կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 02:55
Իրավական

Օրենքի ապաքրեականացումն ի վնաս մամուլի էր

Օրենքի ապաքրեականացումն ի վնաս մամուլի էր
«Եթե ուշադիր լինեք դատական հայցերի բովանդակային ուղղվածությանը, կարելի է տեսնել, որ տպագիր մամուլը հայտնվել է ծուղակում  քաղաքացիական օրենսգրքում անցյալ տարի կատարված փոփոխությունների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում տպագիր մամուլի դեմ ներկայացված հայցերին, երբ վիրավորանքի եւ զրպարտության համար` որպես փոխհատուցում, հսկայական գումարներ են պահանջվում, եւ վտանգի է ենթարկում լրատվամիջոցի գոյությունը, Ա. Օհանյանը նշեց, որ դեռեւս նախորդ տարի խմբագիրները զգուշացրել էին, որ վերը նշված իրավախախտումների դեպքում օրենքի ապաքրեականացումը յաթաղան է դառնալու թերթերի գլխին:

Նա նշեց նաեւ, որ նույնիսկ հարաբերականորեն է ընկալվում վիրավորանքը. «Մեկի համար «ստիլյագ» բառն է վիրավորական, մյուսի դեպքում` «արյունռուշտ»: Այսինքն` մենք նույնիսկ չենք կարող կանխատեսել, թե որ հոդվածի արդյունքում դատական ինչպիսի քաշքշուկների մեջ կհայտնվենք»:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի խմբագրի` օրենքի ապաքրեականացումը կարծիքի արտահայտման սահմանափակումներին ուղղված քայլ էր:

«Եթե թերթը տալիս է տեսակետ շարադրելու հնարավորություն, եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձը պատրաստ չէ լսել իր հասցեին քննադատական խոսք, տհաճ որակումներ, ոչ հաճելի գնահատականներ, ապա նշանակում է, որ հայտնվել ենք աքցանների մեջ: Խմբագիրներին փորձում են դարձնել գրաքննիչներ»,- ասաց Ա. Օհանյանը:

Այս խնդրի վերաբերյալ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ օրենքի ապաքրեականացումը լավ մտածված քայլ էր իշխանության կողմից եւ միտված լրատվամիջոցները վերահսկելի դարձնելուն: Նրա խոսքերով` ընտրություններին մեկ տարի է մնացել, եւ իշխանությունները, այս օրենքը կիրառելով, փորձում են թուլացնել որոշ լրատվամիջոցների:

«Ըստ էության` այն թերթերն են հայտնվել թիրախում, որոնք առավել անկաշառ ու անվերահսկելի են,  եւ քիչ թե շատ կարողանում են մեր ժողովրդի տեղեկացված լինելու խնդիրը լուծել սեփական թերթի էջերում»,- ասաց Ա.Բաբաջանյանը:

Նա իր խոսքում նշեց նաեւ, թե դատական հայցեր են ներկայացվել նաեւ այնպիսի թերթեի դեմ, որոնք իրենց հրապարակումներում ավելի հանդուրժող են իշխանության հանդեպ. «Դա այն ալիբին է, որ իշխանությունը փորձում է ներկայացնել թե միայն ազատ մամուլի միջոցները չեն դատական գործընթացների մեջ»: