Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստին մասնակցելուց հետո ելույթ է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին:
«Մինսկի խմբի համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը շատ հուսադրող է և բավարարում է մեզ: Այդ հայտարարության մեջ հղում կար Հելսինկյան եզրափակիչ ակտին: Հելսինկյան եզրափակիչ ակտը ներկայացված է որպես հակամարտության կարգավորման հիմք: Այնտեղ տարածքային ամբողջականության հարցերը չեն հակադրվում ազգերի ինքնորոշման իրավունքին: Միևնույն ժամանակ, հստակ ուրվագծված է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:
Ըստ Ալիևի` երկրորդ կարևոր կետն այն է, որ համանախագահները նշում են` ստատուս քվոն ենթակա է փոփոխության:
Որպես երրորդ կարևոր կետ` Ադրբեջանի նախագահն ընդգծել է այն, որ Մինսկի խմբի համանախագահները խիստ ակտիվություն են ցուցաբերում խնդրի կարգավորման գործում:
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` Ալիևը նշել է, որ այդ հարցում չպետք է լինեն անհամաձայնություններ և կասկածներ: «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ մենք պետք է այդ մասին բարձրաձայն խոսենք: Այդ սկզբունքներով նախատեսվում է Ադրբեջանի 5 շրջաններից դուրս բերել հայկական զորքերը: 6 տարի անց դրանք դուրս կբերվեն նաև 2 շրջաններից: Տեղի բնակչությունը հետ կվերադառնա հայրենի տներ, իսկ Արցախին կտրվի ժամանակավոր կարգավիճակ: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական բնակչության անվտանգությունը կապահովեն խաղաղապահ ուժերը»,- ասել է նա:
Ալիևը նաև նշել է, որ կարող է ընդունվել Հայաստանին և Արցախին միջանցք տրամադրելու առաջարկը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, և կողմերի համաձայնության դեպքում այն կարող է գտնել իր լուծումը: Այսինքն առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որևէ իրավական կարգավիճակ: Այդ իսկ պատճառով ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա: Ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ՝ իշխանությունները երբեք չեն ընդունի դա»,-ասել է նա:
Ալիևն ասել է նաև, որ հայկական կողմը նորից սպառնում է Ադրբեջանին պատերազմով:
«Նրանք սարսափում են պատերազմից և միաժամանակ մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70 հազար հայ: 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 մլն-ից քիչ մարդ: 5-10 տարի անց մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, իսկ նրանցը՝ 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Մենք կարող ենք այդ ճանապարհով լուծել հարցը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկը հենց այն է, որ հարցը արագ լուծվի: Մենք էլ ենք դա ուզում: Բայց, կրկնում եմ, Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա», - ասել է նա: