կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-20 17:17
Հասարակություն

Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից

Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից

Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:

Սևանա լճից ջրի բացթողումն իրականացվում է ՀՀ կառավարության երկու որոշումների հիման վրա. «Պայմաններ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման մասին» որոշմամբ սահմանվում են ընդհանուր պայմանները, իսկ «Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի մասին» ամենամյա որոշմամբ՝ ջրբացթողնման տարեկան ծավալները: Սևանա լճից բացթողնված ջուրը հոսում է Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքով, որից էլ սնվում են ոռոգման մայր ջրանցքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սևանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է, որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը:

Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ: Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են «Ջրառ» ՓԲԸ 4 մասնագետներ, առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, համակարգիչներ և արդի հաշվառման սարքավորումներ:

Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետևել ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սևան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին և այլն: Սևանից կատարվող ջրբացթողումները և, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն