կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 05:05
Քաղաքական

Պահանջում է, որ Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրի

Պահանջում է, որ Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրի

Մարտի 1-ին «Հետք» շաբաթաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

 

Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատգամավորին` ներողություն խնդրել իրենից, 1 մլն դրամի չափով փոխհատուցում հատկացնել, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:

 

Հիշեցնենք` «Հետքի» լրագրողը փետրվարի 2-ին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր:

 

Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը, պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ, հետո ավելացրել էր` «լավ արեցի» ու կրկին շարունակել հայհոյել:

 

«Հետքը» դիմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` միջնորդելով քրեական պատասխանատվության ենթարկել հանրապետական պատգամավորին: Սակայն Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մկրտչյանը նյութերի նախապատրաստմամբ պարզել է, որ Ռուբեն Հայրապետյանի արարքը «քրեական օրենքով արգելված» չէ: Ուստի, քննիչը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել: