Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը հավաստիացումներ է ստացել, որ այն բարեփոխումների ծրագիրը, որ իրականացնում է կառավարությունը, ստանալու է Եվրամիության բոլոր կառույցների լիակատար եւ բազմակողմանի աջակցությունը, ինչը, բնականաբար, հնարավորություն է տալու 2011 թվականին նոր թափ հաղորդել բարեփոխումներին. կառավարության նիստից առաջ անդրադառնալով իր բրյուսելյան այցելությանը` ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեզ առաջարկվում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Մեր նախարարները պետք է ուղղակի կոնտակտների մեջ լինեն իրենց բրյուսելյան գործընկերների հետ եւ այդ կոնտակտներն օգտագործեն ի նպաստ այն բոլոր խնդիրների ու առաջնահերթությունների լուծման, որ կանգնած են մեր գերատեսչությունների առջեւ»,- ասաց վարչապետը`շեշտելով, որ այդ հնարավորությունները Հայաստանի համար այսօր հասանելի են:
Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ կառավարությունում կանցկացվի խորհրդակցություն, որի ընթացքում, մասնավորապես, կքննարկվեն Եվրամիության հետ համագործակցության հարցերը: «Պետք է հստակ ձեւակերպումներով ու ակնկալիք օժանդակության վերաբերյալ հստակ նախագծերով ներկայանանք Բրյուսել, որպեսզի ստանանք այն օժանդակությունը, որ Եվրամիության երկրները կարող են մեզ տրամադրել: Այդպիսի մոտեցումներն ու վերաբերմունքը մեզ ոգեւորում են այն առումով, որ այդ ամենը լրացուցիչ լիցք ու նոր թափ կհաղորդի բարեփոխումներին, ընդ որում` առաջնային պետք է լինեն այն բարեփոխումները, որոնք իրենց արդյունքներով մեր քաղաքացիների համար կստեղծեն ավելի բարձր կենսամակարդակ ունենալու հնարավորություններ»,- նշեց կառավարության ղեկավարը` հավելելով, որ կա բավական մեծ ներուժ նաեւ երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու առումով: