կարևոր
4705 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 14:00
Քաղաքական

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար. պահեստազորի սպաներ

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար. պահեստազորի սպաներ

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամներ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը և «Պահեստազորի սպաների» շարժումը հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․

«Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցվեց շինծու քրեական գործ և մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:

Մ. Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, որով մերժվել էր նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված  է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։

Հայաստանի օրվա իշխանությունները հրապարակային խոստովանում են, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը շատ բարձր է, միաժամանակ հայտարարելով, որ իրենք չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, և նման պայմաններում նրանք շարունակում են ուղղակիորեն թիրախավորել զինվորականներին։

Թիրախավորված զինվորականներից մեկն էլ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, որին իշխանությունները չեն կարող ներել ադրբեջանցիներին բազմաթիվ դրվագներում պարտության մատնելը, անբասիր ծառայությունը և անմնացորդ հայրենիքին նվիրվելու ձգտումը:

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը օրվա իշխանությունների թիրախում հայտնվել է նաև իր հստակ ու անփոփոխ դիրքորոշման պատճառով՝ երբ մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տավուշի մարզում Գրիգորի Խաչատուրովի բարձր հեղինակությունը գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ  մարզի որոշ բնակավայրերի՝ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին վերադարձնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կյանքի կոչելու գործում։

Ադրբեջանի դեմ ազատագրական պայքարի ցանկացած մասնակից, որը Ադրբեջանի օրենքներով ահաբեկիչ է համարվում և ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, այսօր հետապնդվում է նաև ՀՀ օրվա իշխանությունների կողմից։ Ուստի Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, 44-օրյա պատերազմի  բոլոր մասնակիցների, ՀՀ ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար։

Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար»։