կարևոր
2809 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-01 13:53
Քաղաքական

ՀԱԿ-ում հոգևոր կապերի խառնաշփոթ է

ՀԱԿ-ում հոգևոր կապերի խառնաշփոթ է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը շատ ուշադիր է լսել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին»: Պարոն Մուսինյան, էդ լավ է, որ ականջալուր եք ՀՅԴ-ի հայտարարություններին, բայց շատ վատ է, որ չեք կարողանում կամ չեք ուզում ճիշտ հետևություններ անել դրանցից: Զորօրինակ՝ ինչո՞ւ եք ընկնում մանիպուլյացիաների գիրկը, երբ ձեզ հիշեցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի «ազգակործան» պարտվողական քաղաքականությունը: Իշխան Սաղաթելյանն ընդամենը արձանագրել է փաստը, որ դուք, ձեր այդ քաղաքականության կրախն իրականացված տեսնելով, ամեն գնով փորձում եք տարանջատվել Նիկոլից: Ու նաև՝ ամեն անգամ, երբ գալիս է Նիկոլից տարանջատվելու պահը, երբ նախագահներն ու կաթողիկոսը հավաքվում են հարցին լուծում տալու, Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է «մունդռել», որ նման բան տեղի չունենա:

Եվ ահա, չիմանալով ինչ անել «ազգակործան պատուհաս» Նիկոլի հետ, Արման Մուսինյանը, բնականաբար խորհրդակցելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որոշում է Նիկոլին գցել ՀՅԴ-ի և մասնավորապես Իշխան Սաղաթելյանի գրպանը: Հաջողվե՞լ է դա նրան, թե՞ ոչ, ինքներդ դատեք: «Այդ դուք եք ողջ խմբակցությամբ (բացառությամբ Աղվան Վարդանյանը) քվեարկել Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին, պարզ ասած՝ նրան բերել իշխանության: Իսկ ահա, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար»,- աղաղակել է Մուսինյանը և հավելել. «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել: Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը»: ՀԱԿ-ում, ինչպես տեսնում եք, ամեն ինչ դեռ փողոցային մակարդակում է: բայցևայնպես Մուսինյանին հիշեցնեմ, որ առանց Նիկոլի էլ, այսինքն մինչև Նիկոլի գալը, ՀՅԴ-ն և կոալիցիայի անդամ էր, և պաշտոններ ուներ կառավարությունում: Հետևաբար ոչ Նիկոլ խաղացնելու ոչ էլ մանավանդ նրան իշխանության բերելու առանձնահատուկ պատճառներ ՀՅԴ-ն չուներ: Իսկ այն, որ նման հարց էր մտել խորհրդարան, միանգամայն այլ թեմա է, որի մասին շատ է խոսվել և դեռ կխոսվի: Պատմությունից, սակայն, հայտնի է, որ 2018թ. մայիսյան այդ օրերին ՀԱԿ-ը խորհրդարանում չէր և, բնականաբար, չէր կարող ոչ քվեարկել Նիկոլի օգտին, ոչ էլ նրան բերել իշխանության: Եվ ուրեմն հարց Մուսինյանին՝ ինչպե՞ս կվարվեր ՀԱԿ-ը, դե՞մ կքվեարկեր իր Նիկոլին: Չեմ կարծում: Ոչ միայն դեմ չէր քվեարկի, այլև կաշխատեր ավելի շատ պաշտոններ կորզել «ազգակործան պատուհասից: Նույնիսկ այս իրավիճակում Փաշինյանի կառավարության մեջ, ԱԺ ՔՊ խմբակցությունում և դիվանագիտական կորպուսում ավելի շատ ՀԱԿ-ՀՀՇ-ական կա քան բուն ՔՊ-ական: Ինչի՞ մասին է խոսքը: Անունները շարե՞նք…

Ես չգիտեմ, թե ինչ կամ ինչի մասնագետ է Մուսինյանը, բայց կարող եմ ասել, որ նա նորանկախ Հայաստանի պատմությունը շատ վատ գիտի: Այդ կապակցությամբ կուզենայի մի քանի փաստ բերել Մուսինյանի համար, որպեսզի նա վերջնականապես հասկանա, որ Նիկոլն իրենցն է և բարոյական չէ՝ իրենց իսկ կողմից խոտանված քաղաքական ապրանքը սրա-նրա գրպանը գցել: Բոլորը գիտեն, թե Իջևանից Երևան հասնելուց հետո որտեղ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը և ումով մարդ դարձել: Դա, ուրեմն, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական «ձիանոցն» էր, ՀՀՇ-ն, որն ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից խոտանվեց և 2007 թվականին վերանվանվեց «գեղի կլուբ»: Հետո եկավ 2008 թվականի մարտի 1-ը: «Կլուբն» այդ ժամանակ կոչվում էր ՀԱԿ, իսկ Նիկոլն էլ այնքան էր աճել, որ դարձել էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ոչ այն է աջ, ոչ այն է ձախ ձեռքը: 2012-ին ՀԱԿ-ը հայտնվեց խորհրդարանում: Գուշակեք՝ ո՞վ էր ՀԱԿ խմբակցության «սոխակն» այդ ժամանակ: Այո, Նիկոլն էր՝ ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի Նիկոլը: Այսքան բանից հետո այսպես դաժանաբար հրաժարվել Նիկոլի «հոգեհոր» պատվից, կարծում եմ, ճիշտ որոշում չէ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Արման Մուսինյանի կողմից:

Իսկ հիմա գանք, ինչպես ասում են, մեր հավերժական խնդրին՝ Արցախին: Մուսինյանը նշում է, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելով՝ Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար: Այո, ստանձնել է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը, խոստանում էր չշեղվել բանակցային գործընթացից և երբեք չգնալ չհիմնավորված զիջումների: Իսկ թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանով շեղվեց իր ճանապարհից, ինչո՞ւ որոշեց որդեգրել «ամենալավ պաշտպանությունը անպաշտպան լինելն է» կեղծ թեզը, պետք է հարցնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ո՞վ Նիկոլի ընտրությունից շատ չանցած՝ նրան կանչեց իր մոտ ու ասաց՝ դե, Նիկոլ ջան, հողերը պիտի տաս… Իսկ ի՞նչ եք կարծում, Նիկոլը կարո՞ղ էր ընդդիմանալ իր «հոգեհոր» այդ պատվիրանին:

Այն էլ ասեմ, որ հետպատերազմյան շրջանում Փաշինյան Նիկոլից տարանջատվելու փորձեր ՀԱԿ-ը մեկ անգամ չէ, որ արել է: Լևոն Տեր-Պետրոսյանը նրան անվանեց ազգակործան պատուհաս, Լևոն Տեր Պետրոսյանը նոյեմբերի 9-ից հետո բացականչեց՝ սրանք չեն հասկացել, թե ինչ աղետ են բերել հայ ազգի գլխին և այլն: Մուսինյանն այս ամենն ինձնից լավ գիտի, որովհետև շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Նիկոլին ՀԱԿ-ի փեշերից հեռու պահելու սուրբ գործին: 2021թ. մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում էր արել. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը ո՞րն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»: Դե պատկերացրեք, թե սրանից հետո ինչ պետք է կատարվեր ՀԱԿ-ում: Եվ Մուսինյանը շատ արագ արձագանքեց. «Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ.

Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին»: Զավեշտ է, չէ՞: Իսկ ամենամեծ զավեշտն էլ այն է, որ այս դարակազմիկ փոխհրետակոծությունից հետո էլ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին կոչ է անում համախմբվել Ղարաբաղը «փառավորապես», ոտքով-գլխով Ադրբեջանին հանձնողի՝ Նիկոլի շուրջ:

Էդիկ Անդրեասյան