կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 19:36
Հասարակություն

Հայրենասիրական ոգի արթնացնելու, դաստիարակելու եւ կրթելու համար

Հայրենասիրական ոգի արթնացնելու, դաստիարակելու եւ կրթելու համար

Հայկ Հովսեփյանի անվան բանակավայրում այսօր տեղի ունեցավ շատ սպասված իրադարձություն` առաջին անգամ Հայաստանում անցկացվեց ՀՄԸՄ քույր մասնաճյուղերի բանակումը, որի մասնակցում էին Հայաստանի, Իրանի եւ Միացյալ Նահանգների երիտասարդ սկաուտները: Այնուհետեւ նրանք ուղեւորվեցին Բյուրականի բանակավայր, որտեղ կանցկացնեն 7 օր:

Երիտասարդ սկաուտներին ողջունի խոսքով դիմեցին Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, ՀՄԸՄ եւ ՀԱՍԿ ատենապետ Բագրատ Եսայանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀԱՇ Եվրասիա տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Յուրա Երմիդյանը, ՀՄԸՄ ԿՎ անդամ Հարություն Հարությունյանը, ՀՄԸՄ, ՀԱՍԿ եւ բանակումի ընդհանուր խմբապետ Վիգեն Հովհաննիսյանը:

Իրանահայ Մինելի Սարգսյանը սկաուտական շարժման անդամ է արդեն երկար ժամանակ. «Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, կարծում եմ` յուրաքանչյուր հայ երազում է հայրենիքը տեսնել»:

Իսկ արմավիրցի Հասմիկ Սարգսյանը շարժման մասին իմացել է հայտարարության միջոցով. «Սկաուտական շարժման մասին կարող եմ միայն մի բան ասել` այն ստեղծվել է երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի արթնացնելու, մեր սերնդին դաստիարակելու եւ կրթելու համար»:

Միացյալ Նահանգներում բնակվող սկաուտ Մարալ Բաբիկյանը Հայաստանում առաջին անգամ է: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Երկար ժամանակ է ցանկանում էի գալ Հայաստան, եւ այս շարժումն էլ պատճառ եղավ, որ գամ ու տեսնեմ իմ պապերի երկիրը»:

Էմմա Ասատրյան