Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ հանրահավաքները կշարունակեն մարդաշատ լինել; Դա հիմա արդեն ձեռնտու է թե' ՀԱԿ-ին եւ թե' իշխանությանը: ՀԱԿ-ին` որ ընդդիմադիր ընտրազանգվածին ցույց տա, թե Լեւոնն ինչ անում է` ճիշտ է անում, եւ նրա հետեւից գնում է մարդկանց մեծ բազմություն, իսկ իշխանությանը` որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչքան հնարավոր է շատ մարդու գլուխ լցնի այն ցնդաբանությամբ, թե իշխանությունն իրոք քայլեր է անում երկրի տնտեսությունը շտկելու, ժողովրդավարական ազատությունների շրջանակի ընդլայնման, ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչների խոսքին ու կամքին վստահող այլեւս չէր մնացել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ մի տեղ չտանող ՀԱԿ-ն էլ հոգնեցրել էր իր հետեւորդներին: Մի փոքր էլ ձգվեր նախկին վիճակը, հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեին Հայաստանում:
Կոալիցիոն նոր համաձայնագիրը Սերժ Սարգսյանին չտվեց եւ չէր էլ կարող տալ այն, ինչն ապահովելու էր իր հաղթանակը 2013-ին` չնայած երեք կուսակցությունների հայտարարությանը, թե սատարելու են գործող նախագահի թեկնածությանը: Մի կողմից` երկրի ծանր տնտեսական վիճակը, մյուս կողմից` անկատար օրենքների ու տարբեր ոլորտների անազատությունների պատճառով արտաքին աշխարհից եկող ծանր ֆինանսական պատիժները, երրորդ կողմից գործող կառավարության անճարակությունը` 2013 թվականին Հայաստանը կարող էին հասցնել կատաստրոֆիկ վիճակի:
Այսօր Սերժ Սարգսյանն այդ վիճակից է, որ փորձում է խույս տալ: Հիշենք, թեկուզ ՀՀ վարչապետի գլխավորությամբ տնտեսական բլոկի նախարարների ու ԿԲ նախագահի հետ նրա անցկացրած խորհրդակցությունը, որի ժամանակ կառավարության առջեւ հստակ խնդիր դրվեց` մինչեւ մայիս-հունիս կասեցնել սանձարձակ գնաճն ու գներն իջեցնել աչքի համար սովորական դարձած մակարդակի: Ուզածդ ամենաձեռնահաս կառավարության համար նույնիսկ դա կարող էր հրաժարականի լուրջ պատճառ լինել, բայց, ինչպես տեսնում ենք, մեր կառավարությունը շարունակում է անխռով աշխատել եւ բառիս բուն իմաստով ոչինչ չանել: Սա նաեւ գալիս է այն բանից, որ Սերժ Սարգսյանն անձամբ, իսկ նրա հետ նաեւ տնտեսության բոլոր պատասխանատուները պարզապես չգիտեն ինչ անել դրությունը շտկելու համար:
Համակարգը փոխել հոկտեմբերյան հեղափոխության եւ կոլեկտիվացման ժամանակների լոզունգներով ուղղակի հնարավոր չէ, մինչդեռ մեր կառավարությունն անդադար դեմքով դեպի այս ու այն ոլորտն է շրջվում` տեղում պտտվելով ու հայտարարելով հերթական ոլորտի անունը: Հիշատակված խորհրդակցությունից հետո ավտոմեքենաների տեխսպասարկման կարգն են փոխել ու մեկ էլ` վարորդական իրավունք տալու կարգը: Մնացած բոլոր խոստումներն առայժմ թղթի վրա են ու խորհրդակցությունների սենյակներում, իսկ ծրագրերը` իրենց գլուխներում եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ այս ժամանակահատվածում (մինչեւ մայիս-հունիս) չեն կարող իրականացվել: Բնությունը շարունակում է իր կամակորությունը, գները շարունակում են աճել:
Եվ ահա այս իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանի 15 կետանոց պահանջագիրը դառնում է երեք կետանոց: Նրանից հեռացվում են սոցիալ-տնտեսական բնույթի բոլոր պահանջները, վերանում են ժողովրդավարական ազատության ապահովման պահանջները: Իհարկե, այս հանկարծահաս ջերմացման մեջ իր դերակատարությունն ունեցավ նաեւ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որը մարտի 1-ի նախօրյակին ԵՊՀ կատարած իր այցելությունից հետո պարզապես հարկադրեց ՀՀ իշխանություններին և ընդդիմությանը գնալ ջերմացման:
Թե ինչ դուրս կգա ՀԱԿ-իշխանություն այս երկխոսությունից, դժվարանում ենք ասել: Այն կարող է ինչ-որ չափով, ինչ-որ ժամանակով աշխուժացնել ներքին կյանքը, արեւմտյան ֆինանսական ներարկումներ ապահովել, ժողովրդավարության ծաղկման պատրանք ստեղծել, բայց ոչ ավելին: Ամենասարսափելին, սակայն, իշխանություն-ՀԱԿ համագործակցության արդյունքում հայ-թուրքական արձանագրությունների մեջտեղ գալու հեռանկարն է, ինչպես նաեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ՀՀ առաջին նախագահի զիջողական ծրագրերի վերաթարմացման հնարավորությունը:
Ո'չ իշխանությունը եւ ո'չ էլ ՀԱԿ-ն առայժմ այս թեմայով չեն խոսում: Իշխանության ներկայացուցիչ Շարմազանովը, գնացքից ահագին ուշացած, ՀԱԿ-ին դեռ անվանում է ծայրահեղ ընդդիմություն, իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը դեռ իներցիայով պայքարում է ավազակապետության դեմ: Վիճակն իրոք ծիծաղելի կարող էր գնահատվել, եթե չլինեին վերոհիշյալ հիմնախնդիրների շուրջ երկուստեք պահպանվող այս չարագուշակ լռությունը:
Իսկ ժողովո՞ւրդը: Նա օպերայի հայաթում կունկնդրի հերթական բայաթին Լեւոն պապիի կատարմամբ` մենք պայքարեցինք, եւ, ահա, հայրենի իշխանությունները, ցուցաբերելով ողջամտություն, անում են այս-այս քայլերը, որոնք չնկատել չի կարելի… Ո՞ր մի իշխանություն չի ուզենա, որ այսպիսի ընդդիմադիրների, ներողություն, ծայրահեղ ընդդիմադիրների հանրահավաքը մարդաշատ լինի…
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ