Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ ծավալված երկխոսությունը «ներկայացում» է որակում, որը երկկողմ շահ է հետապնդում: «Արդեն 5 ամիս է` այս գործընթացն սկսել է: Ինչի՞ են հասել, ոչ մի բանի, բացի նրանից, որ ընդդիմադիր ֆոնն է փոխվել»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` ՀԱԿ-ը պարզապես ձգձգում է պրոցեսը` մինչեւ սեպտեմբեր: «Դրանից հետո ՀԱԿ-ը նորից կվերականգնի իր բառամթերքը` ավազակապետությունների, մոնղոլ-թաթարների, գողերի ու ավազակների մասին եւ ուղիղ գծով կգնա ընտրությունների»,- համոզված է նա:
«Ժառանգության» ներկայացուցիչը մեղադրում է Կոնգրեսին երեք տարիները ընթացքում ընդդիմադիր դաշտը կազմաքանդելու համար: Նա հիշեցնում է, որ Կոնգրեսի ներկայացուցիչները կեղծ ընդդիմություն էին համարում բոլոր նրանց, ովքեր «ավազակների հետ որեւէ շփում էին ունենում»: Իսկ հիմա ՀԱԿ-ը կտրուկ փոխել է դիրքորոշումը. «Ասում է, թե կիսաբաց դուռ կա, ուզում ենք երկխոսել, եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ երկխոսությանը, մեր պետականության մասին չեն մտածում»:
Ստեղծված իրավիճակից օգուտով է դուրս գալու նաեւ իշխանությունը, որը, «Ժառանգության» փոխնախագահի պնդմամբ, վերարտադրվելու համար ուներ ՀԱԿ-ի կարիքը: «Նա եվրոպական կառույցներում ՀԱԿ-ի միջոցով կարողացավ ներկայանալ որպես լեգիտիմ եւ ժողովրդավար կերպար եւ թուլացրեց ընդդիմադիր ֆոնը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` շեշտելով, որ այս երկխոսությունից ժողովուրդը ոչինչ չի շահելու:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը չցանկացավ ՀԱԿ-ի «փաստաբանի» դերը ստանձնել: Նա միայն իշխանության անունից հայտարարեց, թե երկխոսությունը ոչ միայն ՀԱԿ-ի հետ է, այլ բոլոր այն ուժերի, որոնք շահագրգիռ են երկրի ու պետության առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ: «Եթե մեզ հետ փորձում են երկխոսել ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մենք հո չե՞նք կարող ասել` ինչու միայն ՀԱԿ-ի, մյուսները նույնպես թող գան»,- արձագանքեց իշխանության ներկայացուցիչը: