Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Վանաձորի վթարային շենքերի բնակիչները մենակ են մնացել իրենց խնդրի հետ. քաղաքապետարանն ասում է, որ պարտավորություններ չունի, կառավարությունն էլ հապաղում է գումարներ հատկացնել դրանց վերանորոգման համար:
Վթարային շենքերի հարցով Լոռու մարզպետը եւ Վանաձորի քաղաքապետը մտադիր են առաջիկայում ընդունելություն խնդրել հանրապետության վարչապետից:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում մարզպետ Արամ Քոչարյանն ասաց, որ միայն քաղաքային բյուջեի միջոցներով հնարավոր չէ իրականացնել այս աշխատանքները, կա նաեւ պետական բյուջեից աջակցության անհրաժեշտություն:
«Խնդիրը վարչապետին ներկայացնելուց հետո արդեն թեմա կունենանք խոսելու, բայց որ այդ շենքերն այդ վիճակում թողնել չի կարելի, կասկածից դուրս է»,- հավելեց նա:
«Աղետի գոտու վերականգնման, անօթեւան մնացածների բնակապահովման խնդիրը, որ ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, անգամ ֆինանսական ճգնաժամի պայմաններում պետությունը փորձում է լուծել: Սա առաջին մեծ ու համարձակ քայլն է: Գուցե հաջորդ մեծ քայլն էլ լինի բարձր վթարայնություն ունեցող շենքերի ամրացման աշխատանքների ծրագիրը: Դրանք մեծ միջոցներ են պահանջում, եւ այնքան էլ իրատեսական չէ, որ մի քանի տարվա մեջ կլուծվեն»,- ասաց մարզպետը` նշելով, որ քաղաքների բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի վերականգնման վերաբերյալ կառավարությունն իր մոտեցումներն ունի:
«Էնպես չի, որ գնանք էնտեղ փող ուզենք, ասենք` տվեք, որ տանենք էս կամ էն շենքն ամրացնենք: Խնդիրը պետք է կոմպլեքս լուծում ստանա, հնարավոր չէ առանձին կազմակերպության կամ ֆինանսական աղբյուրի միջոցով այս հարցը լուծել: Բայց որ մեր ուշադրության կենտրոնում է, փաստ է»,- նշեց նա:
Վանաձորում 3-րդ կարգի վթարայնության 84 բազմաբնակարան շենք կա: Վերջին անգամ այդ շենքերը հետազոտվել են 2003 թվականին: Օրերս Վանաձորի քաղաքապետարանի հերթական նիստերից մեկում քաղաքապետ Սամվել Դարբինյանը պահանջեց ևս մեկ անգամ կառավարություն ուղարկել քաղաքի 84 վթարային շենքերի ցուցակը: Անդրադարձան Դեմիրճյան 17 և 28 շենքերի խնդրին, որտեղ ապրելը վտանգավոր է բնակիչների համար: Քաղաքապետն էլ նշեց, որ պատրաստ են համայնքի բյուջեից հիշյալ շենքերի բնակիչներին ապահովել հանրակացարանով կամ գումար տրամադրել բնակարաններ վարձելու համար:
Ըստ տեղական մամուլի` Ս. Դարբինյանը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել, թեեւ վթարային շենքերի վերականգնման ու ամրացման խնդիրն, ըստ էության, կառավարության լուծելու հարցն է: Ներդրումներ կատարելու` քաղաքապետի պատրաստակամության մասին Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը մեզնից իմացավ: «Ես նման բան չեմ լսել, բայց եթե խոստացել է, ուրեմն կանի»,- ասաց նա:
Մեր հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ այդ շենքերը վերանորոգելու համար, պարոն Պառավյանը հստակ պատասխան չտվեց: «Տարիների ընթացքում միշտ փոխվում են թվերը»,- ասաց նա: Հետո ավելացրեց, որ այնքան մեծ գումարների մասին է խոսքը, որ «որեւէ մի համայնք, բացառությամբ Երեւանի, չեն կարող նման աշխատանքներում ընդգրկվել»:
Գրիշա Պառավյանը նաեւ նշեց, որ այսօրվա դրությամբ Վանաձորում 4-րդ կարգի վթարայնության, այսինքն` քանդման ենթակա շենք չկա:
Մինչ խնդիրը պինգ-պոնգի նման նետվում է այս ու այն կողմ, վթարային շենքերի բնակիչները, առավոտյան արթնանալով, խորը շունչ են քաշում` «այսօր էլ բարով-խերով լուսացրինք»:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ