Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նույն խնդրով երկու վարորդ ճանապարհային ոստիկանների գրած արձանագրության հետ չեն համաձայնել ու դիմել են դատարան: Վերջինս վարորդներին անմեղ է ճանաչել, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի գտնում, ավելին` ճանապարհային ոստիկանները շարունակում են տուգանել նույն պատճառով:
Բաղրամյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա մեքենայով թեքվելու համար վարորդները պետք է հետեւեն լուսանշանի կանաչ լույսին: Ավելի ճիշտ` պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որ կարողանան հետեւել... Լուսացույցի դիմաց սյուն է տեղադրված, կողքն էլ` ծառ, ու երկուսը միասին փակում են լուսացույցին հետեւող վարորդի տեսադաշտը: Վարորդը պետք է ուղիղ լուսանշանի տակ կանգնի, որպեսզի կարողանա տեսնել` կարմիր է, թե կանաչ: Այս խնդրին Երեւանում երթեւեկող վարորդներից շատերն են հանդիպել:
Վարորդները բողոքում են, որ դժվար տեսանելիությունը բավական չէ, ճանապարհային ոստիկաններն էլ հատուկ ուշադրություն են դարձնում դրան, այսինքն` խախտողներին: Բնականաբար, լուսանշանի յուրաքանչյուր թարթումից մի խախտում լինում է` առնվազն:
«Ոչ մի վարորդ, եթե մանավանդ մարզից է, արտասահմանից է, ցերեկը չի եղել այստեղ, չգիտի, սրա պատճառով չի տուժել, չի կարող իմանալ, որ ստեղ աջ կողմը փակ է: Աջը փակող ոչ մի կարմիր նշան չկա: Կա միայն լուսացույցի կանաչ լույս, որը նշանակում է քշի»,- դժգոհում է Արմեն Եղիազարյանը, ով մի քանի օր առաջ քիչ էր մնում դատարանների դուռն ընկներ:
Լույսը չէր նկատել, անցել էր, իսկ ճանապարհային ոստիկանը իր թուղթ ու գրիչը վերցրել եկել էր տուգանելու: «Չկարողացան ինձ ապացուցել, որ ես սխալ եմ, ես էլ ասել եմ` դուք խնդիր չունեք, գրեք, ես դատի կտամ: Ասում եմ, ես կանաչը չեմ տեսնում, ինքն էլ ասում է` քո աջը բաց չէր: Ի՞նչ իմանամ` իմ աջը բաց էր, թե չէ»,- դժգոհում է Արմենը:
Ավտովարորդների իրավունքների ու պաշտպանության «Աքիլլես» միությունը վարորդների բողոքների հիման վրա արդեն երկու դատական գործ է շահել, սակայն խնդիրը չի լուծվում: «Վարորդը պետք է իր առջեւ նայի, աջ ու ձախ նայի, ոչ թե վերեւ: Վտանգը վերեւից չի գալիս, վտանգը ճանապարհից է գալիս: Հետեւապես, նա պետք է ճանապարհին նայի»,- ասում է «Աքիլլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ճանապարհային ոստիկանությունը խնդիրը լուծելու համար եւս մեկ հայելային լուսացույց է տեղադրել Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում, որը վարորդի համար Բաղրամյան 1 հասցեից անտեսանելի կամ դժվար տեսանելի է: Կառավարության` 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն որոշման համաձայն, լուսացույցի պատկերանիշերը պետք է երեւան առնվազն 50 մ հեռավորությունից:
«Վարորդը պետք է կարողանա ոչ միայն տեսնել, այլեւ ընկալել նշանը: Դրա համար ժամանակ է պետք: Կարող ա տեսնի, բայց չի հասցնի ընկալել, որ այստեղ այսպիսի բան պետք է անել: Բաղրամյան 1-ի նշանը երեւում է ընդամենը 7 մետրից, իսկ հայելայինը պետք է գտնել, որ տեսնես ու ընկալես»,- ասում է Է. Հովհաննիսյանը:
Խնդիրը լուծելու համար երկու տարբերակ կա` կամ պետք է լուսանշանը տեղափոխել դեպի ձախ, կամ սյունը տեղափոխել: Լուսացույցի տեղափոխումը ճանապարհային ոստիկանության գործն է, սյան տեղափոխումը` քաղաքապետարանի, ճյուղի կտրելը` թաղապետարանի: «Մեկը ասում է` սղոց չունեմ, էն մեկն էլ, թե` բենզին չունեմ: Լավ, մեկը չկա՞ էդ ճյուղը կտրի: Հետեւող է պետք, ընենց տպավորություն է, որ մարդ չունեն, եսիմ ինչ չունեն»,- ասում է ավտովարորոդների իրավունքների ու պաշտպանության միության նախագահը: Նա նշում է, որ պարզապես մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը, եւ խնդիրը չի լուծվում. ոչ քաղաքապետարանն է գործ անում, ոչ ճանապարհային ոստիկանությունը:
«Ճանապարհային ոստիկանությունն ասում է` դե մենք տեղադրել ենք համաձայն կանոնների, եւ դա մեր գործը չի, որ չի երեւում: Եթե չի երեւում, ինչի՞ են տեսուչները այդտեղ կանգնում ու տուգանում: Եթե գիտես, որ այդպես է, ինչի՞ չես հրահանգում քո տեսուչներին, որ այդտեղ չկանգնեն, մինչեւ էդ հարցը լուծվի: Քաղաքապետարանն էլ ասում է` չենք կարող տեղափոխել, որովհետեւ այդ սյունը ծանրաբեռնված է»,- ասում է մեր զրուցակիցը:
Հուսանք, որ առաջիկայում թաղապետարանը բյուջեի խնայողությունների, վարկերի, հավաքագրված հարկերի կամ այլ ճանապարհով կկարողանա սղոց գնել, որ գոնե ճյուղը կտրի: Թե չէ` լուսացույցի ու սյան հարցերը լուրջ են երեւում:
Զոհրաբ ՄԱՄԻԿՈՅԱՆ