Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ավիափոխադրող «Արմավիան» հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։ Վերջին շրջանում ընկերությունում ընթացող զարգացումները տպավորություն են ստեղծում, որ ընկերությունը կա՛մ պատրաստվում է սնանկացման, կա՛մ էլ վաճառքի։
Ընկերության կուտակած պարտքերի պատճառով երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել էր ընկերության չվերթների սպասարկումը։
Օրվա վերջին «Զվարթնոցը» վերսկսել է չվերթների սպասարկումը։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ասել էր, որ «Արմավիայի» կողմից օդանավակայանի պարտքերի մարման շուրջ բանակցությունները շարունակվում են։
«Արմավիայում» «Կապիտալի» աղբյուրները փոխանցում են, որ «Արմավիայի» Airbus օդանավերից մեկը պարտքերի պատճառով կալանվել է Փարիզի օդանավակայանում:
«Արմավիան» նաև փետրվարից չի վճարել բորտանձնակազմի աշխատավարձը և ներքին կարգով առաջարկել է ազատման դիմումներ գրել և ապրիլի 1-ից աշխատանքի չգալ։
Իհարկե, «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հերքել է օդանավի կալանքի տեղեկությունները՝ ասելով. «Դա կալանք չէ, այլ պարզապես ինքնաթիռը գնացել է այսպես կոչված C-chek-ի, այսինքն՝ տեխզննման, որը տևում է 20-30 օր։ Այդ իսկ պատճառով «Արմավիան» սպասում է տեխզննման անցնելու իր հերթին»։
Մի փոքր անհասկանալի է, թե ինչու է «Արմավիան» որոշել օդանավի տեխզննման հերթին սպասել Փարիզում, այլ ոչ թե, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում, կամ ինչու է ընկերությունն ազատվում աշխատակիցներից։
Ֆինանսական պարտքերի ֆոնին ընկերությունը, սակայն, մեծ շուքով պատրաստվում է դիմավորել ռուսական Sukhoi SuperJet-100 տիպի ինքնաթիռը, որը շուտով պետք է բերվի Հայաստան։ Տեղի ունեցող զարգացումների համապատկերին ընկերությունը կարող է և չստանալ այդ ինքնաթիռը, քանի որ այն ձեռք է բերվելու ռուսական ՎՏԲ բանկի վարկային միջոցներով։