Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական կադաստրի բնագավառում ըստ էության ծաղկում է կոռուպցիան, ինչի արդյունքում այս կամ այն կարգի գործարքի կամ տեղեկանքի համար վճարվում է սահմանված գումարների կրկնակին։ Տիրող իրավիճակը դժվար թե շարքային աշխատակիցների նախաձեռնությունը լինի։ Այն, ինչ կատարվում է կադաստրի համակարգում, դժվար թե հայտնի չլինի կոմիտեի ղեկավարությանը։
Կադաստրի բնագավառում «միասնական տեղեկանք» կոչվող հասկացություն կա, որի անհրաժեշտությունն առաջանում է անշարժ գույքի առուվաճառք իրականացնելու դեպքում, երբ անհրաժեշտ է տեղեկանք այն մասին, թե տվյալ գույքի նկատմամբ ինչ իրավունքներ և սահմանափակումներ կան։ Այստեղ ծառայության վճարը կազմում է 7-80 հազ. դրամ` կախված մակերեսի չափից: Սահմանված կարգի համաձայն՝ տեղեկանքը պետք է տրամադրվի դիմում ներկայացնելուց հետո` երկրորդ օրը:
Սակայն այդ ժամկետում այն ստանալու համար կադաստրում պահանջվում է 10-50 հազ. դրամ ապօրինի գումար: Չինովնիկների «ատկատի» գումարի մեծությունը կախված է շինության գործառնական նշանակությունից, չափից կամ փաստաթղթերում առկա անհամապատասխանություններից:
Կատարելով օրինական և անօրինական մուծումներ՝ այդ փաստաթղթով քաղաքացին գնում է նոտարական գրասենյակ, հաստատում այն, դարձյալ վերադառնում կադաստր` կնքված փաստաթղթով։ Դրանից հետո որպես կանոն, տեղի է ունենում այսպես կոչված «տեղազննում» կամ «չափագրում» պրոցեսը։ Այս ամենից հետո քաղաքացին իր սեփական միջոցների հաշվին կադաստրի աշխատակցին հասցնում է իր տուն, որտեղ կադաստրի աշխատակիցը պետք է հետևի, թե որքանով է բնակարանի գծագիրը համապատասխանում իրականությանը։
Թեև աշխատակցի տեղափոխման ծախսերը հոգացել է քաղաքացին, նա աշխատակցին վճարում է ևս 5-10 հազ. դրամ ապօրինի գումար։ Բայց սովորաբար աշխատակիցը հայտնաբերում է գոյություն ունեցող անհամապատասխանություններ, և ծառայության «արժեքը» կտրուկ աճում է մինչև 100 դոլար:
Ի դեպ. հիփոթեքի կամ իրավունքների սահմանափակման այլ տեսակների առկայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար պետտուրքն ընդամենը 1000 դրամ է, բայց կադաստրի աշխատակիցները այստեղ նույնպես բաց չեն թողել հնարավորությունը և քաղաքացիներից անօրինական կերպով պահանջում են 20-50 հազ. դրամ:
Նշենք, որ 2010թ. ընդհանուր առմամբ, տրամադրվել է 81 627 միասնական տեղեկանք՝ գրավի, առք ու վաճառքի, վարձակալության և այլ գործարքների իրականացման համար: Հաշվի առնելով վերը նկարագրվածը՝ մեկ տեղեկանքի ատկատը տատանվում է 10-50 հազ. դրամի սահմաններում, դժվար չէ հաշվել, թե կադաստրի աշխատակիցների եկամուտներն անցած տարի որքանով են աճել (ամենահամեստ հաշվակներով՝ 2,5 մլրդ դրամ)։