կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 22:08
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Հիփոթեքը աշխատում է էժան բնակարանների վրա

ԿԱՊԻՏԱԼ. Հիփոթեքը աշխատում է էժան բնակարանների վրա

Երևանում 2011թ. փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 2 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 19.4%-ով: Այնինչ 2011թ. փետրվարին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, բնակարանների գները նվազել են մոտ 1%-ով, իսկ այս տարվա հունվարի նկատմամբ՝ աճել 0,7%-ով։

Նախորդ տարվա փետրվարի համեմատ, գործարքների աճի հետ մեկտեղ, գների նվազումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի շուկայում գներն ավելի շատ պայմանավորված են պահանջարկով։ Մինչև ճգնաժամը անշարժ գույքի շուկայում գները հիմնականում թելադրում էր առաջարկը, հատկապես բարձր գնային սեգմենտի գույքի դեպքում։ Փետրվարին գների նվազումը և գործարքների աճը ցույց են տալիս, որ այս շուկայում գները մոտենում են օպտիմալ մակարդակին։ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 260 հազ. դրամ։

Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած փոփոխությունների մասին «Կապիտալին» տված մեկնաբանությունում ԱԼՏԱ ՎԻՊ անշարժ գույքի գործակալության տնօրեն Տիգրան Գրիգորյանը նշեց, որ այս շուկայում հիմնական ակտիվությունը նկատվում է Երևանի ծայրամասերի բնակարանների առք ու վաճառքի գործարքներում։ «Մարդիկ հիմնականում վաճառում են բնակարանները և գնում առավել էժանը: Իսկ քաղաքի կենտրոնի բնակարանների գները շարունակում են բարձր մնալ, և սա ինչ-որ տեղ կարելի է կապել նաև Սփյուռքի հետ, քանի որ այս գործարքների հիմնական մասը հենց կատարվում է տրանսվերտների միջոցով»,- ասաց նա:

Նշենք, որ բազմաբնակարանային շենքերի բնակարանների սեգմենտում պահանջարկի աշխուժացմանը նպաստել են հիփոթեքային շուկայի զարգացումները: Մասնավորապես` 2011թ. փետրվարին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրմամբ 148 գործարք, որից 120-ը` Երևանում: 2011թ. հունվարի համեմատ հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 68.2%-ով, ընդ որում՝ Երևանում` 84.6%-ով, իսկ մարզերում միասին վերցրած` 21.7%-ով: 2010թ. փետրվարի համեմատ հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 38.3%-ով (2010թ. փետրվարին` 91 գործարք), ընդ որում՝ Երևանում` 51.9%-ով (2010թ. փետրվարին` 58 գործարք):

Հայաստանում հիփոթեքային գործարքների 100-ը եղել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով, 19-ը՝ անհատական բնակելի տների: Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ մասնավոր բանկերի կողմից հիփոթեքային վարկերի քաղաքականությունն ուղղված է ավելի էժան բնակարանների առուվաճառքին։ Նրա խոսքով՝ բանկերի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալը չի գերազանցում 80 հազ. դոլարը:

«Վերջին տարին հիփոթեքային շուկան մեծ զարգացում է ապրել, եթե համեմատենք մի քանի տարի առաջվա տվյալների հետ, ապա այսօր անշարժ գույքի շուկայում կատարվող գործարքների ավելի քան կեսը կատարվում է հիփոթեքով»,-ասաց ԱԼՏԱ ՎԻՊ գործակալության տնօրենը։

Այն, որ անշարժ գույքի շուկայում գները որոշում է գնողունակ պահանջարկը, նաև վկայում են անհատական բնակելի տների սեգմենտում տեղի ունեցող զարգացումները։ Այսպես՝ 2011թ. փետրվարին Երևան քաղաքում անհատական բնակելի տների 1քմ-ի շուկայական միջին գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.1%-ով, իսկ անցած տարվա նույն ամսվա համեմատ՝ 1,5%-ով: Մարզերում փետրվարին հունվարի համեմատ գները նվազել են 0,2%-ով, ինչը պայմանավորված է գնողունակ պահանջարկի նվազմամբ: