կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 11:36
Հասարակություն

Սահմանին մոտ, խնդիրներն անսահման

Սահմանին մոտ, խնդիրներն անսահման

Լոռու մարզի Ձորամուտ և Գոգավան բնակավայրերը միասին մեկ համայնք են կազմում` ընդամենը 100 տնտեսությամբ:

Գյուղերում բազմաթիվ լքված տներ կան: Համայնքապետ Արարատ Փնջոյանի խոսքով` հեռանում են ընտանիքներով, «վերադառնալու հեռանկարն էլ մշուշոտ է»: Գյուղը  հիմնականում լքում են երիտասարդները, մեկնում են արտագնա աշխատանքի կամ էլ, լավագույն դեպքում, քաղաք են տեղափոխվում:

23-ամյա Էդվարդ Հակոբյանը նրանցից մեկն է: Ինչպես ասում է` գյուղում մնացողը չէ, բայց հնարավորության դեպքում կմնա հայրենիքում` քաղաք կգնա: Անցած ամառ, անասունների հետևից գնալով, հայտնվել էր հայկական սահմանից այն կողմ, վրաց սահմանապահները նրան և ընկերոջը տարել էին` որպես սահմանախախտների: Երկու շաբաթ մնացել էին վրացական գերության մեջ, Թբիլիսիում հարցաքննության էին ենթարկվել, ապա 3000 դոլար վճարելուց հետո ազատ էին արձակել: Ո'չ սահման է եղել նշված, ո'չ էլ երիտասարդ հովիվներին զգուշացնող է եղել, որ 2 քայլ այն կողմ այլևս Հայաստան չէ: Ներկայումս այդ խնդիրը չկա: Դեպքից հետո սահմանապահները դարձել են ավելի զգոն:

Վրաստանին սահմանամերձ գյուղի խնդիրները բազում են ու բազմազան: Առաջնային է համայնքային եւ միջհամայնքնային ճանապարհների անմխիթար վիճակը, հատկապես` հանրապետական նշանակության կենտրոնական ճանապարհինը, որ Տաշիրից դեպի մաքսակետ է տանում: Գյուղապետը դիմել է պատկան մարմիններին, խոստացել են օգնել, բայց իրենց հերթը այդպես էլ չի հասնում: Ասում է` փորձում են իրենց միջոցներով ինչ-որ բան անել, բայց դա շատ քիչ է:

Երկու գյուղերի դպրոցն ընդամենը 80 աշակերտ ունի: Մտավախություն կա, որ եթե համայնքների խոշորացման ծրագրով գյուղեր միավորվեն, ապա Ձորամուտը դպրոց չի ունենա, եւ երեխաները ստիպված կլինեն հաճախել Միխայլովկայի, Պետրովկայի կամ Նորաշենի դպրոցները:

Այն, որ սահմանին են ապրում, ձորամուտցիներն արդեն մեծ հերոսություն են համարում. «Սահմանն առանց գյուղի ոչ մեկս չենք պատկերացնում»: Նրանք շատ բան չեն ուզում, ընդամենը` տարբերակված մոտեցում` որպես սահմանամերձ բնակավայր, օրինակ` գյուղացիներն ազատվեին հարկերից, բայց գյուղապետի խոսքով` նման սպասելիք չկա: Բոլոր ծրագրերը Ձորամուտի կողքով են անցնում, խոստումները չեն կատարվում: