Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Երկիրի հարցազրույցը ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի հետ:
- Երեկ լրացավ հրադադարի ստորագրման 17-րդ տարին: Ինչպե՞ս կգնահատեիք ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում հրադադարի պահպանման ներկայիս վիճակը:
- Ցավոք, վերջերս հաճախակի դարձած միջադեպերը պարզ վկայում են, որ դրական քիչ բան կա հրադադարի պահպանման առումով, բայց ինչ-որ թերություններով հանդերձ եւ միջադեպերի պայմաններում, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ պահպանվում է հրադադարը, ինչը որոշ առումով դրական է, քանի որ լայնածավալ պատերազմի չի վերսկսվել: Մենք բազմիցս ասել ենք, որ արցախյան կողմը եւ, ընդհանուր առմամբ, հայ ժողովուրդը, անցնելով Արցախյան պատերազմը եւ դուրս գալով` որպես հաղթանակող կողմ, ամենաշատը չի ուզում պատերազմի վերսկսում, քանի որ նոր պատերազմը նշանակում է զոհեր, ավերածություններ եւ այլն: Բայց, միեւնույն ժամանակ, եթե մեր հակառակորդը գնա այդ քայլին, ինչպես անցած անգամ էր, առնվազն այդքան էլ կլինի այս անգամ:
Գտնում եմ, որ սահմանում տիրող այսօրվա իրավիճակի պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիսում են Ադրբեջանի հետ մեկտեղ: Բազմիցս շեշտել ենք, որ եթե հանդես են գալիս որպես միջնորդներ եւ ինչ-որ բան են ասում՝ պետք է նշեն կոնկրետ մեղավորներին՝ թե կողմերից որն է խախտում հրադադարը, սակայն դա չենք տեսնում, բայց նրանք դարձյալ ասում են, որ կարգավորման տարբերակը պետք է նախատեսի անվտանգության պահպանման միջազգային երաշխիքներ: Դրանով, կարծում եմ, տեղիք են տալիս կասկածի տակ դնել ցանկացած առաջարկ կամ տարբերակ: Ի՞նչ երաշխիք կա, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Ադրբեջանը կպահպանի հրադադարը կամ կկատարի իր պարտավորությունը, եւ որ չպահպանելու դեպքում միջազգային հանրությունն ինչ-որ սանկցիա կկիրառի: Իսկ առանց միջնորդների նման կեցվածքի բանակցային գործընթացում ոչ մի լուրջ առաջընթաց չի լինի:
- Սահմանում, կարելի է ասել, պատերազմը շարունակվում է: Հետաքրքիր է, Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է համարժեք պատասխան տալ հակառակորդին:
- Անշուշտ: Ասեմ ավելին՝ ես չեմ էլ կասկածում, որ արդեն իսկ տվել են: Ադրբեջանի զինված ուժերի կողմից յուրաքանչյուր ոտնձգության համարժեք պատասխան պետք է տրվի: Սահմանում պատերազմի կանոններով պետք է առաջնորդվել: Միակողմանի ի՞նչ խաղաղապահություն խաղանք, եթե մեր հակառակորդը դա չի ընդունում եւ ,թաքնվելով հրադադարի պահպանման քողի տակ, իրականում այլ քաղաքականություն է փորձում վարել:
- Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ միջազգային հանրության, այսպես ասած, անտարբերությունը եւ սահմանում հրադադարի խախտումների հետ կապված զարգացումները, որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:
- Ինչպես արդեն նշել եմ, հայկական կողմն ամենաշատը չի ուզում պատերազմի վերսկսում, քանի որ մենք գիտենք յուրաքանչյուր հայի կյանքի գինը: Գտնում եմ, որ պատերազմի վերսկսման սպառնալիքը միշտ էլ կա ու իր ակտուալությունը չի կորցրել: Ժամանակին՝ 1994-ի մայիսին, թշնամուն հնարավորություն ունեինք ավելի լուրջ հարված հասցնել, որ գիտակցի, թե ում հետ գործ ունի եւ հասկանա, որ հայկական կողմի հետ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը ճիշտ տարբերակ չէ, ավելին՝ անհնար, բայց գնացինք հրադադարի հաստատմանը: Եվ այդքան տարիների ընթացքում Ադրբեջանը դիվանագիտական ասպարեզում ներկայացնում է հակամարտության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություններ, արդեն փորձում է հայերին մեղադրել ցեղասպանության մեջ, պատմությունը փոխել եւ այլն: Ինչպես նաեւ շարունակվում է զինվել: Այս ամենից համապատասխան դասեր պետք է քաղենք: Ե'վ Արցախի, ե'ւ ՀՀ իշխանությունները, ե'ւ հայ ժողովրդի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում համապատասխան հարված ենք տալու, որ հակառակորդը հասկանա, որ պատերազմը տարբերակ չէ: ԵԱՀԿ-ն էլ իր հերթին պետք է հասկանա, որ, նման թուլություն ցուցաբերելով, նա, որպես միջնորդ, իջեցնում է իր հեղինակությունը: Եթե նա իր անգործունակությունն է ցույց տալիս այս հարցում, հետեւաբար միջազգային հանրության կողմից ներկայացվող այս կամ այն տարբերակի վերաբերյալ մենք կունենանք մեր հիմնավոր կասկածները:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է քաջ գիտակցի, որ այս պատերազմը չի լինելու այն, ինչ եղել է՝ հաշվի առնելով այն, թե այս տարիների ընթացքում ադրբեջանական եւ հայկական կողմերն ինչքան են զինվել: Եթե հանկարծ պատերազմական գործողությունները վերսկսվեն՝ հետեւանքները ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային արձագանք կունենան, քանի որ տարածաշրջանում, բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչ շահերի տարաձայնություններ կան՝ նաեւ համաշխարհային մակարդակով: