կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 00:26
Տնտեսական

Գյուղատնտեսական խնդիրներն օրենսդրական են

Գյուղատնտեսական խնդիրներն օրենսդրական են

Ներկայումս գյուղատնտեսական ոլորտում կարեւորագույն խնդիր է օրենսդրական անկատարությունը: Հայտնի չէ, թե ո՞րն է գյուղացու իրավական կարգավիճակը. այսօր տարաբնույթ տերմիններ են օգտագործվում:

«Կառավարությունում ասում են «գյուղացի», օրենքում գրված է «գյուղացիական ֆերմերային տնտեսություն», իրականում այլ սուբյեկտներ կիրառում են «ֆերմեր» տերմինը, օգտագործում են նաեւ «մթերող»: Մեր նախարարները քսան տարի է` մթերում են, թե ի՞նչն են մթերում` չգիտեմ: Մթերման գրասենյակներ եղել են խորհրդային տարիներին, այդ համակարգը չկա այլեւս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, անկախ փորձագետ Արսեն Պետրոսյանը:

Հայաստանում 340 հազար գյուղացիական ֆերմերային տնտեսություններ կան, որոնք տեղաբաշխված են 866 գյուղական համայնքներում. «Մենք այսօր ունենք խնդիր, այն է` որ այդ մթերք արտադրողները չունեն իրավական ստատուս, որպեսզի նույն դաշտում շփվեն վերամշակողների, մեծավաճառների եւ այլ ինստիտուտների հետ: Ցանկացած դաշտում գյուղացին տուժում է»:

Փորձագետը նշեց, որ դրա արդյունքում էլ ապրանքների գինն է բարձրանում, քանի որ սպառողն այն գնում է արդեն 3-4-րդ ձեռքից: Օրինակ` կարտոֆիլը գյուղացուց գնվում է 100 դրամով եւ մինչեւ հասնում է մայրաքաղաքային շուկա, գինը դառնում է 350 դրամ: Միջնորդների եկամուտները մեծանում են 75 տոկոսով, իսկ գյուղացուն մնում է միայն 25-30 տոկոսը: Սակայն եթե հաշվում ենք նաեւ այն, որ գյուղացին ծախսեր է կատարում` մթերք արտադրելու համար, ապա... Արդյունքում հայտնվում են սնանկ վիճակում:

Փորձագետը նշեց, որ հինգ տարի առաջ հայտարարվում էր, թե Հայաստանում կա 348 հազար, իսկ այսօր` 340 հազար գյուղացիական տնտեսություն. 8 հազար տնտեսություն սնանկացել է:

Նա նշեց, որ գյուղացու մասին վերջին օրենքը գրվել է  1991 թվականին. «Այդ օրենքն արդեն իսկ մեռելածին էր դեռեւս այն ժամանակ, մեխանիզմներ չուներ եւ ընդամենը հանրային սեփականությունը գյուղացիներին բաշխելու միջոց էր»: