կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 12:08
Առանց Կատեգորիա

"Անհրաժեշտ" է մեղադրական դատավճիռ

"Անհրաժեշտ" է մեղադրական դատավճիռ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից մեկը  ՀՀ քաղաքացի Ռաֆայել Մասումյանն է` Երգիչ Աֆոն մականունով:

Համաձայն մեղադրականի` ՊԵԿ նախագահի դեմ 2009-ին կատարված մահափորձի պատվիրատուն Ռոբերտ Երիցյանն է` Մաքսային կոմիտեի մաքսանենգության վարչության նախկին պետը: Իսկ մահափորձը կատարել են խմբով, որի պարագլուխը Գագիկ Մաթեւոսյանն է` հայտնի Մուսկուլ Գագո մականունով: Պատվիրատուն խմբի հետ առնչվել է Ռաֆայել Մասումյանի միջոցով. վերջինս 150 հազար դոլար է վերցրել Ռ. Երիցյանից եւ փոխանցել Գ. Մաթեւոսյանին` որպես մահափորձի պատվերի վճար:

Մեղադրականում նշվում է, որ խմբի անդամները Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալ քրեական գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ: Այն բացառիկ էր, քանի որ որպես վկա հրավիրվել էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները:

Քրեական գործում Ռ. Մասումյանի դեմ ապացույց է հենց իր տեսաձայնագրված խոսքը, որտեղ պատմում է, թե ինչպես է գումարը վերցրել եւ փոխանցել: Ձայնագրությունն արվել է թբիլիսյան բանտում: Ինչպես նշեց Մասումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, երբ մահափորձի առթիվ քրեական գործ է հարուցվել, Մասումյանը գտնվելիս է եղել Վրաստանում եւ իմանալով իր` որպես մեղադրյալ ներգրավված լինելու մասին, խուսափել է վերադառնալ Հայաստան: Այնտեղ 2010-ի հունիսի 8-ին կալանավորվել է:

Դատարանում տրված իր վկայությունում ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը պատմեց, որ թույլտվություն ստանալով համապատասխան մարմնի կողմից, թբիլիսյան բանտում ներկա է եղել Մասումյանի հարցաքննությանը (բացի ինքը եւ քննիչը, ներկա են եղել նաեւ թարգմանիչը եւ Մասումյանի փաստաբանը): Ինքը ներս է մտել շարժական համակարգչով եւ, միացնելով վեբ-տեսախցիկը, ձայնագրել է իրենց զրույցը:

Մարուքյանը պատմում է, որ իր հետ զրույցի նախաձեռնողը եղել է Մասումյանը. նա աթոռը քաշել-նստել է եւ խնդրել Մարուքյանին, թե եթե իրեն փրկեն այդտեղից, տանեն Հայաստան, ինքն ամեն ինչ կպատմի: Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ պետք է պատմի, Մասումյանը ներկայացրել է գումար տալու-վերցնելու պատմությունը:

Այս ձայնագրությունն էլ, որպես ապացույ, կցվել է քրեական գործին: Մարուքյանի վկայությամբ, տեսանյութը չի մոնտաժվել եւ ներկայացվել է ամբողջությամբ:

Փաստաբան Տ. Աթանեսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Մասումյանին մինչ այդ հանդիպումը այցելել է մեկ այլ աշխատակից եւ համոզել նման զրույց ունենալ` պայմանով, որ իրեն կտեղափոխեն Հայաստան, այստեղ քիչ ժամկետով կազատազրկվի, եւ բաց կթողնեն: Քանի որ Մասումյանը Թբիլիսիի բանտում ադրբեջանցիների հետ մեկ խցում է եղել, խոշտանգումների է ենթարկվել, ելնելով այդ իրավիճակից համաձայնել է: Սակայն դրանից հետո, մինչ այժմ հերքում է իր մասնակցությունը մահափորձի գործին:

Տ. Աթանեսյանը նշեց, որ իր պաշտպանյալի դեմ օրենքով թույլատրելի ապացույցներ չկան. «Ապացույցներից մեկն իր զրույցն է` քննչական խմբի ղեկավարի հետ Թբիլիսիի բանտում: Զրույցը քննիչի եւ անձի միջեւ ապացույց չէ: Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է ապացույցների հստակ ցանկ, որտեղ նման ապացույց չկա»:

Սակայն, ինչպես նշեց Մ. Մարուքյանը, տեսանյութը ապացույց է համարվել` համապատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից մեկի` «Շենկն ընդդեմ Շվեյցարիայի» (12.07.1988 թ.):

Փաստաբանն առաջ է քաշում նաեւ այն, թե տեսաձայնագրությունը կատարվել է առանց իր պաշտպանյալի իմացության եւ նրան  նույնիսկ չեն էլ զգուշացրել, որ լռելու իրավունք ունի:  Իսկ Մարուքյանը դատական նիստի ժամանակ ասաց, թե ձայնագրությունը գաղտնի չի արվել. տեսախցիկը համակարգչի մեջ է եղել, ինչը §բուլավկա¦ չէ, որ անտեսանելի լիներ: Իսկ ինչ վերաբերում է զգուշացումներին, ապա դա պետք է աներ վրացի քննիչը, ինքը քննչական կողմ չի եղել:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, թե իր պաշտպանյալը ոչ նախանձելի իրավիճակում է հիմա հայատնվել. նա կապող օղակ է Ռոբերտ Երիցյանի եւ Գագիկ Մաթեւոսյանի միջեւ. «Ամեն կերպ «անհրաժեշտ» է մեղադրական դատավճիռ կայացնել. եթե նա արդարցվի, ապա կապը կկորչի»,- նա հավելեց, որ այս պատճառով չեն բացառվում արտադատարանական ճնշումները դատավորի վրա: Իսկ այն հարցին, թե իր կամ իր պաշտպանյալի վրա ճնշումներ կան, պատասխանեց` ոչ:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 13-ին:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ