Փոխարժեքներ
31 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ը գրանցել է ոստիկանների մի շարք գործողություններ, որոնք որակվում են որպես հանցավոր դրսեւորումներ. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա` հանրահավաքի ընթացքում հասարակական կարգը պահպանելու փոխարեն, ոստիկանությունը զբաղվում էր քաղաքականությամբ. «Ոստիկանությունը միտումնավոր, որպեսզի չնկատվի հանրահավաքի բազմամարդությունը, չփակեց Կորյունի փողոցը եւ մասնակիցներին չէր թույլատրում կանգնել նշված վայրում, այլ ստիպողաբար մարդկանց «ճզմում էր» դեպի Մատենադարանի տարածքը»:
Բանախոսը հայտնեց նաեւ, որ բազմության մեջ շատ էին քաղաքացիական հագուստներով ոստիկաններ, որոնք հրահրում էին հրմշտոցները: «Մենք փաստեր ունենք, որ քաղաքացիական հագուստներով ոստիկանները ժամանակ առ ժամանակ համախմբվում էին բարձրաստիճան ոստիկանների շուրջը, օրինակ` Ռոբերտ Մելքոնյանի (Երեւանի փոխոստիկանապետ) եւ Վալերի Օսիպյանի, ու նրանցից ստանալով հրահանգներ` վերադառնում էին ցուցարարների շարքերը»,- ասաց Լ. Զուրաբյանը` ավելացնելով, որ բացի ոստիկաններից, կային նաեւ սադրիչ գործակալներ:
Նշելով, որ մարտի 17-ին հայտարարված հանրահավաքը լինելու է առավել բազմամարդ` ՀԱԿ համակարգողը կոչ արեց ոստիկանությանը` միջոցներ ձեռնարկել կարգուկանոն հաստատելու ուղղությամբ, այնուհետեւ ՀՀ ոստիկանությանը ներկայացրեց Կոնգրեսի պահանջները.
1. Կոնգրեսը ոստիկանությունից պահանջում է չփակել մարդկանց տարածությունն եւ թույլ տալ, որ մարդիկ կանգնեն հարմար տեղում եւ չվտանգեն իրենց ու շուրջը գտնվողների անվտանգությունը:
2. Կա'մ բացել Ազատության հրապարակը, որն ավելի հարմար է զանգվածային միջոցառումների համար, կա'մ էլ հանրահավաքի ժամանակ փակել Մատենադարանին հարող Կորյունի փողոցը ու մարդկանց թույլ տալ կանգնել այնտեղ:
3. Պահանջում ենք մասնակիցների շարքերը չմտցնել քաղաքացիական հագուստով ոստիկանների: Մենք պատրաստ ենք կատարել համազգեստավոր ոստիկանների օրինական պահանջները, իսկ քաղաքացիական հագուստով, առանց համազգեստի եւ փաստաթղթի ոստիկաններին համարելու են պարզապես հանցագործներ:
4. ՀՀ ոստիկանությունը հանրահավաք «չգործուղի» սադրիչ գործակալների: