Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի չէ հստակ` արդյո՞ք ստորեւ բերվող բառերը Քրիստոսի՞նն են, թե՞ աղքատ հավատացյալներն Աստվածաշունչ գրելիս Աստծո որդուն են վերագրել այդ բառերը, բայց Աստվածաշնչում գրված է, որ Քրիստոսը ինչ-որ առիթով ասել է. «Ավելի հեշտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կմտնի երկնքի թագավորություն»: Ուշադրություն դարձնենք` Քրիստոսն ամենեւեին էլ չի ասել, թե հարուստի մուտքը երկնքի արքայություն իսպառ բացառված է, քանի որ մեծ ցանկության եւ հավատի դեպքում, ինչպես նույն Աստվածաշունչն է մեզ դարեր շարունակ սովորեցնում, հնարավոր է ամեն բան, օրինակ` ուղտի անցնելը ասեղի անցքով, հետեւաբար…
Մեր օրերում 1 մլն 100 հազար դոլար ունենալը նշանակում է, որ դու հարուստ ես, եւ ինձ համար հարուստ լինելու, առավել եւս` հարուստ լինելու ցանկության մեջ ոչ մի մեղադրելի բան չկա, կա ընդօրինակելի բան: Միշտ չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, թե իրենք ցանկություն չունեն հարստանալու: Դա նման է այն զինվորի ասացին, ով երդվում է, թե ինքը չի ցանկանում գեներալ դառնալ: Նորմալ չէ, մարդկային չէ: Եվ քանի դեռ մարդուն Աստված դառնալ խանգարում է նրա ստամոքսը, մարդը միշտ ձգտել է եւ ձգտելու է հարստության, եւ սա, գիտեք, նորմալ է, բնական, հատկապես շեշտում եմ` մարդկային:
Օրերս պարզ դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը 1 մլն 100 հազար դոլարանոց հաշվեհամար ունի HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում: Սա հնարավոր եղավ պարզել շնորհիվ լրագրողական հետաքննության եւ բանկի` սեփական հաճախորդների տվյալները բացելու տարօրինակ պատրաստակամության արդյունքում: Մայր Աթոռը պաշտոնապես չհերքեց այդ գումարի առկայությունը, ընդ որում` նաեւ այն, որ այդ գումարը հենց Գարեգին Երկրորդի անունով է: Սակայն հստակեցրեց, որ գումարի 1 մլն դոլար մասը անձեռնմխելի է, եւ հաշիվը բացվել է նախորդ կաթողիկոսի օրոք, այսինքն` կաթողիկոսների, ոչ թե կոնկրետ Գարեգին Երկրորդի գումարն է, իսկ այ 100 հազարը, որը 1 միլիոնի եկամուտն է, շարժական է, եւ Գարեգին Երկրորդը /օրվա կաթողիկոսը/ այն կարող է տնօրինել, հասկանալի է` բացառապես բարեգործական նպատակներով, ինչը եւ, ըստ Մայր Աթոռի ներկայացուցիչների, Գարեգին Երկրորդն արել է, անում է եւ անելու է:
Բայց ամեն ինչ պարզ եւ վճիտ չէ, անգամ` եկեղեցում, հատկապես` այնտեղ, ընդ որում` ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցում: Բանն այն է, որ ցանկացած, հատկապես` միջազգային հեղինակավոր բանկի համար ամենեւին նշանակություն չունի` իր հաճախորդը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն է, թե Գարեգին Ներսիսյան անունով ՀՀ քաղաքացին: Այսինքն` միջազգային բանկում կաթողիկոսների, սրբազաններ, մահմեդական իմամների կամ հրեական րաբբիների հաշվեհամարները ենթարկվում են այն նույն օրենքներին եւ կարգին, որոնց ենթարկվում են սովորական մահկանացուներիս հաշվեհամարները:
Այս համատեքստում առնվազն տարօրինակ է երկու բան: Նախ` եթե գումարը բացվել է /ինչպես Մայր Աթոռից են նշում/ Գարեգին Առաջինի օրոք, ապա նոր միայն փոխանցվել Գարեգին Երկրորդին, ապա ինչո՞ւ Գարեգին Առաջինը չէր կարող հաշվեհամար բացել ոչ թե իր, այլ Մայր Աթոռի անունով, չէ՞ որ բանկերում, հատկապես` միջազգային, առկա են, գործում են նաեւ իրավաբանական անձանց հաշվեհամարներ, եւ մի՞թե այսկերպ ամեն ինչ ավելի պարզ չէր լինի` հասկանալու համար:
Երկրորդ` ինչպե՞ս է Գարեգին Առաջինի մեկ միլիոն դոլարը, իսկ բանկում այն կոչվել է հենց Գարեգին Առաջինի մեկ միլիոն դոլար, նրա ի Տերն ննջելուց հետո ավտոմատ, շեշտում ենք` ավտոմատ, փոխանցվել Գարեգին Երկրորդին: Վերջինս Գարեգին Առաջինի իրավաբանական ժառանգո՞րդն է ճանաչվել, կա՞ն այդ մասին ոչ թե կրոնական, այլ իրավաբանական փաստաթղթեր… Եթե կան, ապա գուցե Մայր Աթոռը դրանք ներկայացնե՞ր` այսքան խոսելու փոխարեն:
Եվ ամենակարեւորը` այսօր կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանն արել է մի ուշագրավ հայտարարություն: Խոսելով բացահայտնման մասին` քահանան ասել է. «Անպատեհություն եւ բացահայտման հարց չկա, բանկի խնդիրն էր, որ պետք է ապահովեր իր հաշվեհամարների գաղտնիությունը»: Այլ կերպ ասած` Մայր Աթոռը, այսինքն` կաթողիկոսի մամուլի խոսնակը, այսինքն` կաթողիկոսն` ինքը, մեղադրում է բանկին` հաշվեհամարների գաղտնիությունը չպահպանելու համար: Բայց ինչո՞ւ, չէ՞ որ այդ 1 մլն անձեռնմխելի եւ 100 հազար ձեռնմխելի գումարը Գարեգին Երկրորդի անձնական գումարները չեն, այլ Մայր Աթոռինն են, իսկ մենք գիտենք, որ Մայր Աթոռը պետք է գումար ունենա, ավելին` մենք ուզում ենք, որ այդ գումարը շատ լինի եւ անընդհատ ավելանա:
Այնուամենայնիվ, հարստանալու կամ հարուստ լինել ցանկանալու մեջ ոչ մի հանցավոր բան չկա, նաեւ` անհանգստանալու բան, քանի որ մեծ հավատի դեպքում ուղտը կարող է հանգիստ անցնել ասեղի անցքով…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ