եկեղեցիների վերանորոգումը, բնականաբար, նպաստելու եւ ծառայելու են այդ իմիջի ստեղծմանը:
Հոկտեմբերին սպասվում է Թուրքիայի` Եվրամիության անդամակցության հաշվետվության հրապարակումը, եւ Մելքոնյանի կարծիքով` այս համատեքսում Թուրքիայի որոշումը նույնպես կօգտագործվի որպես Թուրքիայի իմիջի բարելավմանն ուղղված քայլ: «Ուղղակի Պոլսո համայնքում, երբեմն նաեւ հայկական շրջանակներում հնչող դրական կամ հիացական կարծիքները, ըստ իս, դեռեւս վաղ են եւ ոչ արդարացի»,- ասաց նա: