Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Երեկ ՊՆ-ում եւս երեք բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել` մի գեներալ, երկու գնդապետ: Ավելի վաղ էլ ՊՆ-ում ձերբակալություններ էին եղել, բարձրաստիճան զինվորականների հանդեպ քրեական գործեր են հարուցվել:
Ի տարբերություն սովորական քաղաքացիների, երբ զինվորականների դեմ քրեական գործ է հարուցվում, դա նման է հայրենիքի դավաճանություն մեղադրանքին: Սա լա՞վ է: Նկատի չունեմ այն, որ մեղավորները, մանավանդ` նրանք, ովքեր մեղադրվում են հայրենիքի դավաճանության մեջ, ձերբակալվում են, նկատի ունեմ այն, որ ՊՆ-ում այսքան մարդ կասկածվում է դավաճանության մեջ, լա՞վ է: Եթե` ոչ, եւ, իհարկե, ոչ, ապա ինչո՞ւ եք այդքան ուրախացել: Որ դավաճաննե՞ր են բացահայտվել եւ ձերբակալվել, բայց նախ` այդ մարդիկ դեռ դավաճան չեն, եւ այդպիսին չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նրանց դավաճան չի ճանաչել: Երկրորդ` դավաճան, մանավանդ՝ դավաճաններ ունենալիս ուրախանո՞ւմ են, սա ուրախալի՞ փաստ է: Տղե'րք, ես հասկանում եմ, որ պետք է թափ տալ բոլոր գերատեսչությունները, մանավանդ՝ ՊՆ-ն, որն այնքան չէր պատերազմել, որ պարապությունից խրվել է կոռուպցիայի մեջ, բայց հասկանում եմ նաեւ, որ երբ այդ թափ տալու գործընթացը սկսվում է, չպետք է կրկես գնացած երեխայի դեմքով հրճվել ծաղրածուների ամեն մի շարժից: Ավելի զուսպ է պետք լինել, սա մեր բանակն է, մեր հայրենիքը, որտեղ դավաճաններ կան, եւ դա սարսափելի է, ավելի` քան Ադրբեջանի հարձակումը, անկախ նրանից` լայնամասշտա՞բ հարձակում է, թե՞ դիվերսիոն-հետախուզական: Ես հասկանում եմ, որ զգացողությունն այնպիսին է, որ այդ մարդիկ մեր աշխատածն են կերել, մեր հայրենիքն են սինու վրա մատուցել Ապշերոնի նարկոբարոններին, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ կա'մ պետք է պատերազմեն, կա'մ թալանեն, ընդ որում՝ պատերազմելիս էլ թալանեն, բայց, տղե'րք, երբ նրանց ձերբակալում են, դա ուրախալի փաստ չէ: Դա «դավաճաններ կան» հայտարարություն է, խոսոտավանություն, ամոթ, գետինը մտնելու առիթ, նույնքան սարսափելի բան, որքան ՊՆ-ի այն հաղորդագրությունները, թե սահմանին զոհ ունենք:
Ու խոսքն ամենեւին էլ ծածկադմփոցի մասին չէ, թեև տեղեր կան, որտեղ ՊՆ-ին ծածկադմփոցը չէր խանգարի, գունեղ շոուներն ընտրելու փոխարեն: Խոսքը նրա մասին չէ, որ պետք է քողարկեին հանցագործությունները, մանավանդ` երբ դրանք հայրենիքի դեմ են ուղղված, խոսքն այս դիվային հրճվանքի մասին է` «բռնում են», «փակում են», «պրծանք սրիկաներից» ուրախ ճիչերով համեմված: Դավաճան հայտնաբերելիս չեն ուրախանում, նրան գնդակահարության պատի տակ կանգնեցնելիս ու նրա վրա նշան բռնելիս ձեռք են դողացնում, գլուխ են կախում, նրանից շուտ մեռնում են, ի տարբերություն նրա՝ հարություն առնում:
Ես չեմ ուզում, որ ՊՆ-ում ձերբակալությունների շարքը շարունակվի, բայց ես ուզում եմ, որ բոլոր դավաճանները պատժվեն: Սա նույն բանը չէ: Չգիտեմ անգամ ինչով են տարբեր, բայց զգում եմ, որ նույնը չեն: ՊՆ-ն մերոնք են, դավաճանները մերոնք չեն, երեւի սրանով:
Բայց ինչպե՞ս պատժել: Պատվով սպան, երբ նրան պաշտոնից ազատում են թերացումների, մանավանդ` թալանի համար, փակվում է իր սենյակում, վերցնում անվանական ատրճանակը եւ… Բայց պատվով սպան դավաճանություն չի անում, ուրեմն հույսներս կտրենք, որ իրենք իրենց պատժելու են: Ուրեմն ձերբակալությունները պետք են, ուրախանալը պետք չէ: Բանն այն է, որ ՊՆ-ում յուրաքանչյուր ձերբակալություն նշանակում է, որ հայրենիքին դավաճանել են: Ես, օրինակ, այս փաստից ավելի եմ սարսափում, քան ուրախանում եմ նրանից, որ դավաճան են ձերբակալել:
Դավաճանը զոհ է, այս պարագայում՝ ընդդեմ հայրենիքի, եւ ավելի ցավալի, քան հանուն հայրենիքի զոհվածները: Որովհետեւ վերջիններս մեր հպարտությունն են, դավաճանը՝ մեր ամոթը:
Ամոթ մեզ: Դե ուրախացեք, կարո՞ղ եք…
Հովիկ Աֆյան