| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լեռնային Ղարաբաղի հարցում Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ այն ոլորտների ուղղությամբ, որոնցում կարող է կառուցողական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին:
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերի խոսքով` Պենտագոնը չի կարող անտեսել այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար կարեւորագույն հիմնախնդիր է եւ էական դժվարություններ է առաջացնում այդ երկրների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում:
«Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի մոտեցումն այս պարագայում հետեւյալն է` կենտրոնանալ հատկապես այն ոլորտների ուղղությամբ, որոնցում մենք կարող ենք կառուցողական ու օգտակար օժանդակություն ցուցաբերել երկու երկրներին: Այնպիսի օժանդակություն, ինչն այդ երկրներին հնարավորություն կտա մեծացնելու իրենց ներդրումը միջազգային անվտանգության ամրապնդման գործում»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սելեսթ Վոլանդերը:
Խոսելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների մասին` Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակն իսկապես շատ բարձր է եւ շարունակում է աճել:
«Սկսած այն պահից, երբ ես պատասխանատվություն ստանձնեցի պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, մենք ընդլայնեցինք համատեղ իրականացվող մի շարք միջոցառումներ` կենտրոնանալով առավել ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրերի վրա: Մենք ավելացրել ենք այն վարժանքների ու ծրագրերի թիվը, որոնց Հայաստանը մասնակցում է: Հայաստանն իր հերթին ընդլայնել է միջազգային գործողություններում իր ներգրավվածությունը, այդ թվում` բոլորովին վերջերս Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում իր ներկայությունը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան: