Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության և ՀԱԿ-ի միջև երկխոսության մեկնարկից ի վեր, այսինքն՝ վերջին առնվազն 4-5 ամիսներին չէր արձանագրվել ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև որևէ բախում, որեւէ միջադեպ տեղի չէր ունեցել: Նշված ժամանակահատվածում Կոնգրեսն առնվազն 4 հանրահավաք է անցկացրել, և նրա երիտասարդ ակտիվիստներն առանց որևէ խոչընդոտի, անկաշկանդ շարունակում էին իրականացնել հանրահավաքների իրազեկման աշխատանքները:
Ուստի խիստ զարմանալի է, թե ինչու հանկարծ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանների և ՀԱԿ-ական երիտասարդների միջև պետք է տեղի ունենար քաղաքականության հետ որեւէ արտաքին կապ չունեցող մի միջադեպ, որը, սակայն, ներկայացվում է որպես նոր առճակատման առիթ եւ սկսված երկխոսությանը սպառնացող իրական վտանգ:
Տեղի ունեցածի մասին ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի պարզաբանումները, ինչպես նաեւ ՀԱԿ-Կոալիցիա հերթական բանակցային ռաունդի ընթացքում կատարվածի շուրջ որեւէ մեկնաբանություն անելուց զերծ մնալու պայմանավորվածություն ձեռք բերելու փաստը հաստատում են, որ երիտասարդներն իսկապես միջամտել են ոստիկանների գործողություններին, եւ որ միջադեպն սկսվել է հենց նրանց նախաձեռնությամբ: Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է դրա պատճառահետևանքային կապերին, ընդամենը իրողությունների քաղաքականացման և այդ երիտասարդներին քաղաքական հալածյալ դարձնելու ակնհայտ նպատակներ են հետապնդում:
Սա, իհարկե, չի նշանակում, թե ոստիկանների գործողությունները իրավաչափ էին: Այդ երիտասարդների մարմիններին նկատված բռնության հետքերը, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի կողմից ակտիվիստ երիտասարդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը փոխելու վերաբերյալ վճռի կայացումը հուշում են, որ նրանք հերթական անգամ չեն կարողացել զսպել մկաններին զոռ տալու ցանկությունը և գործել են անցած տարիների իրենց գործելաոճի պարզ իներցիայի ազդեցությամբ: Բայց, ի տարբերություն նախորդ տարիներին, այն այլեւս իշխանության կողմից չի մարսվում հենց սկսված «երկխոսության» պատճառով:
Այս միջադեպը, սակայն, լակմուսի թղթի նշանակություն ուներ իշխանություն-Կոնգրես բանակցությունների լրջությունը չափելու համար: Այն փաստը, որ կայացած 4 բանակցությունները որևէ առարկայական արդյունք չեն տվել, և կողմերը մեկ ամիս շարունակ ընդամենը փորձում են սեփական դիրքորոշումներն ու պահանջները պարզաբանել 83 կամ 131 էջանոց հիմնավորումներով, ցույց է տալիս, որ այդ հանդիպումների ժամանակ պարզապես «ջուր ծեծելու» գործընթաց է տեղի ունենում: Եվ, ըստ էության, կողմերը աստիճանաբար հասկանում են, որ սա որևէ մեկին առայժմ որևէ լուրջ դիվիդենդ չի տալիս:
Պատճառն այն է, որ ամենահիմնական հարցադրումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել Կոնգրեսի` չափից մեծ պատառ պահանջելու, իշխանության` այն բավարարելու ցանկության բացակայության պատճառով: Բայց քանի որ երկու կողմերն էլ ոտքով-գլխով խրվել են այդ ճահիճը, ներկայումս դրանից դուրս գալու հնարքներ են փնտրում միմյանց գլխին հենվելու, դիմացինին այդ տիղմի մեջ թաղելու, դրանից հնարավորինս չոր դուրս գալու միջոցով:
Սկզբնական շրջանում կողմերը տեղի ունեցած միջադեպը, հանուն երկխոսության անխափան կայացման, ոչ թե հարթելու, այլ հակառակը` էլ ավելի հրահրելու, միմյանց ատամ ցույց տալու առիթ դարձրեցին: Իշխանությունն այն օգտագործեց` ցույց տալու, թե որքան ուժեղ է անտեսելու ՀԱԿ-ի վերջնագրային տոնայնությունը, իսկ Կոնգրեսը` բանակցությունների հնարավոր դադարեցման պատասխանատվությունը իշխանության վրա բարդելու նկատառումով: Ընդամենը մի քանի օր անց, երբ կողմերը հասկացան միմյանց վարքագծի մոտիվացիաները, սկսեցին ավելի լոյալ արտահայտվել միմյանց մասին եւ ըստ էության, չփորձելով հարցը քաղաքականացնել, փաստացի համաձայնեցված կերպով միջադեպն իրավական ճանապարհով լուծելու տարբերակն ընտրեցին:
Ստեղծված իրավիճակում դա, թերեւս, ամենահարմար տարբերակն էր, որովհետեւ մի կողմից երկուսին էլ ազատեց բանակցությունը շարունակելուց հրաժարվելու` ոչ ցանկալի որոշումը կայացնելուց, մյուս կողմից` որոշակի ժամանակ շահելու հնարավորություն տվեց: Բանն այն է, որ չնայած միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, սակայն արդեն երկու շաբաթ երկխոսությունն ըստ էության սառեցված է: Դժվար է ասել` պլանավորված էր դա թե ոչ, սակայն փաստն այն է, որ տեղի ունեցած միջադեպը երկու կողմին էլ իրենց դանդաղկոտությունը, ժամանակ ձգելու ակնհայտ տրամադրվածությունը բացատրելու, հիմնավորելու առիթ տվեց:
Եվս մեկ-երկու նման միջադեպ, դրանց շուրջ իրավական-դատական քաշքշուկներ, եւ կարելի կլինի գործը հանգիստ հասցնել հերթական ընտրություններին: Մի բան, սակայն, ակնհայտ է. այս միջադեպը փոխելու է «երկխոսության» բանակցությունների տրամաբանությունը` կողմերին մղելով դիրքորոշումների ու պահանջների որոշակի կոշտացման: Դա է թելադրում խաղի բնույթն ու էությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ