կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 07:17
Քաղաքական

ՀԱԿ-ը "մուբարաքացում" է պահանջում

ՀԱԿ-ը "մուբարաքացում" է պահանջում

Դեռեւս երեք տարի առաջ ներկայիս իշխանությունները խոստացել էին, որ ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա, այնինչ այսօր Հայաստանի մեկ բնակչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը նվազել է 7 տոկոսով: Այս մասին այսօր կազմակերպված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

Նրա կարծիքով` տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում է «թունիսանալու, ղրղզանալու եւ եգիպտանալու» մեջ:

 

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե բոլոր նախադրյալները ցույց են տալիս, որ գործող ռեժիմը մոտենում է իր վախճանին: Նրա խոսքերով` երկրի բյուջեն պայթում է,  չեն կարողանում վճարել ուսուցիչների ու ոստիկանների աշխատավարձերը, գնաճը ահռելի չափերի է հասնում, արժեզրկվում է դրամը, ձախողվում են բոլոր բանակցությունները:

 

Իսկ մյուս պետությունները հրաժարվում են դրամական միջոցներ տրամադրել մեր երկրին, քանի որ արաբական երկրների հեղափոխությունների ժամանակ պարզ է դարձել, որ այդ ֆինանսական միջոցներով հարստանում են իշխանությունները եւ գիշերներն անցկացնում խաղատներում:

 

Եվ հենց դրա արդյունք է «Լինսի» հիմնադրամի լուծարումը, ինչպեսեւ ֆինանսական այլ հոսքերի դադարեցումը: Լ. Զուրաբյանի խոսքերով` իրենց նպատակը «կործանարար ռեժիմից» ազատվելն է, որը պետք է արվի «թավշյա» հեղափոխության միջոցով` առանց զոհերի. ՀԱԿ-ը համոզված է, որ դա հնարավոր է:

 

Արամ Սարգսյանը մինչ ելույթին անցելը, ասաց, թե «լրջով» կարոտել էր հավաքված ժողովրդին: Ինչպես նա, այնպես էլ Ստեփան Դեմիրճյանը անդրադարձավ վերջին ներքաղաքական իրադարձություններին` ԲՀԿ-ի համագումարին,  կոալիցիոն հուշագրի ստորագրմանը:

 

Նրա դիտարկմամբ` այդ հուշագրով փորձում են վերարտադրել իշխանությունը, այնինչ պետք է ծանր իրավիճակից դուրս գալու համար Սահմանադրությամբ ամրագրված ազատ ընտրության իրավունքը վերականգնել եւ օրինական իշխանություն ձեւավորել:

 

 

Վերջում ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա խոսեց փողոցային առևտրի արգելման պատճառով գործազուրկ դարձածների, մաքսային վճարների բարձրացման, վրացական պետհամարանիշներով մեքենաների եւ սոցիալական այն խնդիրների մասին, որոնք պատճառ են դառնում մարդկանց արտագաղթի, ինչպեսեւ կարող են սոցիալական բունտերի պատճառ դառնալ:

 

Սակայն, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իշխանությունները լուրջ քայլեր ձեռնարկելու փոխարեն հորդորում են իրենց, որ այդ բունտերը չլինեն. «Սակայն ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածը, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրը, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է»,- ելույթն ավարտեց Լ. Տեր-Պետրոսյանը։