Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ բազմակի և օլիմպիական խաղերի չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանի ասպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973 թվականին դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր:
Երկրի ղեկավարը ողջունել է մեր մեծանուն հայրենակցին և նշել, որ տասնյակ տարիներ հայ ժողովուրդը հպարտացել և այսօր էլ շարունակում է հպարտանալ նրանով:
«Շատ ուրախ ենք, որ Դուք ողջ և առողջ եք, որ աշխատում եք ի նպաստ ֆուտբոլի զարգացման: Մենք միշտ հպարտանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներով և, առաջին հերթին, այն մարդկանցով, ովքեր իրենց բնագավառներում հասել են ամենաբարձր մակարդակների: Դուք մեր ազգն ավելի ճանաչելի եք դարձնում: Շնորհակալություն Ձեզ»,- ասել է Ս. Սարգսյանը:
Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Պավելի Սիմոնյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Այսօրվա հանդիպման ժամանակ նախագահը պարգևը հանձնել է մեծանուն մարզիկին` մաղթելով նրան առողջություն և հաջողություններ:
«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ այս բարձր պարգևը: Գիտեք, ես հարյուր տոկոսանոց հայ եմ: Իմ ծնողները, Արդվինի հայեր լինելով, ժամանակին փախել են Ցեղասպանությունից: Հայրս եղել է մեծ հայրենասեր: Ինձ համար մեծ պատիվ էր 1973թ. գլխավորել «Արարատ»-ի հավաքականը: Եվ այն, ինչ արեցին այդ տղաները, նվաճելով չեմպիոնի տիտղոսը և գավաթը, ինձ համար` որպես մարզչի, մեծ տոն էր: Հնարավոր չէ փոխանցել, թե այն ժամանակ ինչպես արձագանքեց ժողովուրդը: Իսկապես, դա հրաշալի թիմ էր: Դրա համար էլ ես այդ սերնդին և, իհարկե, մեր ամբողջ ժողովրդին պարզապես շնորհակալ եմ և խոնարհվում եմ»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Նախագահը նշել է, որ ինքն էլ հիշում է այդ օրերին մեր ժողովրդի ցնծությունը: «Իմ հիշողության մեջ երեք այդպիսի ցնծության դեպք է դաջվել: Առաջինը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրորդը, երբ 1973 թ. «Արարատ»-ը դարձավ չեմպիոն և նվաճեց գավաթը, և երրորդը, երբ մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին: Ահա,այդ դեպքերից մեկի համահեղինակը Դուք եք: Այդ հաղթանակը, իրոք, մեծ երևույթ է և միայն սպորտային ձեռքբերում չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը: