կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 14:08
Առանց Կատեգորիա

''Արմավիան'' փորձելու է խուսափել փոխհատուցում վճարելուց

''Արմավիան'' փորձելու է խուսափել փոխհատուցում վճարելուց

Արդեն ապրիլի 11-ն է: Հետաքրքիր է` հիմա ի՞նչ պետք է ասի «Արմավիան»: Երբ ընկերությունը հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնելու է բոլոր թռիչքները` բոլոր ուղղություններով, այդ ժամանակ հայտարարեց նաեւ, որ այն քաղաքացիներին, ովքեր ձեռք է բերել ավիաընկերության տոմսերը եւ չեն կարողացել թռչել, ընկերությունը կփոխհատուցի:

 

Սա թերեւս, նվազագույնն էր, որ «Արմավիան» պարտավոր էր անել, եթե չհաշվենք մարդկանց հասցված այլ վնասը` ժամանակի կորստի, ավելորդ անհարմարությունների, արդեն թանկացած տոմսեր ձեռք բերելու հանգամանքները: Բայց, քանի որ բոլորը գիտեն, թե ինչպիսի «ծառայություններ» է մատուցել ավիաընկերությունն իր գործունեության սկզբից մինչեւ այս տարվա մարտի 28-ը, համաձայն էին գոնե տոմսերի համար փոխհատուցում ստանալ: Կարծես, ամեն ինչ նորմալ էր. ընկերությունը չէր հրաժարվում, այժմ էլ չի հրաժարվում տոմսերի արժեքի փոխհատուցման իր պարտավորությունից:

 

Բայց… Yerkir.am-ը փորձեց ստուգել, թե ինչպես է ընթանում փոխհատուցման այդ գործընթացը: Այցելեցինք «Արմավիայի» գլխավոր գրասենյակ, որը գտնվում է օդանավակայանի հարեւանությամբ: Անվտանգության աշխատակիցը նախ ասաց, որ իրենց մոտ նման հարցերով չեն գալիս, եւ որ իրենք փոխհատուցում պահանջող քաղաքացիներին ուղարկում են Երեւան: Բայց հետո, փոքր-ինչ մտածելով, ասաց, որ ամեն դեպքում կարող ենք մտնել ընկերության առեւտրային բաժին եւ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալ: Մտանք... Բաժնի աշխատակցուհին ասաց, որ իրենց մոտից փոխհատուցում չեն տալիս, որ իրենք չեն էլ կարող փոխհատուցում տալ, քանի որ գումարները Երեւանում գտնվող գրասենյակները պետք է տան: Նա մեզ խորհուրդ տվեց այցելել Նալբանդյան 23 հասցեում գտնվող իրենց գրասենյակը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կգտնենք:

 

Հենց «Արմավիայի» առեւտրային բաժնում հանդիպեցինք փոխհատուցում պահանջող քաղաքացիներից մեկին` Արմեն Գեւորգյանին, ում արդեն մեկ շաբաթ է` ընկերության աշխատակիցները, այսօր-վաղը ասելով, «քարշ» են տալիս Նալբանդյան 23-ից գլխավոր գրասենյակ ու հակառակը, բայց չեն փոխհատուցում: 

 

 

 

 

«Արմավիայի»` Նալբանդյան 23-ի գրասենյակի աշխատակցուհին զարմացավ, թե ո՞վ է մեզ ուղարկել իրենց մոտ, քանի որ իրենք ոչ մի գումար էլ չեն տալիս` գումար չկա իրենց մոտ, իրենք ընդամենը փոխհատուցման սպասող քաղաքացիներին են հերթագրում ու ցուցակագրում, որպեսզի փոխհատուցումների տրամադրման մեկնարկից հետո քաղաքացիները կարողանան ստանալ իրենց հասանելիք գումարները: Իսկ թե ո՞վ, ինչպե՞ս, ե՞րբ եւ որտեղի՞ց պետք է գումար վերադարձնի, աշխատակցուհին չգիտեր:

 

Արդեն պատրաստվում էինք հեռանալ, երբ գրասենյակ եկավ «Արմավիայի» վաճառքի տնօրեն Անահիտ Այվազյանը: Նա էլ սիրալիր պատասխանեց մեր հարցերին, նշեց, որ փոխհատուցում ստացող քաղաքացիների կոնկրետ թիվը դեռ չեն կարող ասել, քանի որ դեռեւս հաշվարկներ են ընթանում, բայց նշեց, որ մոտ 4-5 հազար հոգի պետք է փոխհատուցում ստանա: Այնուհետեւ տիկին Այվազյանը հավաստիացրեց, որ բոլորն էլ ստանալու են փոխհատուցում` պարտադիր:

 

 

 

 

Ի դեպ` Անահիտ Այվազյանը նշեց նաեւ, որ քաղաքացիներին փոխհատուցում չտալը բացառվում է, քանի որ եթե անգամ «Արմավիային» չենք վստահում, ապա գոնե կառավարությունը, որն ավիաընկերությանը լիցենզիա տրամադրելով որոշակի պարտավորություններ է ստանձնել, ինչ-որ չափով կփոխհատուցի մարդկանց կրած վնասները:

 

Գրասենյակի միջանցքում տեսանք այլ քաղաքացիների եւս, ովքեր եկել էին` փոխհատուցում ստանալու: Նրանցից ոմանք մեզ պատմեցին, թե իրականում ինչպես է «Արմավիան» «փոխհատուցում» իրենց: Նրանցից մեկն էլ հայտնեց, որ «Արմավիան» նույնիսկ խաբել է թռիչքները դադարեցնելու ժամկետի հարցում, քանի որ իր թռիչքը պետք է լիներ մինչեւ ապրիլի 1-ը, բայց չի կայացել:

 

 

 

 

Ստացվում է, որ, քաղաքացիներին խաբելով, տանում-բերում են, բայց դեռ կոնկրետ բան չեն ասում` թողնելով անորոշության մեջ: Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` փոխհատուցում տրամադրելու գործընթացի ձգձգումը ամենեւին էլ կազմակերպչական հարցերից կախված չէ: Իրականում, ինչպես տեղեկացանք, «Արմավիան» ամենեւին էլ մտադրություն չունի որեւէ մեկին որեւէ փոխհատուցում տալ: Ու հիմա այս ընկերությունը հնարավորինս ձգձգում է փոխհատուցման գործընթացը, մինչեւ կարողանան նախապատրաստել սնանկացման համար անհրաժեշտ փոստաթղթերի ու փաստերի փաթեթը եւ սկսեն սնանկացման գործընթացը:

 

Իսկ սնանկացման գործընթացների դեպքում սնանկացման հայտ ներկայացրած ընկերության ամբողջ գույքը եւ ունեցվածքը անմիջապես առնվում է կալանքի տակ: Այսինքն` մինչեւ սնանկացման գործընթացի ավարտը` մինչեւ պարզելը, թե ով ում ինչ է պարտավոր ու երբ պետք է կատարի իր պարտավորությունները, ինչ միջոցներով, ոչ մեկի ոչ մի փոխհատուցում չեն տա: yerkir.am-ն արդեն մի քանի անգամ տեղեկացրել է, որ «Արմավիան» ամեն ինչ անում է սնանկ ճանաչվելու համար, եւ որ այդ դեպքում նրա պարտավորությունները կանցնեն ՀՀ կառավարությանը: Նման դեպքերում, իհարկե, սնանկացող ընկերության ամբողջ ունեցվածքը հանում են աճուրդի, ու ստացված գումարը բաժանվում է շահագրգիռ բոլոր կողմերի միջեւ: Բայց տեղեկացրել ենք նաեւ, որ «Արմավիան» ո’չ առանձնապես արժեք ունեցող գույք ունի, ո’չ էլ այլ արժեք ներկայացնող տարածք կամ այլ բան, բացի երկու «Աերոբուս» ինքնաթիռներից, որոնք էլ իրենցից մեծ արժեք չեն ներկայացնում` հնության ու մաշվածության պատճառով:

 

Ստացվում է, որ «Արմավիան» իր պարտավորությունները «գցում» է ՀՀ կառավարության վրա: Իսկ այս դեպքում կառավարության համար առաջնային հարցը կլինի ոչ թե տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելը, այլ «Արմավիայի» մնացած խոշոր պարտքերը փակելը ու նոր «ազգային ավիափոխադրողի» հարց լուծելը:

 

Այնպես որ` քաղաքացիներին մնում է մեկ բան` միասնաբար գնալ ու դիմում գրել ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններին, որ նրանք իրենց ճանաչեն որպես խաբեության զոհ եւ որոշակի փոխհատուցում տրամադրելու պարտավորություն դնեն համապատասխան մարմինների վրա` մինչեւ «Արմավիայի» սնանկ ճանաչվելը:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

 

Մինչ հոդվածի հրապարակումը yerkir.am զանգահարեց Արմեն Գեւորգյանը եւ հայտնեց, որ ինքն արդեն փոխհատուցում ստացել է, քանի որ իրեն «Արմավիայի» գրասենյակում` ընկերության ձեւաթղթով, վաճառած են եղել ոչ թե «Արմավիայի» ավիատոմսեր, այլ ռուսական «Պուլկովո» ավիաընկերության: Այդ պատճառով նրա հարցը համեմատաբար հեշտ է լուծվել, իսկ «Արմավիայի» ավիատոմսեր գնած քաղաքացիները դեռ սպասում են…