Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանություն-ՀԱԿ երկխոսության թեման վերլուծությունների ու շահարկումների նյութ է դարձել. երկխոսության թեմայով խոսում են քաղաքական գործիչներն ու քաղաքագետները: Անգամ բակում շախմատ խաղացող թոշակառուները կամ տաքսիստները, ովքեր այնքա~ն սիրում են բանավիճել քաղաքական հարցերի շուրջ, փորձում են կռահել` հիմա երկխոսո՞ւմ են, թե՞ ոչ: Ո՞ւր են հասնում այդ «երկխոսության» սաղմերը:
ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության շուրջ «Երկիր»-ի հարցերին պատասխանում են «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ եւ «7or.am» լրատվական կայքի տնօրեն Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆԸ:
- Ինչպե՞ս եք գնահատում, այսպես կոչված, արմատական ընդդիմության այսօրվա մարտավարությունը: Սա իսկապես ճնշո՞ւմ է իշխանության նկատմամբ, թե՞ պարզապես իմիտացիա:
Արամ Աբրահամյան.- Կարծում եմ, որ դա ոչ ճնշում է, ոչ էլ` իմիտացիա: Դա սովորական քաղաքական գործունեություն է, որը քաղաքակիրթ աշխարհում ծավալում են բոլոր նորմալ ընդդիմությունները: Այսինքն` միտինգներով եւ այլ տեսակի գործունեությամբ նրանք հայտնում են իրենց տեսակետը, եւ եթե այդ տեսակետը ժողովրդականություն է վայելում, այսինքն` այդ տեսակետի կողմնակիցները հազարավոր մարդիկ են, ապա դա, անշուշտ, գործոն է քաղաքականության մեջ: Իսկ եթե այդ տեսակետի կողմնակիցները հարյուրավոր մարդիկ են, դա գործոն չէ: Տվյալ դեպքում, առայժմ կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ի տեսակետն ունի հազարավոր կողմնակիցներ, այդ պատճառով էլ դա հանդես է գալիս որպես գործոն մեր այսօրվա քաղաքական կյանքում:
Անդրանիկ Թեւանյան.- Գաղափարական առումով ես որեւէ տարբերություն չեմ տեսնում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմերի միջեւ: Այսպես կոչվածՙ երկխոսությունը, որի մասին հիմա է շատ խոսվում, կար շատ վաղուց` դեռեւս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը ողջունեց Սերժ Սարգսյանի քայլերը: Եվ կարելի է ասել, Սերժ Սարգսյանի ձախողումն ու խայտառակ պարտությունը ֆուտբոլային դիվանագիտության մեջ վերաբերում է նաեւ Տեր-Պետրոսյանին: Այսինքն` մենք այսօր ունենք երկու սուբյեկտներ, որոնք խոշոր պարտություն են կրել եւ, բացի այն, որ Սերժ Սարգսյանը պարտվեց արտաքին քաղաքականության «նախաձեռնողականության» մեջ, նա պարտվեց նաեւ ներքին կյանքում: Այս ամենը բերեց նրան, որ նրա դիրքերը թուլացան եւ, բնականաբար, իր այդ դիրքերը պահելու համար նա պետք է դիմեր իր ամենամոտ գաղափարական զինակցին` Տեր-Պետրոսյանին: Դա ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որովհետեւ դրանով նա կկարողանա պահել իր աթոռը: Խոսել, որ Տեր-Պետրոսյանի թիմը լրջագույն ճնշումներ է կիրառում, Սերժ Սարգսյանն էլ զիջում է իր դիրքերը, առնվազն մանկամտություն է:
- Շատ վերլուծաբաններ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ավելի շատ համարում են գործարք` խորհրդարանական մանդատներն իրար մեջ կիսելու համար:
Ա. Ա.- Ես համաձայն չեմ երկրորդ մասի հետ, այսինքն` ՀԱԿ-ն ու իշխանությունը հաստատ չեն բանակցում կամ չեն սակարկում խորհրդարանական մանդատների վերաբերյալ: Ինչ վերաբերում է գործարքին, ապա բոլոր քաղաքական քայլերը, որոնք քննարկում են քաղաքական ուժերը, որոշ վերապահումով կարելի է անվանել գործարք, այսինքն` դու ինչ-որ բան առաջարկում ես եւ ինչ-որ բան դրա դիմաց ստանում: Այդ իմաստով, ոչ միայն Կոնգրեսը, այլեւ մնացած բոլոր ուժերը գործարքների մեջ են:
Ա. Թ.- Այստեղ գործարք կա, իհարկե, բայց խոսքը ոչ թե մանդատների մասին է, այլ, ավելի շատ, ընդհանուր վախի. Սերժ Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին միավորում է ոչ միայն երկուստեք պարտվածությունը գաղափարական դաշտում, այլ երկկողմանի վախը: Նրանք երկուսով վախենում են, որ մեկի հեռացման պարագայում դաշտից կհեռանա նաեւ մյուսը: Իսկ մանդատները եւ այլն, դրանք արդեն ածանցյալ երեւույթներ են:
- Ինչպե՞ս կզարգանան ՀԱԿ-իշխանություն հարաբերությունները մայիսի 31-ից հետո. ընդդիմությունը հայտարարում է, որ օրակարգ կմտցնի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, ինչը հերքվում է իշխանության ներկայացուցիչների կողմից:
Ա. Ա.- Ենթադրում եմ, որ Կոնգրեսը չի կարողանա միանգամից հրաժարվել արտահերթ ընտրությունների պահանջից եւ որոշ ժամանակ դա պնդելու է, բայց ենթադրում եմ նաեւ, որ այդ պահանջը չի իրականանա: Բայց, բոլոր դեպքերում, հուսով եմ, որ այս պրոցեսների շնորհիվ հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք մեկ տարուց տեղի են ունենալու, կանցնեն ավելի խաղաղ, ավելի հանգիստ մթնոլորտում:
Ա. Թ.- Խոսքն այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պետք է համագործակցեն, ինչպես, ասենք, Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Այսինքն, չի ենթադրվում, որ Տեր-Պետրոսյանն իշխանության մաս կկազմի: Նրանց համագործակցությունը քաղաքական դաշտը փակելուն է ուղղված. այսինքն` Սերժ Սարգսյանի իշխանություն եւ Տեր-Պետրոսյանի, այսպես կոչվածՙ ընդդիմություն: Իհարկե, մայիսի 31-ից հետո ՀԱԿ առաջնորդը կրկին կհայտարարի, որ ինքն արտահերթ ընտրություններ է պահանջում, բայց դա ավելի շատ հռետորաբանություն է եւ ուղղված է «զոմբիներին» տաք պահելու քաղաքականությանը: Իրականությունն այն է, որ մենք գնում ենք հերթական ընտրությունների: Մենք գործ ունենք մարգինալ իշխանության եւ մարգինալ ընդդիմություն կոչվածի հետ: Երկուսն էլ քաղաքական տեսակետից պարտված եւ ձախողված գործիչներ են, եւ իրենց այսօրվա կարգավիճակները պահպանում են իներցիայի շնորհիվ: Այլընտրանքային քաղաքական պրոցեսների արդյունքում երկուսն էլ կհայտնվեն խաղից դուրս վիճակում, քանի որ երկուսի դեմ աշխատում է ժամանակը` իրենց լրջագույն օպոնենտը:
- Արդյո՞ք այս երեք պահանջների ներկայացումով եւ իշխանությունների կողմից դրանց բավարարումով ՀԱԿ-ը կկարողանա իր շուրջը պահել սոցիալական իրավիճակից դժգոհ ընտրազանգվածին:
Ա. Ա.- Նախ, ենթադրում եմ, որ մայիսի 31-ից հետո նույնպես սոցիալական պահանջներ նրանք առաջ են քաշելու: Երկրորդ, այո, կա այդ խնդիրը, եւ ոչ այնքան սոցիալական, որքան արմատական ու վճռական քայլերի կողմնակիցների քանակը գուցե կպակասի, բայց, մյուս կողմից, գուցե կավելանա ավելի զուսպ, ավելի մտածված քայլերի կողմնակիցների քանակը:
Ա. Թ.- Նախ սկսեմ նրանից, որ ՀԱԿ-ի շուրջը որեւէ լուրջ հասարակական շերտ չկա, դրանք այն փոքրաքանակ մարդիկ են, որոնք ուղղակի կազմակերպված են: Դա ավելի շատ թվացյալ տպավորություն է, քան իրական:
- Ակնհայտ է, որ մինչեւ մայիսի 28-ը ազատ են արձակվելու մարտի 1-ի գործով բոլոր ձերբակալվածները: Ըստ ձեզ, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը փորձում միջնորդներ ներգրավել այս պրոցեսում:
Ա. Ա.- Որպեսզի այդ քաղբանտարկյալներին ազատ արձակելիս վկայակոչի այդ միջնորդներին, որպեսզի ասի, ասենքՙ կաթողիկոսը, ԱԺ նախագահը եւ մտավորականների ինչ-որ խմբեր խնդրել են ինձ, ես էլ ընդառաջ եմ գնացել նրանց խնդրանքներին:
Ա. Թ.- Քանի որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բոլշեւիկյան մտածելակերպ ունի, բնականաբար, այդ ոճով փորձում է աշխատավորական կոլեկտիվների նամակներ ստանալ, ուղղակի շատ ավելի գռեհիկ ոճով ու շատ ավելի ծիծաղելի: Եթե Սերժ Սարգսյանն ուզում է ցույց տալ, որ համընդհանուր խնդրանքների արդյունքում ինքն ահա այդպիսի մեծահոգի քայլեր է անում, դա առնվազն ծիծաղելի է:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ