կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-11 23:46
Առանց Կատեգորիա

Անկումներ սարսափից

Անկումներ սարսափից

(19 տարի առանց Հյուսիսային Արցախի)

Ու գաղթական զավակներիդ լուռ քայլերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, եւ՛ շեներից` տըխուր, դատարկ ու խավար:

 

Թե՛ թումանյանական տողերը եւ թե՛ Չարենցի` որպես վերնագիր ընտրված այս խոսքերը լավագույնս են արտահայտում 1992-ի ամռանը Արցախում ստեղծված հոգեվիճակը:

Պարտության դառնությունն առավել զգալի է լինում փայլուն հաղթանակներից հետո, եւ Շուշիից հետո անհավատալի կարող էր թվալ այն, ինչ որ մեկ ամիս անց տեղի ունեցավ: Կատարվածը եկավ հավաստելու նաեւ այն ողբերգական իրողությունը, որ հաղթանակներն իրապես բազում տերեր են ունենում, իսկ պարտությունները որբի նման անտեր են: Ահա այս պատճառով է, որ Շուշիի հաղթանակը բազում տերեր ունեցավ, եւ այդ §տերերը¦ մինչեւ այժմ էլ վիճարկում են, թե ում է պատկանում այդ հաղթանակը, իսկ Շահումյանի ու Մարտակերտի պարտությունները մինչեւ այսօր էլ անտեր են, եւ մեկը մյուսին է §նվիրում¦ այդ պարտությունները:

1992 թվականի հունիսի 12-ից Ադրբեջանը զինվածՙ այնտեղ տեղակայված նախկին խորհրդային չորրորդ բանակի ծանր տեխնիկայով, հարձակվեց, գրավեց Շահումյանի շրջանի բոլոր բնակավայրերը: Երեւանում մի պահ անհավատալի թվաց այս լուրը, բայց այն, դժբախտաբար, ոչ միայն ճիշտ էր։ Գյուլիստանի անտառներով ու Կարաչինարի ճանապարհով հունիսի 14-15-ին Հաթերք ու Թալիշ հասան առաջին փախստականները, եւ Շահումյանը Մարտակերտին միացնող ճանապարհը վերածվեց գաղթի ճանապարհի: Շահումյանը վերջանում էր այնտեղ, ուր անտառն էր վերջանում, եւ անտառից ելնելիս թվում էր, թե մարդիկ մի աշխարհից մի այլ աշխարհ են գնում կամ դուրս գալիս, որովհետեւ անտառից դուրս գալը թե՛ փրկություն էր եւ թե՛ հայրենիքը թողնել ու անտառի եզրագծի ծառերին հենվելիս մի խոր շունչ քաշելով, ասես Շահումյանի օդը մի վերջին անգամ շնչելով դժվար է ասել` փրկության ուրախությո՞ւնն էր ավելի շատ լինում, թե՞ չորսամյա իրապես հերոսական պայքարից հետո հայրենի երկրամասը թողնելու ցավը: Շահումյանից եկող գաղթի քարավանի` դեպ անտառի խորքը գնացող եւ կածանում կորչող հետագիծը երեւում էր ոչ միայն կոխկրտված ցեխի վերածված կանաչ արահետից, այլեւ նրա ճամփեզրին թափված անկողիններից ու տնային կահկարասուց:

Դժբախտաբար, երկու կամ երեք օր անց կարելի էր երանի տալ այդ օրերին, որովհետեւ ռազմական անհաջողությունների եւ խուճապի ալիքը տեղահանեց նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ, Չայլու, Լենինավան եւ մի շարք այլ գյուղերի բնակիչներին եւ ռազմաճակատի գիծը հասավ Մարտակերտին, ապա ընկան նաեւ Հաթերքը, Գետավանը, Մատաղիսն ու շրջակա բնակավայրը: Հաթերքից ու շրջկենտրոնից շարժվող գաղթականների հոծ շղթան իրար էր միանում Դրմբոնի ու Չլդրանի մոտ եւ այսպեսՙ բեռնատարներով եւ կամ էլ ոտքով շարժվում դեպ Ստեփանակերտ:

Արցախյան շարժման ու պատերազմի ամենաողբերգական եւ ճգնաժամային ամիսները դարձան 1992թ. հուլիս-օգոստոսը, երբ 1988 թվականի փետրվարին §Միացումով¦ ալիքվող Ստեփանակերտի հրապարակը վերածվեց գաղթականության մի ճամբարի: Օգոստոսին Ստեփանակերտում կար քառասուն հազարից ավելի գաղթական:

Շահումյանի ու Մարտակերտի գաղթականությունը Ստեփանակերտում կանգնեց մի ճակատագրական երկընտրանքի առջեւ. կամ այստեղից էլ բռնել Լաչինով Երեւան տանող ճանապարհը ու հայոց մայրաքաղաքը դարձնել աշխարհի տարբեր անկյունները ցրվելու միջանկյալ մի կետ եւ կամ էլ վերակազմավորվող ջոկատներով Ստեփանակերտից շարժվել ետ` դեպ ռազմաճակատ, թիկունքում ունենալով Երեւանն ու Ստեփանակերտը:
Նրանք, ովքեր ճակատագրական այդ երկընտրանքի պահին Ստեփանակերտում ուժ գտան գնալու հակառակ ճանապարհով, նրանք դիրքավորվեցին Մարտակերտից մնացած վերջին, բայց ողջ Արցախի համար նվիրականագույն հատվածում` Գանձասարի փեշերից մի կողմից դեպ Վաղուհաս եւ մյուս կողմիցՙ Առաջաձոր ու Կիչանի ոլորուն ճանապարհի անտառային հատվածները ձգվող դիրքերում:
Կենտրոնական պաշտպանական շրջանի վերածված ու անվանված այս փոքրիկ հատվածում, ուր վճռվում էր Արցախի ապագան, նրանք պարտությունների ամռանը հաջորդած անորոշությունների աշնանը կայունացրին ռազմաճակատի գիծը Կիչանից դեպ Ստեփանակերտ տանող ճանապարհի անտառային դիրքերում, ուր ձմռանը սառած հողը ակոսվում էր հրետանային հարվածներով ու ոռոգվում արյամբ, իսկ ծառերը տապալվում էին ոչ թե սղոցվելուց, այլ նույն հրետանային հարվածներից:
Արցախի պաշտպանական բանակի մնացյալ զորամիավորումների իրենց զինակիցների հետ 1993թ. փետրվարից մինչեւ 1994թ. մայիսը նրանք անցան ետդարձի այն ճանապարհով, որը մի կողմից հասավ ու անցավ Մարտակերտ շրջկենտրոնը եւ մյուս կողմից հասավ մինչեւ Հաթերք ու Թալիշ` կանգ առնելով Գյուլիստանի դիմահայաց բարձունքներում:
Այդ նույն ճանապարհին` Մռավի մյուս կողմի փեշերին, ստեղծվեց Հյուսիսային Արցախի վերհուշն իրենում կրող եւ մի օր այնտեղ հասնելու հույսը չկորցրած Շահումյանի այսօրվա վարչական շրջանը` նախկին եւ պատմության անիմանալի ընթացքով գուցե թերեւս նաեւ ապագա շահումյանցիներով:
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ