Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական իրապաշտությունը ենթադրում է նաև առարկայական լինել անցյալի քաղաքական իրադարձությունները մեկնաբանելիս: Ցավոք, մենք դա չտեսանք առաջին նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ և փորձենք համեստաբար որոշ դիտարկումներ անել:
Շփոթեցնող է կրկին անվտանգության փոխարեն թմբկահարելըխաղաղության հարցը: Այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները: Վերջին տարիներին Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը տարածաշրջանում, այսպես կոչված դեպի խաղաղության հաստատման առաքելություն «միակողմանիորեն» թեքելով, մենք ավելի հեռացանք հակամարտության կարգավորման հայանպաստ լուծման վերջնակետից: Եվ դա պայմանավորված էր այն պարզ տրամաբանությամբ, որ Ադրբեջանը պատրաստ չէր և չի էլ ուզում պատրաստվել խաղաղության: Քանի մենք պատրաստ չենք, կամ ի զորու չենք ապահովել մեր անվտանգությունը, մեզ համար խաղաղություն չի լինելու: Տարածաշրջանային խաղաղությունը լավ բան է, բայց այն հաստատելու համար ևս ուժ է պետք, որը մենք չունենք, և այդ տեսանկյունից անիմաստ սնապարծություն է անընդհատ խաղաղությունից խոսելը: Իրականում թուրքի հետ հնարավոր չէ խաղաղ հարևանությամբ ապրել, բայց կարելի է այնպես անել, որ այդ հարևանությունը հնարավորինս անվտանգ լինի: Հետևաբար մեր նպատակը ոչ թե, կամ ոչ այնքան խաղաղության հաստատումը պետք է լինի, այլ որքան՝ մեր անվտանգության ապահովումը:
Առաջին հանրապետության անկման շրջանից բերված օրինակը որպես մոդել առաջարկվում էմանիպուլացված ձևով՝այսօրվա խնդրի լուծման համար, քանի որայն աղճատված ներկայացվեց: Ներկայացվեց, թեդաշնակցականներն ու կոմունիստներնիրար հետ լեզու գտան և Հայաստանում երկարատև խաղաղություն հաստատվեց: Իրականում իրար հետ լեզու գտան Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունները: Առաջին նախագահը պարտավոր էր այս կտրվածքով ներկայացնել իրողությունը:Առաջին հանրապետության տարիներին, հատկապես ակնարկվող ժամանակաշրջանում, Հայաստանի ներսում Դաշնակցությունը, որպես ղեկավար ուժ,այնպիսի ներքաղաքական խնդիրներ չուներ, ինչպիսին ունի Հայաստանի այսօրվա իշխանությունը: Պետք է ասել ոչ թե այն օրերին դաշնակցականներն ու կոմիունիստներն ունեցան խոհեմություն իրար հետ լեզու գտնելու և խաղաղություն ապահովելու, այլ Դաշնակցությունը որպես կուսակցություն խոհեմություն ունեցավ հանուն երկրի և ժողովրդի անվտանգության լեզու գտնել Ռուսաստանի հետ: Դաշնակցության մեջ կային մարդիկ (Դրաստամատ Կանայան և ուրիշներ), ովքեր համարձակություն ունեցան դրսևորելու այդ խոհեմությունը:
Բոլորովին անիմաստ և անտեղի էր պատմությունից բերված մյուս օրինակը: Երկրորդ աշխարհամարտի ավարտին Գերմանիայի և Ճապոնիայի կապիտուլյացիաները անհամեմատելի ենՀայաստանի հնարավոր կապիտաուլյացիայի հետ,թե՛ պատճառների, և թե՛ հետևանքների առումով: Նախ՝ թե՛ Գերմանիան, թե՛ Ճապոնիան պատժվեցին իրենց գործած հանցանքների համար: Հայաստանը նման հանցանք չի գործել: Երկրորդ, եթե Գերմանիան և Ճապոնիան ստիպված լինելուց բացի գիտակցաբար գնացին կապիտուլյացիայի, ապա նրանք գիտեին, որ ունեն վերականգնվելու համար բավարար տարածքային, մարդկային, նաև գաղափարական, բարոյական, հոգեբանական, կազմակերպական ներուժ: Անկեղծ և իրապաշտ լինենք, Հայաստանը դրանցից ոչ մեկը չունի:
Իսկ ի՞նչ չասվեց պատմությունից: Այո, ոչ մի խոսք, առավել ևս համոզիչ խոսք այն մասին, որ թուրքերի հետ ոչ մի պայմանագիր չի կարող երաշխիք լինել ոչ անվտանգության, ոչ էլ այնքա՜ն ցանկալի խաղաղության համար: Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորությամբ, կներեք արտահայտությանս համար, պետքարանի համար կօգտագործի Հայաստանի հետ ցանկացած խաղաղության պայմանագիր, եթե կարող է զավթել և նվաճել ավելին, քան նշված է այդ պայմանագրում: Որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը ոչ թե խաղաղության հաստատումն է, այլ Հայաստանի վերացումն ու ոչնչացումը: Ուրեմն պատրաստ լինենք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարին, որի մասին, ցավոք, առաջին նախագահը ոչինչ չասաց:
Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ,
պ.գ.դ., պրոֆեսոր