կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 10:20
Հասարակություն

Ուղտի ականջում քնած

Ուղտի ականջում քնած

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը վերջերս ագրեսիա է կազմակերպել: Առանց որեւէ արգելքի` Ստամբեգլու դիրքից թշնամին 300 մետրով առաջ է տվել սահմանը` «Վառված պոստ»-ի երկայնքով եւ մոտեցել Բարեկամավան գյուղին:

Սա մարզի ամենավտանգավոր հատվածն է: Գյուղն ունի թերակղզու նմանություն եւ Ադրբեջանի կողմից շրջապատված է երեք գծով: Գյուղի դիմաց մոտ 4 կիլոմետր սահման կա, իսկ դիրքերից 600 մետր հեռավորությունը ներկայումս կեսով կրճատվել է, ինչը գյուղացիների համար մեծ անհանգստության պատճառ է:

Այստեղ եւ հարեւան Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերում անպակաս են կրակահերթերը: Բարեկամավան գյուղում նախկինում ապրող 270 ընտանիքից այժմ մնացել է ընդամենը 40-ը, բոլորն էլ` ծերեր: Գյուղացիներն իրենք կատակով ասում են` «այստեղ մեռելներն են ապրում»:

Տավուշի մարզպետարանում տեղյակ չէին, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, պաշտպանության նախարարությունում հերքեցին տեղեկությունը` ասելով, թե պարզապես կրակոցները շատացել են, եւ գյուղացիներին թվացել է, թե առաջ են գալիս: Այնինչ, գյուղացիները պնդում են, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, այլեւս անհնար է դարձել հողագործությամբ զբաղվելը եւ պահանջում են իրենք իրենց հանգստացնելու փոխարեն մտածել թշնամուն հետ շպրտելու մասին:

Սա, կարծում ենք, ռազմական ագրեսիա է Հայաստանի նկատմամբ, որը կոնկրետ դիրքորոշում եւ գործողություն է պահանջում: