կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 16:19
Քաղաքական

Եռյակի նիստն ավարտվեց. հանրահավաքներն անորոշ ժամանակով հետաձգվում են

Եռյակի նիստն ավարտվեց. հանրահավաքներն անորոշ ժամանակով հետաձգվում են

Այսօր եռյակի հանդպումը տևեց մեկուկես ժամ, թեեւ եռյակի ներկայացուցիչները լրագրողներին նախօրոք ասել էին, թե հանդիպումը կտևի առավելագույնը 20 րոպե:

 

Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ քննարկվել են կազմակերպական հարցեր` համաժողովրդական շարժման գրասենյակների մասին, եւ բովանդակային` առաջիկա անելիքների մասին, ավելի կոնկրետ` զանգվածային միջոցառումների:

 

«Վերջնական որոշում կկայացնենք վաղը չէ մյուս օրը, որովհետև կուսակցությունների ներսում քննարկելու խնդիրներ են առաջացել: Կան առաջարկներ հանրային միջոցառումների ձևի ու բովանդակության մասով, դրա հետ կապված` լրացուցիչ քննարկման կարիք է առաջացել»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին` հնարավո՞ր է եռյակը պառակտվի, պատասխանեց. «Եռյակը չի պառակտվի: Նորմալ եմ համարում, որ ամեն մեկը տեսակետ ունի այս կամ այն գործունեության վերաբերյալ: Եռյակի կենսունակության համար կարևոր է ոչ միայն այն, որ տարբեր կարծիքներ կան, այլև կարևոր է, թե որքանով է եռյակն ունակ հաղթահարել կարծիքների տարբերությունը և կայացնել վերջնական որոշում: Վերջնական կոնսենսուսի կգանք: Հուսով եմ` եռյակը շարունակելու է իր գործունեությունը»:

 

Մարգարյանը նշեց, որ եռյակը կհայտարարի, թե ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը, միջոցառումները, նաև` թե երբ է լինելու ամփոփիչ գործողությունը կամ կուլմինացիան: Ըստ նրա` շարժումը թևակոխել է «լուրջ փուլ», ուստի բոլոր խնդիրները պետք է հաշվարկված լինեն:

 

«Բոլորն են հանրահավանքները համարում հույժ անհրաժեշտություն: Մեր տարբերությունը եղել է այն, թե որ պահին պետք է անենք մեծ հանրահավաքները: Մենք դադար չենք վերցնել, մենք ճիշտ տակտիկա ենք ընտրել, զբաղված ենք լուրջ կառուցվածքային խնդիրներով, ակցիաներ ենք մշակում: Մեզ թիկունք է հարկավոր, դրա դերը ստանձնելու են շտաբները, որոնք մոբիլիզացնելու են ժողովրդին: Այդ շտաբները կուսակցական գործունեություն չեն ծավալելու, այլ միմիայն մոբիլիզացնելու են համաժողովրդական շարժումը»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին` արդյո՞ք եղել է հանդիպում Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ. «Իսկ եղե՞լ է դրա մասին հայտարարություն… Ես չեմ կարող ո'չ հաստատել ո'չ հերքել, ես դրա մասին տեղյակ չեմ»:

 

Հարցին, թե ի՞նչ արտահերթ ընտրությունների է գնում եռյակը, նա պատասխանեց. «Մենք գնում ենք արտահերթ բոլոր ընտրությունների: Ես չգիտեմ, թե որ պահին ինչ կանենք, կախված է իշխանությունների ու ժողովրդի պահվածքից: Մենք մեծացնում ենք համաժողովրդական ճնշումները»: