կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 22:19
Առանց Կատեգորիա

Չեռնոբիլի դասերը

Չեռնոբիլի դասերը

Երեկ լրացավ Չեռնոբիլի միջուկային աղետի 25-րդ տարելիցը: Աղետ, որ ամայացրեց 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մոտ 2300 բնակավայր եւ անդառնալի հետք թողեց աղետից տուժած մոտ 3 մլն մարդկանց ու նրանց սերունդների կյանքի ու առողջության վրա:

Չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մոտ 3000 հայ է մասնակցել: Նրանց մի մասն արդեն չկա, կեսից ավելին ապրում են մեր կողքին՝ կիսելով հասարակության բոլոր դժվարությունները, աշխատելով շատ չհիշեցնել իրենց ու իրենց խնդիրների մասին: Այդ մարդիկ սոցիալական աջակցությունից բացի, նաեւ մի փոքր ուշադրության, գնահատանքի կարիք ունեն: Մեծ, գլոբալ խնդիրների համեմատ` նրանց ոչ նյութական ակնկալիքներն այնքան համեստ են, որ պետությունն ուղղակի պարտավոր է դրանց շուտափույթ լուծում տալ:

Դա ոչ միայն մարդասիրության, այլ պետական հոգածության դրսևորում կլինի: Այդ սարսափելի աղետից 15 տարի անց ողջ աշխարհին սարսափի է մատնել ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած աղետը: Չեռնոբիլի, այսօր արդեն Ֆուկուսիմայի դասերը մեզ մղում են մշտատեւ զգոնության, մոբիլիզացման կարողության եւ պատրաստվածության: Որակներ, որոնց պակասը հիմա զգում ենք առավել, քան երբեւէ: Չեռնոբիլի արհավիրքին ականատես մեր հայրենակիցների ներկայությունն այս իմաստով զգաստացնող և պարտավորեցնող է: