Սպառողական գները կրկին աճում են, թեև ավելի դանդաղ: Նախորդ ամսվա գնանկմանը փոխարինելու է գալիս գնաճը: Մասնավորապես՝ գնաճը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), 2011թ. մայիսին ապրիլի համեմատ կազմել է 0,04%:
2010թ. մայիսի համեմատ այս տարվա նույն ամսին սպառողական գներն աճել են 9%-ով, իսկ 2010թ. հունվար-մարտի համեմատ 2011թ. նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 10,2%։ Ընդ որում՝ դրսևորվում է անցած ամսվա նույն միտումը՝ աճում են ոչ պարենային ապրանքների գները, որը կրկին բացատրվում է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 5,2% և 4,2% գնաճով։ Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլին նույն տարվա մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել էին համապատասխպանաբար 3,9% և 5,8%-ով: Այդպիսով՝ 2010թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13,7% և 21,6%-ով: Մնացած ոչ պարենային ապրանքների գները համեմատաբար կայուն են եղել, իսկ ահա ոսկերչական ապրանքների գները 2011թ. ապրիլի համեմատ 5,5%-ով աճել են:
Պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը մայիսին ապրիլի համեմատ եղել է կայուն, իսկ 2010թ. մայիսի համեմատ գներն աճել են 16,2%-ով: ԱՎԾ-ի կողմից դիտարկվող 13 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է գնաճ՝ 0,1-1,3%, 3-ում՝ գնանկում` 2,1-0,1%, իսկ մյուս 3-ում գների փոփոխություն չի արձանագրվել: Ինչպես նախորդ ամիս, բարձրացել է շաքարավազի գինը 0,4-3,7%-ով, ընդ որում՝ 2011թ. ապրիլին մարտի համեմատ շաքարավազի գինն աճել էր 4,2%-ով, անցյալ տարվա մայիսի համեմատ գնաճը կազմել է 7,8%: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում ևս արձանագրվել է գնաճ, մասնավորապես` ապրիլի համեմատ գնաճը կազմել է 1,1%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 17,6%:
Մրգի ապրանքախմբում գնաճը կազմել է 0,8%, ընդ որում՝ 2010թ. մայիսի համեմատ այս ապրանքախմբում արձանագրվել է 19,9% գնաճ։ Փաստենք, որ այս տարվա ապրիլին մարտի համեմատ այս ապրանքախմբում արձանագրվել էր գնանկում` 1,8%-ով: Ընդ որում՝ մրգերի գները, բացի ելակի (-10,6%), ադամաթզի (-2,2%) և խնձորի (-,3%) գներից, աճել են: Իսկ նշված մրգերի գների նվազումը կրում է բացառապես սեզոնային բնույթ:
Մսամթերքի գները ևս աճել են։ Մասնավորապես՝ մսի գնի աճն ապրիլի համեմատ կազմել է 0,5%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 9%:
Գնաճ է արձանագրվել նաև կաթնամթերքի շուկայում՝ 0,5%, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 22,4%: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում, ապրիլի հետ համեմատած, արձանագրվել է 2,1% գնանկում, իսկ 2010թ. մայիսի հետ համեմատած՝ այս ապրանքախմբի գնաճը կազմել է 35,4%:
Ծառայությունների սակագները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,1%-ով, որին նպաստել է հանգստի կազմակերպման ծառայությունների` 3,2%, կոմունալ ծառայությունների` 0,5% և մշակույթի ոլորտի՝ 0,1% գնանկումը: Փոխարենը աճել են բուժսպասարկման ծառայությունների գները 0,1%-ով, իրավաբանական ու բանկային ծառայություններինը` 0,6%-ով, տրանսպորտինը` 0,9%-ով:
2011թ. առաջին հինգ ամիսների սպառողական գները, նախորդ ամիսների հետ համեմատած, ունեցել են հետևյալ տեսքը` հունվարին գների աճը եղել է 6,4%, փետրվարին` 0,9%, մարտին` 0,9%, ապրիլին արձանագրվել է 0,6% գնանկում, իսկ արդեն մայիսին գների մակարդակը եղել է կայուն:
Հիշեցնենք, որ նշված հինգ ամիսների ընթացքում գնաճի ճնշման նպատակով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25%-ից բարձրացվել է 8,5%-ի, որը փաստորեն իր ազդեցությունը թողեց ընդամենը 1 ամիս, մասնավորապես` ապրիլին արձանագրվեց սպառողական գների չնչին` 0,2% անկում, իսկ մայիսին արդեն գների մակարդակը կայուն էր: