կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 15:24
Տնտեսական

Երկաթուղային տրանսպորտը պահանջում է հատուկ զգոնություն

Երկաթուղային տրանսպորտը պահանջում է հատուկ զգոնություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության ուշադրությունը երթեւեկության անվտանգությունը նկատմամբ ավելի է մեծացել այն բանից հետո, երբ ընկերության հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ավելացվել է գնացքների գործող արագությունը: Հատկապես` Գյումրու եւ Երեւանի ուղեմասերի գնացքների արագությունները հասցվել են 70-80 կմ/ժ.-ի:

«Գնացքը չի կարող մեկ ակնթարթում կանգ առնել, իսկ մարդիկ գնում ու նստում են ռելսերի վրա` չպատկերացնելով, որ գնացքը կարող է հայտնվել վայրկյանների ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության երկաթե կառուցվածքների ծառայության պետի առաջին տեղակալ Աշոտ Ունուսյանը:

Նա ցավով նշեց, որ, չնայած մեքենավարների իրականացրած բոլոր հնարավոր գործողություններին, Փամբակ-Վանաձոր վազուրդի 2652 կիլոմետրում գրանցվել է մարդկային զոհ:

Ավելի հաճախ անուշադրության են մատնվում երկաթուղուն կից արոտավայրերի տնային կենդանիները:

«Դեպքերի թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելացել է 50-60 տոկոսով: Բազմիցս գրավոր եւ բանավոր նախազգուշացվել է գյուղական համայնքներին` զգուշավորություն ցուցաբերել անասուններ տեղափոխելիս»,- ասաց Ա. Ունուսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի «Ալմաստ» գործարանի հարակից տարածքում կառուցվում է կառամատույց, կատարվում է  երկաթուղու տարածքի աղբահանում: Այդ կայարանից գնացքը կմեկնի Սեւան եւ Շորժա:

«Սա արվել է մեր հայրենակիցների համար, արդեն հուլիսի 7-ից գնացքը կաշխատի դեպի Գեղարքունիքի մարզ»,- ասաց Ունուսյանը:

Աննա Բադալյան