կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 14:27
Տնտեսական

Պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ, թե սոցիալական ճգնաժամ երկրում չկա. տնտեսագետը՝ վարչապետի հայտարարության մասին

Պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ, թե սոցիալական ճգնաժամ երկրում չկա. տնտեսագետը՝ վարչապետի հայտարարության մասին

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ ու դրական սպասումներ առաջացնել հանրության շրջանում՝ հայտարարելով, թե սոցիալական ճգնաժամ երկրում չկա։

«Իրականում կորոնավիրուսը, որով պայմանավորված է ներկայիս աննախադեպ սոցիալ-տնտեսական վիճակը հաղթահարված չէ, համավարակը ամբողջությամբ կառավարելի չէ, հետևաբար անորոշ է, թե երբ կլինեն դրա լուծումները։ Իմ կարծիքով, շատ դրական սպասումները տեղին չեն, պետք է մարդկանց, հանրության շրջանում առաջացնել իրական ու պրագմատիկ սպասումներ, այլ ոչ թե ներշնչել հույսեր», - InfoPort.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե ճիշտ է՝ կան սոցիալական խնդիրներ, բայց սոցիալական ճգնաժամ, սոցիալական կոլապս երկրում չկա։ Նա միաժամանակ, նշել էր, որ տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է, երկիրը տնտեսական աճ չի արձանագրել։

Տնտեսագետի խոսքով, ոչ թե կարևոր է, թե ինչ վիճակում է երկիրը, այլ կարևորը միտումներն են։ Այս հարցում Ավետիսյանը լավատեսական ոչինչ չի կարող ասել․ «Միտումները վատթարացող են, ինչպես նաև անորոշ իրավիճակ է, քանի որ մենք դեռ չունենք ամբողջությամբ հաղթահարված համավարակ, իսկ քանի դեռ պատճառները կան ու հաղթահարված չեն, ապա հետևանքները միշտ զգացնել են տալու իրենց»։

Այս ամենով հանդերձ, տնտեսագետը անընդունելի է համարում «ապաշնորհ կառավարումը», որը չի կարող ասել, թե հակաճգնաժամային է։

«Նման իրավիճակում իրատեսական գնահատումները, թեկուզ խնդիրների մասին խորքային գնահատումներն ու դրանց մասին արձանագրումները, շատ կարևոր են, որպեսզի մարդիկ, հանրությունը, տնտեսվարողները, սպառողները բոլորը կարողանան ճիշտ վարքագիծ դրսևորեն ու իրատես լինեն։ Որովհետև պոպուլիզմը երբեք չի կարող հակաճգնաժամային կառավարման գործիքակազմ լինել։ Դրանք հակացուցված են։ Այս պարագայում ճիշտ, իրատեսական, օբյեկտիվ գնահատումներ են պետք», -նշեց Թադևոս Ավետիսյանը։

Աղբյուրը՝ Infoport.am