կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-08 00:56
Առանց Կատեգորիա

ԱԶԴԱԿ. Հին հրատարակությունների լուսանցքին

ԱԶԴԱԿ. Հին հրատարակությունների լուսանցքին

Նիկոլ ԱՂԲԱԼՅԱՆ. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՆԵՐԱԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ Բեյրութ, 1947, տպարան «Հույս» (Համազգայինի ապագա տպարան)

 

Անուններ կան եւ մտաշխարհներ, ուրեմն եւ գործեր, որոնք, կարծես, սնուցվող դժվար բնորոշելի մի ուժի ակունքից, անտեսում են իրենց ժամանակը, դրա կաշկանդող կաղապարներն ու կնիքը: Իրենք իրենք վեր ու անդին են տեղադրում ժամանակային բոլոր սահմանափակումներից: Այս երեւույթին անդրադառնալու, քննարկելու հետաքրքիր ու լուրջ առիթ է Նիկոլ Աղբալյանի մտաշխարհը:

 

1. ԱՂԲԱԼՅԱՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԻ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայտնի է գրաքննադատ ու գրականագետ Աղբալյանին տրված գնահատականը՝ իբրեւ «մարգարե» գրաքննադատ եւ համադրական ներուժ մտքով օժտված մշակութաբան-մատենագիր: Այստեղ չեմ ուզում անդրադառնալ արդեն որոշ չափով քննարկված այս երեւույթին ընդհանրապես: Այլ ցարդ, որքան գիտեմ, աննկատ մնացած հայոց պատմության նրա մոտեցմանը եւ հատկապես հայ ժողովրդի ծագման տեսությանը:

 

Մի ճշտում.- Այս տեսության աղբալյանական հղումներում առաջնահերթորեն բովանդակությունը չէ, որ նկատի է առնվում այստեղ, այլ նախ՝ դրա ինքնուրույնությունը, ընդունված դրույթները անտեսելու քաջությունը: Ամենայն հանձնապաստանությամբ, թեեւ միանգամայն «սիրողական» ողջամիտ համեստությամբ:

 

Այլ հարց է՝ այն նաեւ իր բովանդակությամբ է, որ այսօր արժեւորվում է... Ահա թե ինչու: Այս վարկածը, Աղբալյանի մեջ խմորված միայն ու միայն ներիմացական նուրբ «բնազդով», ամենաուշը 1920-30ական թվականներին եւ նրա կողմից 40-ականներին հրապարակված-հրատարակված, պիտի հավաստումի արժանանար պատմագիտական աշխարհի կարեւոր հեղինակությունների մոտ: մի քանի տասնամյակ հետո միայն, անշուշտ, Աղբալյանի՝ կես դարով իրենց կանխող խոնարհ այլ պայծառատես հրապարակումից բոլորովին անկախ-անտեղյակ:

 

Այսօր հայ ժողովրդի եւ ընդհանրապես հնդեվրոպական ցեղերի, նախալեզուի եւ նախահայրենիքի պատմության լուրջ վարկածներից մեկը, եթե ոչ լրջագույնը տեսնելու համար: Ի՞նչ բովանդակություն ունի հայ ժողովրդի ծագման աղբալյանական վարկածն ամփոփ ձեւով:

 

2. ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՆԻԿ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

 

Տեսության առաջին դրույթը, կարող ենք ասել, հայ ժողովրդի կայացման ցեղային գլխավոր տարրերի «բնիկության» դրույթն է: Այս ուղղությամբ հստակ է Աղբալյանի դիրքորոշումը. «Հայոց սովորությունները, գործիքները, ամանները, տնտեսության կերպերը շատ ավելի հին են, քան հայոց պատմությունը, եւ ժառանգությունն են [նախապատմական] հին դարերի եւ ցեղախմբերի: Թեեւ մակաբերումով, բայց առանց վարանումի կարող ենք ասել, որ հայոց ազգի ինչպես մարմնական, այնպես եւ ոգեկան կազմը գալիս է այն անհիշելի դարերից»:

 

Դեպի պատմական ժամանակներն առաջանալով եւ խոսելով հատկապես «Հայաստանի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում» ապրող հայասաներ հավաքական անունով ճանաչված ցեղերի խմբի մասին՝ Աղբալյանը ճշտում է, որ նրանք «բռնում էին Արագածի լանջերը, Շիրակն ու Սեւանի շրջակաները, Սյունյաց աշխարհը եւ արեւմուտքում՝ Կարս ու Կարին եւ Արաքսի վերին հովիտը»: Նրանք են, որ Աղբալյանի համար կազմում են հայ ժողովրդի բաղկացուցիչ գլխավոր էատարրը, նրա ազգամշակութային առումով կազմավորված մարմինը:

 

«Կարծում եմ՝ հայասաներն էին, որ ստեղծել էին մեր աշխարհի նախաուրարտական մշակույթը՝ կոփածո քարի շենքերն ու բերդերը, նշանագիրն ու քանդակները, քարե վիշապներն ու առուները լեռնալանջերին»: Իսկ հայա(սա)ների վիճակն ու դիրքը մ.թ.ա. երկրորդ հազարամյակի ավարտին պատմության բեմը գրավող եւ ավանդական պատմագիտության կողմից «Ուրարտու» հորջորջված գործոնի հանդեպ Աղբալյանը բնորոշում է այսպես. «Սրանց է, որ նվաճել են ուրարտացիները, եւ սրանք են, որ տեւաբար ապստամբել են նրանց դեմ: Ուրարտական ցեղերը դարձան պետական ժողովուրդ եւ ձուլեցին իրենց շրջանի տոհմերը, բայց հյուսիսում հայասաներին առժամապես միայն կարողացան նվաճել: [Սրանք] բավական զորավոր էին եւ քաղաքակիրթ՝ չձուլվելու համար, բայց պետական կազմակերպություն չունեին ուրարտացիներին դիմագրավելու համար»:

 

«Բնիկ հայերի» այս զանգվածում «ուրարտացիների» հետագա ձուլումը կանխապես բացատրող, առաջինների քաղաքակրթական ամրությունը շեշտելով՝ նա գրում է. «Իբրեւ քաղաքական կազմակերպություն՝ նրանք թույլ գտնվեցին ուրարտական պետության հանդեպ, որովհետեւ ապրում էին ցեղական կենցաղով, բայց իբրեւ մշակութային միավոր եւ ազգաբնակչական զանգված՝ նրանք մի պատկառելի ուժ էին անշուշտ»:

 

3. ՈՒՐԱՐՏԱՑԻ [ԿԱՄ ԽԱԼԴ] ՏԱՐՐԸ՝ ԵԿՎՈՐ, ԲԱՅՑ ԱՐԱԳ ՀԱՅԱՑՈՂ

 

Աղբալյանը վճռական է ուրարտական ցեղերի, գոնե նրանց ղեկավար տարրերի եկվորության հարցում. «Խալդ ժողովուրդը եկամուտ է եւ ոչ բնիկ: Նա ապրել է հյուսիսային Միջագետքում եւ Ասորեստանի հարվածների տակ քաշվել է հյուսիս եւ մտել մեր աշխարհը հարավից: Նա հասել է մինչեւ Հարք (Խնուսի շրջան) եւ այստեղ զորանալով Արամեի գլխավորությամբ՝ սկսել է տիրապետել մեր երկրին՝ հաջորդական արքաների արշավներով: Այս իշխանական տոհմին ենթարկվել են նախաբնիկ ցեղական խմբերը: Առնվազն երեք դար խալդերը վարել են մեր աշխարհի ճակատագիրը: [Նրանց ղեկավարության տակ] անջատ ցեղերի դաշնակցությունը դարձել է մի տարածուն ու հզոր պետություն, որ առճակատել է Ասորեստանի դեմ»:

 

Այսպես, մինչ ոչ հայ «ուրարտու» եւ եկվոր «արմեններ»՝ իրար հակադրող ավանդական տեսությունը անճար է եւ առնվազն խոցելի Ուրարտական պետության անկումից անմիջապես հետո Հայկական ամուր թագաւորության առկայությունը բացատրելու համար, Աղբալյանը գոհացուցնող ձեւով բացատրում է այդ փուլը: Այսպես. «...Երբ [խալդերի] տիրապետող խավը թուլացավ եւ քայքայվեց, հայասաները տեր կանգնեցին այն երկրին, որի բնակիչն ու վարիչն էին նրա երեւալուց առաջ: Այսպես կարելի է մեկնել բավական զորավոր իշխանության գոյությունը մեր երկրում ուրարտացիների կործանումից անմիջապես հետո եւ Կյուրոսից առաջ»:

 

Ինչ վերաբերում է ուրարտական տարրի՝ հայ ժողովրդի մեջ անվերադարձ ձուլումին, Աղբալյանը նույնքան վճռական է. «... [Հայկի] վեպի միջուկը ոչ մի կասկած չի թողնում, որ նա ուրարտական ծագում ունի, ուրարտական ժողովրդի մուտքն է պատմում մեր երկիրը եւ նրա նվաճումների մասին է խոսում: Հայաստաները՝ ինչպես տեր դարձան ուրարտական երկրին ու պետությանը, այնպես եւ սեփականեցին նրա վեպը...... Վստահությամբ կարող ենք ասել, թե [ուրարտացիների] ազգային վեպը անցել է հայերին: Հայկի եւ նրա սերնդի վեպն է դա: Ուրարտացին հայացել է իր լեզվով եւ հայերեն պատմել իր վեպը. այսպիսով նա դարձել է հայկական»:

 

4. ԻՍԿ «ՀՆԴԵՎՐՈՊԱՑԻ ԱՐՄԵՆՆԵՐԸ»՝ ԱՆՀԻՄՆ ՎԱՐԿԱԾ

 

Տեսությունը հյուսող այս վարկածախմբի համար անհրաժեշտ, բայց եւ ամենահանդուգն տարրը վերաբերում է իբր Արեւմուտքից՝ Բալկաններից եկած արմեններին: Աղբալյանը Արմեն-Արմենիա եզրերը լրիվ անջատում է այդ ենթադրությունից՝ այն կապելով Արամ-Արամեի անվանը, այսինքն՝ մոտեցնելով երկար ժամանակ անարդարացիորեն անտեսված Խորենացու ավանդածին. «Անհրաժեշտ է այստեղ [արմէնների] խնդրի քննության մեջ մտնել:...Ինձ թվում է, որ այս խնդրի մեջ մեր Խորենացին է, որ իրավունք ունի. մեր երկիրը եւ ժողովուրդը Արամի՛ անունով ճանաչվել է իբրեւ Արմինա եւ Արմինիյա: Այս անունն է, որ հույներն առել են պարսիկներից... Արամեի ցեղի տիրապետության շրջանում է, որ Հայաստանը ճանաչվել է իբրեւ ուրույն աշխարհ եւ հզոր պետություն... Դարեհի արձանագրության բաբելական պատճենում մեր աշխարհը կոչվում է Ուրաստու, որ համարվում է Ուրարտու բառի հնչյունափոխումը: Միեւնույն աշխարհն է, որ պարսիկի համար Արմինա է, բաբելացու համար՝ Ուրարտու...»:

 

Եվ այս բոլորին զուգահեռ «անհիմն պետք է համարել այն վարկածը, որ իբր թե եղել է մի ժողովուրդ՝ Արմեն անունով, որ ուրարտական պետության փլուզումից հետո եկել է արեւմուտքից եւ մեր աշխարհի տերն է դարձել: Հայերը, որ նույնն է, թե հայասաները, մեր երկրի բնիկն ու տերն են եղել խալդերից շատ առաջ...» (ընդգծումը իմն է. Հ. Ք.):

 

Այս փորձվածը, ինչպես արդեն ճշտվեց սկզբում, չէր եւ չի կարող հայ ժողովրդի ծագման Աղբալյանական տեսության ըստ էության քննարկում լինել: Այս վերջինը նախ՝ օրաթերթային ծավալի նյութ չէ: Ու մանավանդ, այդպիսի գիտական քննարկումն առհասարակ դուրս է իմ նպատակների շրջանակից: Արդեն դրա կարիքն էլ չունենք: Հեղինակավոր պատմագետներ վերջին տասնամյակներին արտահայտել են եւ հայ ժողովրդի «բնիկության» տեսությունը, հնդեվրոպական նախահայրենիքի նոր տեղադրմանն առընթեր, քաղաքացիության իրավունք է ստացել պատմագիտության մեջ իբրեւ շատ լուրջ վարկած:

 

Շահեկանը մեզ համար, արժե կրկնել, Աղբալյանի մտքի ոճն է, ներուժ գործընթացը: Այսինքն՝ ներիմացումով սեփական տեսիլքի, հայ ժողովրդի ծագման տեսության հիմնավոր եւ ամբողջական-կապակցված վարկածի ստեղծումը, որ ինքնին «սիրողական» հայտարարելով հանդերձ, խիզախորեն հակադրվում է իր ժամանակի ծամված, համատարած ընդունված «մասնագիտական» տեսություններին:

 

Մենավոր մի տեսիլք, որ մշակված լինելով նախորդ դարի սկզբներին, տասնամյակներ հետո առաջ պիտի քաշվեր պատմագետների կողմից.- Հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրում՝ Անատոլի-հայկական բարձրավանդակ-հյուսիսարեւմտյան Իրան գոտում. հետեւաբար, բացահայտում հայ ժողովրդի բնիկության. հետեւաբար եւ հերքում արմենների գոյության՝ իբրեւ անջատ, արեւմուտքից գաղթած «հնդեվրոպացի» ցեղ-ժողովրդի: Ավելին, Աղբալյանի մոտ, տեսնում ենք, «ուրարտական» երեւույթն այնքան ներդաշնակ է համարկվում ընդհանուր տեսությանը, ավելի, քան հայրենի որոշ պատմաբանների միակտուր հաստատումով, ըստ որոնց՝ ուրարտացիք հայ էին ի սկզբանե, եւ վերջ:

 

Ինչ գիտական «նախասիրություններ» էլ ունենա պատմագետը, չի կարող անտեսել Աղբալյանի ներիմացական փայլատակումը՝ ուրարտացիների մասին կառուցած կուռ վարկածը. Հյուսիսային Միջագետքից Հայաստան թափանցած կենսացեղայնորեն հայամերձ տարր, որ աստիճանաբար ու խաղաղ ընթացքով իրեն է ենթարկել, իր պետական կառույցի մեջ ներառել հայկական Միջնաշխարհի բնիկ հայ ցեղերը, բայց եւ աստիճանական հայացումի ենթարկված: Ի վերջո, որքան էլ անսպասելի, Աղբալյանական մտածումի ընթացքը մի անգամ եւս երեւում է իբրեւ համադրում դասական ողջմտության եւ ներիմացական-մարգարեական պայծառատեսության. համադրում արթուն, քաջ ողջամտության եւ ստեղծագործ ավյունի: Հատկություններ, որոնք, թվում է, հաճախ չպիտի համատեղվեին... Բայց Աղբալյանի այս վավերական դասականի պարագայում, ողջմտությունը կապ չունի ընթացիկ ողջմտության հետ, նույնանում է աննախապաշար ու անկաշկանդ կեցվածքի, դիտելու-մտածելու արարքը «զրոյից սկսելու» կարողության ու վճռի հետ:

 

Հարություն Քյուրքճյան