Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերես «168 ժամ» թերթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը տպագրվել էր որոշ սղագրական թերություններով, որն էլ շահարկումների առիթ էր դարձել: Այսօր վարչապետն իր բլոգում անդրադարձել է այդ թեմային և, որպես պարզաբանում, ներկայացրել է սղագրությունն ու տեսանյութը: Վարչապետի գրառումը բլոգում ներկայացնում ենք ամբողջությամբ.
«168 ժամ» թերթին տված հարցազրույցիս մի հատվածը բուռն քննարկումների առիթ է դարձել: Իմ որոշ ընդդիմախոսներ և լրատվության միջոցներ ինձ արդեն մեղադրում են իշխանություն պահելու համար Հայաստանը դատարկելու մեջ: Ես սովորություն չունեմ մեկնաբանել անհեթեթություններն ու այդ մտավարժանքներին չեմ անդրադառնա: Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը, ինչպես նաև ձայնագրությունը՝ բոլոր տեսակի շահարկումներին վերջ դնելու համար:
Հարց. - Պարոն Սարգսյան, կրիտիկական զանգված միգուցե այս առումով չկա, որ շատ դժգոհ են, բայց էդ կրիտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան թե դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու: Հրապարակ դուրս չենք գալիս, մենք փախչում ենք մեր պրոբլեմներից, որովհետև մտածում ենք, որ այստեղ չենք կարող լուծել:
Պատասխան. -Եվ, հարցն ինչո՞ւմն է:
Հարց. - Եվ վիճակն իսկապես…
Պատասխան. - Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն (կատակով ծիծաղում են): Բայց ինչպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանի Հանրապետությունում: Պետք է մենք այնպես անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում, եթե դու սկսում ես Հայաստանում կյանքը բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է, ավելանում է զանգվածը, որն աջակցում է իշխանություններին, և դա իշխանությունների հաջողությունն է: Իսկ եթե իշխանությունները ունենում են անհաջողություն, ժողովուրդը ավելի հակված է իր ձայները տալ ընդդիմությանը: Ոչ մի իշխանություն, հավատացեք ինձ, այդպիսի ցանկություն չունի` այնպես աշխատել, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:
Իմ կողմից հավելեմ, որ արտագաղթի խնդիրը մեզ մտահոգող կարևորագույն հարցերից մեկն է, որի վերաբերյալ իմ դիրքորոշումը մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել հրապարակայնորեն հնչեցնել: Իմ կարծիքն այն է, որ ի թիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, կառավարության անելիքը մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է, ինչը կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանն` ինչն էլ ի նկատի եմ ունեցել հարցազրույցում: