Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանին, ով առաջիններից մեկն է, որ միացել է Երեւանի քաղաքապետի կոչին եւ «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով գումար է փոխանցել` ամբողջությամբ ապահովելով Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ծախսերը. տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այս քայլով հերթական անգամ ձեր քաղաքացիական դիրքորոշումն եք դրսեւորել: Շատ մեծ գործ եք կատարել եւ շատ կցանկանայինք, որ այս օրինակին հետեւեին մեր բազմաթիվ հայրենակիցներ»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է «Օգնիր դպրոցիդ» արշավի կարեւորությունը` նշելով, որ դպրոցն այսօր կարիքներ ունի եւ ցանկացած կամավոր օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: «Մեր երկրի լավ ապագան կրթված հասարակությունն է: Եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով նաեւ, որ դրամահավաքության երեւույթը մերժելու ուղղությամբ քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն` կանգնել սոցիալապես անապահով երեխաների կողքին:
«Սոցիալապես անապահով երեխան դպրոցում որեւէ խոչընդոտ չպետք է ունենա»,- նշել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի տարբեր դպրոցների կարիքները հոգալու նպատակով «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով արդեն իսկ ավելի քան 633 մլն դրամի կամավոր նվիրատվություններ են կատարվել:
Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը` Արթուր Վարժապետյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար: