կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 22:52
Առանց Կատեգորիա

Նկանակ

Նկանակ

Օտար մամուլում եմ կարդացել, որ երբ հայ տղամարդիկ հնում եկեղեցի, տաճար ու պալատ էին կառուցում, նրանց տիկնայք ոսկեկար ու գոհարակուռ պատկերներ էին ասեղնագործում: Հիմա Արեւիկ Պետրոսյանի 12 նկարանոց ՙՆշխարք՝ Հայաստանից՚ շարքի տեսագրությունն եմ ետ ու առաջ անում, հասնում եմ միջնադար, ուզում եմ հասկանալ՝ հին գրքերն այդքան նրբորեն ծաղկողների մեջ մի թաքուն կին չկա՞ր, կամ թե նրանց մտքով կանցնե՞ր, որ կգա մի 21­րդ դար, երբ կին գեղանկարիչն իրենց մանրապատկերները կմեծացնի, կմեծացնի, կդարձնի համարյա որմնանկար. մագաղաթի տեղ՝ ապակի, իրենց գործածած նույնանման գույների վրա՝ ոսկու շերտիկներ. ու ոչ թե նկարն է տեքստի համար, այլ տեքստը՝ նկարի, եւ մանրանկարն էլ հսկա է. մեկ ու քսանը՝ մեկ ու ութսունի վրա: 

Աննախադեպ շարքի գաղափարը այս տարի է խմորվել, բայց Արեւիկի ոճը շրջադարձ էր արել դեռ 2005-ին՝ առաջին անհատական ցուցահանդեսը վկա:

    «Նշխարք՝ Հայաստանից»-ն  ընծա է Հայաստանին ու Սփյուռքի 11 եկեղեցիների կամ մշակութային օջախների. «Տէրունական աղօթքը բաժանել եմ 12 նշխարների: Ամեն նկար աղոթքի մի պատառիկի«դրոշմ» ունի իր վրա: Հավաքական տեսքով, այսինքն, երբ 12 նկարներն իրար հետ են, աղոթքն ամբողջական է դառնում՝ խորհրդանշելով մեր միասնությունը»:

    Ապրիլի 24­ի նախօրեին պիտի բացվեր շարքի ցուցադրությունն, ու տրվեր նախագծի մեկնարկը, բայց չեղավ: Ինչու՝ no comment :

 

- Հայաստանի ունեցած 12 մայրաքաղաքնե՞րն է խորհրդանշում շարքը:

- Չէ: Ես, իհարկե, մոտեցա այդ գաղափարին, բայց ամերիկահայ մի հայտնի պատմաբանի հետ խորհրդակցեցի, ասաց, որ մայրաքաղաքները 12­ը չեն եղել, ավելին են եղել: Գաղափարս սա է. Քրիստոսը 12 աշակերտ ուներ, որոնց բաժանեց հացի նկանակի պատառները. ես որպես հաց նկատի եմ ունեցել մեզ համար ամենակարեւորը` հավատքը, լեզուն եւ արվեստը:

- Մաշտոցին չգտա դրանցից որեւէ մեկում:

- Աղոթքի թեմաներով գնացի դեպի մանրանկարչություն, իսկ մանրանկարչության մեջ Մաշտոցը չկա: Մի քանի դպրոց եմ օգտագործել՝ Արցախը, Վասպուրականը, Վան-Վասպուրականը, եւ մի քանի դրվագ կա, որ շատ փոքր դետալներից եմ մեծացրել:

Դժբախտաբար, այսօր մեր մանրանկարչությունը փակված է Մատենադարանի  պատերի ետեւում,  եւ քչերն են կարողանում ժամանակ հատկացնել այս հրաշքները տեսնելուն, ուսումնասիրելուն: Սա կարծես յուրովի հնարավորություն է՝ մարդկանց համար մատչելի, ճանաչելի դարձնելու այս արվեստը:


- Ճի՞շտ են ասում, որ Լեոնարդո դա Վինչին «Խորհրդավոր ընթրիքում» հայկական մի մանրանկարից է վերցրել Մարիամ Մագթաղինացուն ընթրիքի սեղանի շուրջ պատկերելու գաղափարը. որոշ հետազոտողներ պնդում են, որ դա Վինչիի նկարում Քրիստոսի աջ կողքին ոչ թե Հովհաննեսն է, այլ Մագթաղինացին:

- Մեր մանրանկարչության մեջ այդպիսի մեկնաբանության չեմ հանդիպել, բայց Միլանում տեսել եմ դա Վինչիի«Խորհրդավոր ընթրիքը»: Իմ այս շարքի «Խորհրդավոր ընթրիքը»XIII-XIV դդ Արցախի դպրոցի մանրանկարներից եմ վերցրել: Նման հրաշալի գեղարվեստական լուծման ես այլ որեւէ տեղ չէի հանդիպել: Հուդան՝ ներքեւում, իսկ վերեւում՝ խաչով նշխարքի շուրջ մեդալիոնի պես հավաքված են Քրիստոսն ու իր մյուս աշակերտները: Նկարչի անունն, այո, անհայտ է. սովորաբար դպրոցներ են եղել, աշակերտները դպրոցների անուններն են կրել, եւ ձեռագիրը նույնն է եղել: Շատ հետո անուններն սկսեցին առանձնանալ:

- Ե՞րբ ես շարքը ցուցադրելու հանրությանը:

- Նախ հավաքական ցուցահանդեսներով /աղոթքով/ կներկայացնեմ Հայաստանում, այնուհետ նկարները ճանապարհ կընկնեն դեպի Սփյուռք: Հետո մեկը որպես հիմնակետ կվերադառնա ու կմնա Հայաստանում, իսկ մնացած 11­ը կհանգրվանեն տարբեր գաղթօջախներում: Այսպես նախատեսված է, բայց կարծես իրադարձություններն այլ կերպ են զարգանում: Ես համեստաբար կասեմ՝ ՙԱռաջ Աստված՚:


- Ո՞րը կուզեիր, որ մնար Հայաստանում:

- Աստվածամայրը: Առաջինն էր: Դա տոն է, ուրախություն:


- Ճիշտն ասած, ինձ հայտնի են ամենաշատը եռանկարներ՝ տրիպտիխներ: Բայց անգամ երեք նկարից բաղկացած իրենց շարքը չեն սիրում մասնատել հեղինակները, ինչպե՞ս ես հաշտվել 12­ը մասնատելու մտքի հետ:

- Այստեղ գլխավորը նպատակն է, ու վերնագիրը դրա վկայությունն է. Նշխարք՝ Հայաստանից: Եվ գաղափար կա՝ Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին բոլոր նկարները մի տեղում հավաքել, ու դրանով վերահաստատել մեր միասնականությունը:

- Պատկերացնո՞ւմ ես, որ շատ ու շատ տարիներ հետո կարող է գալ մի օր էլ, երբ արվեստաբան կուրատորները՝ ընկած երկրե­երկիր, չարչարվելու, բանակցելու են, որ նկարները մի տեղ հավաքեն:

- Արդյո՞ք այդ օրը կգա…  դա կլիներ իմ վերելքի վկայությունը: Այս պահին շարքը ճիշտ մատուցելու, ճիշտ ճանապարհ անցկացնելու խնդիրն ունի: Իսկ փառքի վայելքները ես կթողնեմ թոռներիս, մինչ այդ շատ զբաղված պիտի լինեմ իմ մնացած ծրագրերն իրականացնելով: 

- Նվերները որոշակի առիթո՞վ ես անում:

- Հայապահպան մեծ գործի համար՝ շնորհակալություն հայտնելու: Իմ կյանքում էլ եկավ այն պահը, երբ սկսեցի արժեւորել իմ եսը, որպես ազգային գենը կրողի, ու հասկացա, որ պիտի ողջունեմ բոլոր այն մարդկանց արածը, որոնք դրսում են եւ հայ են մնացել:


- Դու արվեստագետ ես, սավառնում ես երկնքում, ես լրագրող եմ, ուրեմն նաեւ մի քիչ՝ ցինիկ: Եթե վեց ամիս օր ու գիշեր աշխատածդ բաժանում ես աշխարհով մեկ, ուրեմն պիտի որ մշտական ու կայուն եկամուտ ունենաս:

­ Կարող էի եւ չունենալ, բայց նորից դեպի սա գայի: Ես ինձ թուլ տվեցի այդ մեծ շռայլությունը: Ունեի ոգեշնչող գաղափար, որի համար խենթի պես աշխատեցի: Սիրում եմ աշխատել գլոբալ ծրագրերի շուրջ, դա ինձ ոգեւորում Է: Իրականում սա մեծ  նվեր է նաեւ ինձ: Կարծես ստացա մի մեծ երկնային պարգեւ… ապրեցի անսահման երջանկությունը, աննկարագրելի պահեր, իմաստություն:  Պարգեւ, որի համար մարդիկ շատ երկար տարիներ աշխատում են, բայց չեն ստանում:

- Քանի՞ գրամ ոսկի է ծախսվել բոլոր 12-ի վրա:

- Գրամով չեմ կարող ասել: Բարակ ոսկե թիթեղներ են, հատուկ հեղուկներ, որոնք Իտալիայից են բերում: Այո, անկեղծ լինեմ ասելու, որ այս ամենը բավական մեծ ֆինանսական ներդրում էր իմ կողմից:


- Մոտավորապես պատկերացնո՞ւմ ես, թե ուր են ուղարկվելու նկարները:

- Անթիլիաս, Մոսկվայի նոր կառուցվող հայկական եկեղեցի, Սուրբ Ղազար, Լոնդոն, երեւի Դեր Զորի հայկական եկեղեցի: Ամերիկայինը մի քիչ բարդ է, որովհետեւ երկու թեմ կա: Համայնքները շատ են, ես՝ մենակ:

Կուզենայի վերջում հետգրություն թողնել՝ այո, ես արվեստագետ եմ, ստեղծագործ մարդկային տեսակ, մի քիչ ռոմանտիկ, մի քիչ շատ սրտաբաց: Իհարկե, ցավ ապրեցի, որ այս հրաշք ծրագիրը, որին շատերն էին սպասում, անհասկանալիորեն չմեկնարկեց նախատեսվածի պես…

Բայց գուցե դրա մեջ կարեւոր խորհուրդ կա:

Թերեւս սա նվիրում է, որը անկասկած պիտի բարիք  սերմանի:

 

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ