Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին և երրորդ նախագահների միջև սկսվել է հետաքրքրական հեռակա մի երկխոսություն, որը բացահայտում է ներկա և նախկին իշխանությունների գաղափարական և աշխարհայացքային ընդհանրությունները: Այն կարող է հանգեցնել քաղաքական դաշտում նոր և լուրջ սրբագրումների:
Խոսքը չի վերաբերվում միայն նրան, որ երկու նախագահներն էլ նախընտրում են բարդ, բազմաքայլ կոմբինացիաներով հագեցված տակտիկական պայքարը, որը Տեր-Պետրոսյանը պատկերավոր բնորոշեց որպես շախմատային պարտիա:
Հունիսի 22-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը փաստացի առաջին անգամ հրապարակավ, թերևս նաև ի լուր ընդդիմության, արտահայտեց իր ակնածանքն ու համակրանքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ. «Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները»,- ասաց նա` հստակեցնելով, որ հաշվի է առնում Տեր-Պետրոսյանի տեսակետների հետ:
ՀԱԿ առաջնորդը գուցե տեղյակ չէր, թե Ստրասբուրգում ինչպիսի ռևերանս է անելու իր «քաղաքական հակառակորդը»: Փաստն այն է, սակայն, որ դրա հաջորդ օրը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը բացահայտ կերպով արդարացնում է գործող նախագահի թե՛ ներքին և թե՛ արտաքին բոլոր ձեռնարկումները:
Նախ` նա նշում է, որ իշխանության և ՀԱԿ-ի միջև բաց, ֆորմալ երկխոսություն լինելու է: «Պատվիրակությունները, որոնք նշանակվել են Կոնգրեսի և նախագահի կողմից, կարող են հանդիպել և քննարկել բոլոր խնդիրները»,- ավելացնում է Տեր-Պետրոսյանը` փաստացի երկու պարզաբանում մտցնելով երկխոսություն հետագայի հետ կապված:
Առաջին` նա մերժեց անգամ իշխանության երկիմաստ արձագանքից հետո ավելի վճռական գործողությունների անցնելու հնարավորությունը:
Երկրորդ` Տեր-Պետրոսյանը անուղղակի պատրաստակամություն է հայտնում՝ շարունակել երկխոսության այս իմիտացիան: Նա խոսում է «բոլոր հարցերը» քննարկելու և «նախագահի կողմից նշանակված պատվիրակության» մասին, ինչը նշանակում է, որ ընդունում է Սերժ Սարգսյանի առաջարկած երկխոսության ձևաչափը և օրակարգային առայժմ վերացական հարցադրումները:
Բայց ավելի առարկայական էին արտաքին քաղաքականության հետ կապված նրա դիտարկումները: Նախ` նա բացահայտորեն վստահություն հայտնեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ռուսական թերթին ասելով, թե գործող նախագահը ամեն ինչ ճիշտ է արել. «Մեր դիրքորոշումներն այն հարցի շուրջ, որ պետք է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ամբողջովին համընկնում են, բացի Ցեղասպանության հարցից»:
Ավելին` նա անուղղակիորեն խոստովանում է, որ Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իրենց միակ առարկությունը` բոլորովին էլ սկզբունքային նահանջ չէ, ինչպես երկու տարի շարունակ ներկայացնում էին: Պարզվում է, եթե Հայաստանը շուտ լուծի ղարաբաղյան հիմնահարցը, որը, ի դեպ, նաև Թուրքիայի հստակ նախապայմանն է, հանձնաժողովի հարցն օրակարգից դուրս կգա: Սա անուղղակի համաձայնության արտահայտում է արձանագրությունների վավերացումն առկախված թողնելու Հայաստանի իշխանության որդեգրած մոտեցմանը:
Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ. «Հիմա դա մեզ դուր է գալիս, թե ոչ, բայց թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը: Կլուծեք Ղարաբաղյան հարցը, հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները»:
Նույն դրական վերաբերմունքն արտահայտվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում իշխանության դիրքորոշման վերաբերյալ: Հարցազրույցում նա այն միտքն է զարգացնում, որ ներկայումս ստեղծվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություն: Ակնհայտ է, որ նա նկատի ունի միջնորդների կողմից ներկայացված Մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունելու հնարավորությունը: «Բայց եթե այս գործընթացն էլ չհանգեցնի որևէ արագ հաջողության, ապա, այո, պատերազմ հնարավոր է»,- ասում է նախագահը` կրկին, ինչպես 1998թ., հարցը ներկայացնելով երկընտրանքի` փուլային կարգավորում կամ պատերազմ տեսքով:
Պատահական չէ, որ նա, զուգահեռներ անցկացնելով, պնդում է, թե նույն գործընթացն է` միակ տարբերությամբ, որ հիմա ավելի վատ լուծում է առաջարկվում, քան այն ժամանակ: Այսպիսով, կարելի է նկատել, որ արդեն որոշակիանում է Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան գաղափարական տանդեմը: Սկսված երկխոսությունը նրանց գաղափարական ընդհանրությունը քաղաքական կապիտալի վերածելու միջոց է դառնում:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ